«Չանտեսելով ոչ ոքի՝ վերջ տանք կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը»
Այսօր Մատենադարանում կայացած միջոցառումով, ազդարարվեց Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյա համաշխարհային քարոզարշավի մեկնարկը Հայաստանում: Այս տարվա քարոզարշավի թեման է՝ «Չանտեսելով ոչ ոքի՝ վերջ տանք կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը»։ Քարոզարշավը սկիզբ է առնում նոյեմբերի 25-ին (Կանանց նկատմամբ բռնության վերացման օր) եւ ավարտվում դեկտեմբերի 10-ին (Մարդու իրավունքների օր)։
Բացման արարողության ժամանակ հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, Եվրոպական միության պատվիրակության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարները, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ դեսպանները, ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Կանանց ու աղջիկների նկատմամբ գործադրվող բռնության երևույթը, ցավոք, շարունակում է պահպանվել ողջ աշխարհում, և Հայաստանը նույնպես զերծ չէ դրանից»,- միջոցառման մեկնարկին ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:
Նրա խոսքով՝ կանանց և աղջիկների դեմ ուղղված բռնությունը գենդերային անհավասարության ծայրահեղ դրսևորում, որի հետևանքով կանայք և աղջիկները զրկվում են իրենց իրավունքներից, ինչպես նաև կյանքի սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներին մասնակցելու հավասար հնարավորություններից: «Նման իրավիճակը կորստաբեր է ոչ միայն անձնական, այլև ազգային մակարդակով և լուրջ հետևանքներ է ենթադրում ցանկացած հասարակության կայուն զարգացման համար: Այն ոչ միայն անդրադառնում է ցանկացած երկրի սոցիալական և տնտեսական կյանքի վրա, այլև վնասում է երկրի անվտանգությունը՝ առաջին հերթին ժողովրդագրական տեսանկյունից»,- ասաց նա, նշելով, որ բռնության դեմ պայքարը գլոբալ խնդիր է և Հայաստանը որևէ տեսանկյունից չի առանձնացվում և միայնակ չէ իր պայքարում: «ՀՀ կառավարության արժանի է գնահատանքի ՝ կանանց ու տղամարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու, գենդերային բռնությունն ու ընտանեկան բռնությունը վերացնելու իր պարտավորության իրականացնելու, ինչպես նաև սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ պայքար մղելու ուղղությամբ իր հետևողական աշխատանքի համար,: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության պատրաստակամությունը և ընտանեկան բռնության վերացմանն ուղղությամբ ձեռնարկվող վճռական քայլերը: Սա անկասկած հրատապ խնդիր է»,- ընդգծեց ՄԱԿ-ի մշտական համակարգողը:
Բրեդլի Բուզետտոն հիշեցրեց, որ ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերջին զեկույցի, որում յուրաքանչյուր հարցված 100 տղամարդկանցից 17-ը խոստովանել է, որ ֆիզիկական բռնություն է գործադրել, և համաշխարհային վերլուծությունը վկայում է այն մասին, որ ընտանեկան բռնության մասին օրենքներ ունեցող երկրներում ապրող կանանց ու աղջիկներին բռնության ենթարկվելու ավելի ցածր հավանականություն է սպառնում, քան նման օրենսդրություն չունեցող երկրներում:Ուստի, նշեց բանախոսը, իրենք խրախուսում են Հայաստանի կողմից «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը՝ որն իր հետ կբերի նոր սոցիալական պայմանագիր՝ ստեղծելով ցանկացած բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մթնոլորտ:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ ասաց, որ մարդու իրավունքները համեմատելի չեն, դրանք կիրառվում են հավասարապես, ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոնվենցիայի 8-րդ հոդվածում այս իրավունքները համադրվում են ֆիզիկական և հոգեբանական անխոցելիության իրավունքի հետ: Չկան այնպիսի նկատառումներ, որոնք կարող են թուլացնել կան խարխլել կանանց արժանապատվության հենքերը:
« Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան հստակ ամրագրում է ընտանեկան կյանքի, անձնական կյանքի իրավունքը և մենք՝ որպես Եվրամիություն, ցանկանում ենք, որ հայկական ընտանիքները լինեն ուժեղ, հաջողակ, երջանիկ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։ Նա նաև նշեց, որ Եվրամիությունը որևէ արժեք չի պարտադրում գործընկերներին, երբեք չի փորձել դա անել և չունի նման մեխանիզմ: «Բայց Հայաստանը շատ ավելի երջանիկ վիճակում է գտնվում, քանի որ մենք հայտարարել ենք, որ կիսում ենք այդ արժեքները, հետևաբար, պարտադրելու որևէ բան էլ չունենք: Նույն ուղղությամբ ենք գնում, այս պահին մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հիման վրա, որպեսզի այդ արժեքներն էլ ավելի ամրապնդենք և դարձնենք գործանական կիրառելի ՀՀ քաղաքացիների՝ մասնավորապես կանանց համար»,- ընդգծեց դեսպանը:
Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն էլ մանրամասն ներկայացնելով իր երկրի փորձը՝ նշելով, որ Գերմանիայում էլ լուրջ խնդիր կա կանանց դեմ բռնության գործընթացում, իսկ այս ուղղությամբ բանավեճերը սկսվել են 1970-ականներից միայն:
«Երկար ժամանակ քննարկվել են ընտանեկան բռնության խնդիրները, այդ թվում՝ ամուսնական հարաբերություններում բռնաբարության կամ աշխատանքի վայրում սեռական ոտնձգությունների հարցերը: Գերմանիան հետաքրքիր փորձ ունի կանանց դեմ ուղղված բռնությունների վերացման հետ կապված։ Մենք թեժ գիծ ունենք, որն աշխատում է օրը 24 ժամ, և բոլոր այն կանայք, ովքեր ունեն օգնության կարիք, կարող են զանգահարել, և իրենց խնդրին անպայման լուծում կտրվի»,- ընդգծեց Գերմանիայի դեսպանը:
Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան էլ նկատեց, որ ընտանեկան բռնությունն՝ ուղղված կլինի կանանց, թե երեխաների դեմ, ապա դա անձնական կամ ընտանեկան խնդիր չէ , ոչ էլ այն որևէ կերպ կարելի է հիմնավորել մշակույթով կամ ավանդույթով:
«Որևէ մշակույթ աշխարհում չի կարող արդարացնել ծեծը, բռնությունը, անմարդկային վերաբերմունքը կանանց կամ երեխաների նկատմամբ: ու երբ նշում են, որ կանանց և երեխաներին պաշտպանող օրենքները դեմ են իրենց ավանդույթներին, մշակույթին, հարց է առաջանում՝ արդյոք բարոյական է այն ավանդույթն, ըստ որի ամուսինը կարող է ծեծել կնոջը: Ցավոք, կան կարծրատիպեր, որոնք բերում են ընտանեկան բռնության»,-ասաց նա:
Նշենք, որ միջոցառման ավարտին Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների ներկայացուցիչները տարածեցին համատեղ հայտարարություն, որի տեքստին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտումների քանակը` 2809