«ՄԻԱՎՈՐՎԵ՛ՆՔ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը վերացնելու համար». 16-օրյակի մեկնարկը
Ամեն տարի ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում կանանց նկատմամբ բռնությանը միակամ «Ո՛չ» ասելու համար` մասնակցելով 1991 թվականից անցկացվող Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավին:
Այն մեկնարկում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 10-ին’ Մարդու իրավունքների միջազգային օրը:
Այս տարի ՄԱԿ-ը նշում է 16 օրյակը «ՄԻԱՎՈՐՎԵ՛ՆՔ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը վերացնելու համար» կարգախոսի ներքո։
Ինչպես նախորդ տարիներին, նարնջագույնը կլինի 16-օրյակի բոլոր գործողությունները միավորող առանցքային գույնը՝ հանրային ուշադրությունը սևեռելով կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության հիմնախնդրի վրա:
Աշխարհում.
ՄԱԿ-ի տվյալներով.
- Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ աշխարհում մարդու իրավունքների ամենատարածված խախտումը, որից տուժում է յուրաքանչյուր 3 կանանցից 1-ը և այդ ցուցանիշը գրեթե չի փոխվել վերջին տասնամյակի ընթացքում:
- Բռնության ենթարկված կանանց միայն 40 տոկոսն է դիմում ցանկացած տեսակի օգնություն ստանալու համար։
- Միջին հաշվով ամեն ժամ աշխարհում ավելի քան 5 կին կամ աղջիկ է սպանվում իր ընտանիքի որևէ մեկի կողմից: Սա նշանակում է՝ աշխարհում միջին հաշվով 11 րոպեն մեկ մեկ կին կամ աղջիկ է սպանվում իր հարազատների կամ զուգընկերոջ կողմից։
Հայաստանում .
ՀՀ ոստիկանության տվյալներով.
- 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 295 դեպք։ Նախորդ տարիներին գրանցվել են ավելի մեծ թվով դեպքեր. 2021-ին՝ 484 դեպք, 2020-ին՝ 536 դեպք:
- Այս տարի գրանցած 295 դեպքերի առթիվ նախաձեռնվել է 100 քրեական վարույթ, 30-ն ուղարկվել է դատարան, 70-ը՝ տարբեր հիմքերով կարճվել։
- Ընտանեկան բռնության դեպ քեր առավել շատ գրանցվում են մայրաքաղաք Երևանում, ապա Շիրակում, Արմավիրում, Կոտայքում, Արարատում։
- Առավել հաճախ ընտանեկան բռնության են ենթարկվում կանայք ամուսիների ու նախկին ամուսինների կողմից: Քիչ չեն դեպքերը, երբ ծնողները զավակների բռնության զոհ են դառնում և հակառակը՝ ծնողների բռնությունից տուժում են երեխաները։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տվյալներով.
- Այս տարվա ընթացքում Հայաստանում 10 կին է սպանվել ընտանեկան բռնության հետևանքով.
- Կոալիցիայի թեժ գծին այս տարվա հունվար-օգոստոսին 4808 հեռախոսազանգ է եղել, մինչդեռ նախորդ տարիներին ողջ տարվա ընթացքում էր 4000-5000 հեռախոսազանգ լինում:
- Եթե նախորդ տարիներին Կանանց աջակցման կենտրոնը աջակցություն էր տրամադրում միջինում 300 շահառուի, այս տարի միայն առաջին կիսամյակում արդեն օգնություն է ստացել 550 կին և երեխա:
- Ապաստարաններում նախորդ տարիներին բնակվում էր միջինը 60-63 կին և երեխա, այս տարի առաջին կիսամյակում ապաստարանում 91 կին և երեխա է եղել:
Պատկերները ՝
«Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի
ֆեյսբուքյան քարոզարշավից
Հ.Գ. WomenNet.am-ը միանում է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի կողմից Ընդդեմ գենդերային բռնության #ակտիվության16օրյակի շրջանակում նախաձեռնած քարոզարշավին, որի ընթացքում «Խթանելով կանանց առաջնորդությունը՝ կանխարգելենք կանանց նկատմամբ բռնությունը» կարգախոսի ներքո ներկայացվելու են Հայաստանի ՏԻՄ համակարգում ներգրավված և մարզերի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ կանանց կարծիքներն ու դիրքորոշումները կանանց իրավունքների, կանանց նկատմամբ խտրականության և բռնության, կանանց #առաջնորդության և այլ հարցերի շուրջ:
Քարոզարշավի մասին ավելին՝ https://cutt.ly/d1uTObz
Ծրագրի մասին՝ https://cutt.ly/P1umqR1
Դիտումների քանակը` 696