Գյուղաբնակ կանայք. անարդարությունն աշխարհում եւ Հայաստանում
Այսօր Գյուղաբնակ կանանց միջազգային օրն է: ՄԱԿ–ի պաշտոնական օրացույցում այն ամրագրվել է 2008-ից՝ հաշվի առնելով գյուղի կանանց դերը աղքատության և սովի դեմ պայքարում:
Ըստ միջազգային գնահատականների՝ ողջ աշխարհում կանայք կազմում են գյուղատնտեսության աշխատուժի 43 %-ը: Զարգացող երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 32 %-ը, մոտ 80 % տնտեսապես ակտիվ կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ, սննդի արտադրությամբ: Դրա հետ մեկտեղ կանայք կազմում են աշխարհում սովից տառապող մարդկանց 70 %-ը:
Կանայք հաճախ աշխատում են այնպիսի պայմաններում, որոնք անդառնալի վնաս են հասցնում նրանց առողջությանը, կատարում են ծանր ֆիզիկական աշխատանք, որն ըստ արժանավույն չի գնահատվում: Մինչդեռ, ՄԱԿ-ի գնահատականներով, եթե գյուղաբնակ կանանց համար ապահովված լիներ ռեսուրսների հավասար հասանելիությունը, ապա բերքատվությունն այնքան կաճեր, որ հնարավորություն կտար կերակրելու առնվազն 150 մլն քաղցած մարդկանց:
Գյուղի կանանց նկատմամբ գենդերային անարդարության դրսևորումները անշուշտ կախված են կոնկրետ իրավիճակներից, երկրներից, տարածաշրջաններից, սակայն նկատվում են կայուն օրինաչափություններ: Գյուղաբնակ կանայք կարևոր դեր են խաղում գյուղատնտեսական արտադրությունում, բայց միևնույն ժամանակ այնպիսի արտադրական ռեսուրսները, ինչպիսիք են հողը, աշխատուժը, վարկերը, կապիտալը, ինչպես նաև այդ ռեսուրսների վերահսկումը քիչ հասանելի են նրանց համար:
Նշված օրինաչափությունները նկատվում են և Հայաստանում: Գյուղատնտեսության ոլորտում կանանց իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ առկա բոլոր հիմնախնդիրները, հատկապես ծանր են անդրադառնում գյուղատնտեսության հիմնական աշխատուժը հանդիսացող կանանց վրա:
Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում է 19,2 %( 2013) : Գյուղատնտեսական ոլորտում զբաղված են հանրապետության աշխատանքային ռեսուրսների շուրջ 45%-ը, այսինքն շուրջ 500 հազ. մարդ, որոնցից 60 %-ը կանայք են, ինչը դարձնում է կանանց գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից: Ընդ որում տղմարդկանց զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 31%-ը, իսկ կանանց զբաղվածության կառուցվածքում 45%: Բացի այդ կանանց ոչ ֆորմալ զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը 86 տոկոս է: Ըստ էության, գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը ստեղծվում է կանանց կողմից, և նրանք համարվում են սննդամթերքի մատակարարման և գյուղական վայրերում տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորները:
Դրա հետ մեկտեղ այն փաստը, որ գյուղատնտեսությունում աշխատող կանայք հիմնականում տնտեսության ոչ ֆորմալ հատվածի աշխատողներ են հանդիսանում, դարձնում է նրանց առավել խոցելի: Ոչ ֆորմալ տնտեսությունում աշխատող կանայք, որպես կանոն, ունեն սահմանափակ հնարավորություններ իրենց ձայնը հասանելի դարձնել քաղաքականություն մշակողներին, գործատուներին, միջազգային կառույցներին եվ այլոց, ովքեր կարող են ազդել նրանց կյանքի վրա: Այս աշխատողները բազմաթիվ հավելյալ դժվարությունների են հանդիպում, ինչպիսիք են ցածր եվ ոչ վստահելի եկամուտները, բարձր ծախսերը, վատ աշխատանքային պայմանները, երկար աշխատանքային օրը, իրավական ցածր պաշտպանվածությունը եւ այլն:
Կին գլխավորով տնտեսությունները տնային տնտեսությունների մոտ մեկ երրորդն են կազմում, ինչը զգալի չափով բացատրվում է տղամարդկանց արտագաղթով՝ արտագնա աշխատանքի մեկնած ամուսինները միշտ չէ որ պահապանում են կապը Հայաստանում մնացած ընտանիքների հետ: Գյուղական վայրերում տնային տնտեսությունների 26 տոկոսն են գլխավորում կանայք, ընդ որում այդ տնտեսությունները ոչ միայն իրենց եկամուտներով (19 980 դրամ/ ամսական) զգալի զիջում են տղամարդկանց կողմից ղեկավարվող տնտեսությունների եկամուտներին (33 685դրամ /ամսական), այլ ընդհանրապես ավելի ցածր են նրանցից իրենց կենսամակարդակով:
Եկամուտները գյուղատնտեսության ոլորտում ամենացածրն են տնտեսական գործունեության այլ տեսակների հետ համեմատ: Գենդերային սեգրեգացիայի առումով, տնտեսական շուկայում այն ոլորտները, որտեղ կանանց զբաղվածությունը բարձր է, իսկ գյուղատնտեսությունը այդպիսի ոլորտ է, աչքի են ընկնում ցածր եկամուտներով: Դրա հետ մեկտեղ գյուղատնտեսությունում զգալի է կանանց ծանր ֆիզիկական աշխատանքի տեսակարար կշիռը:
ՀՀ ԱՎԾ տվյալներով միջին մսական զուտ եկամուտը տնտեսության մեջ կազմում է 91 664 դրամ, իսկ գյուղատնտեսությունում ընդամենը 74 043 դրամ, ընդ որում, կանանց ու տղամարդկանց եկամուտների անհավասարությունը այս ոլորտում ավելի խորն է արտահայտված քան միջին ցուցանիշը տնտեսության մեջ: Այսպես, գյուղատնտեսությունում կանանց եկամուտները կազմում են տղամարդկանց եկամուտների 56 տոկոսը այն դեպքում, երբ ողջ տնտեսության կտրվածքով այդ ցուցանիշը 61 տոկոս է:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կանանց վերաբերող վիճագրական տվյալների եւ մինչ այժմ կատարված հետազոտությունների արդյունքների հիման վրա կատարված վերլուծությունները ի հայտ են բերում այս ոլորտում առկա գենդերային անհավասարությունը, որն արտահայտվում է կանանց աշխատանքի և կենցաղի անբարենպաստ պայմաններով, նրանց կրկնակի ծանրաբեռնվածությամբ, հողի սեփականության նկատմամբ փաստացի սահմանափակմամբ, վարկերի և ռեսուրսների սահմանափակ մատչելիությամբ, աշխատանքային իրավունքների մասին ցածր իրազեկությամբ և ցածր վարձատրությամբ, առողջապահական ծառայությունների ոչ բավարար մատչելիությամբ, սոցիալական պաշտպանվածության ցածր մակարդակով, կանանց ոչ բավարար մասնակցությամբ իրենց իսկ վերաբերող համայնքային որոշումների գործընթացում:
2013-ի տվյալներով Հայաստանի տասը մարզերի ավագանիների կազմում կանայք 8,2 տոկոս են կազմում: Հանրապետության համայնքների մոտ 42% -ում ավագանիների կազմում կանայք ընդհանրապես ընդգրկված չեն: Հանրապետության 866 գյուղական համայնքներից միայն 21-ն են ղեկավարում կանայք (2.6%), այն դեպքում, որ ՀԶՆ-շրջանակներում Հայստանը պարտավորություն է ստանձնել՝ մինչեւ 2015-ը հասցնել այդ թիվը 10տոկոսի:
Այս հիմնախնդիրներից շատերի հիմքում ընկած են սոցիալ-մշկույթային բնույթի խտրական նորմերը եւ պրակտիկաները, որոնք առավել ուժեղ են արտահայտված հատկապես գյուղական միջավայրում եւ որոնք հավելյալ խոչընդոտներ են ստեղծում գյուղի կանանց համար:
Ակնհայտ է, որ նշված բոլոր հիմնախնդիրներ , դարձնում են գյուղի կանանց առավել խոցելի խումբ, ապացուցում այն փաստը, որ նրանց իրավունքները լրացուցիչ պաշտպանության կարիք ունեն և նրանց հնարավորությունների ընդլայնման ու ներուժի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հատուկ միջոցներ:
Ըստ «Գենդերային ուղղորդման բարելավումը գյուղատնտեսական ռազմավարության մեջ»
փաստաթուղթի,
Օքսֆամի հայաստանյան գրասենյակ 2014
Դիտումների քանակը` 4261