«Ներկիր աշխարհը նարնջագույն». մեկնարկում է Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը

 

 

 

Նոյեմբերի 25-ին՝  Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օրը մեկնարկում է   «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը,  որը տևում է  մինչև դեկտեմբերի10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը:  

 

Ինչպես նախորդ տարիներին, նարնջագույնը կլինի միասնականությունը խորհրդանշող առանցքային գույնը՝ հանրային ուշադրությունը սևեռելով  կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության հիմնախնդրի վրա: Այս տարի 16-օրյակն անցնելու  է սեռական բռնության և ոտնձգությունների դեմ պայքարի և ՄԱԿ-Կանայք կառույցի կողմից Պեկինի գործողությունների ծրագրի 25-ամյակի շրջանակում  հռչակված «Հավասարության սերունդ. կանանց իրավունքների իրականացումը հանուն  հավասար ապագայի» կարգախոսի ներքո: Բռնության դեմ պայքարի մասին նյութերը տարածվելու են #GenerationEquality , #orangetheworld, #spreadtheword հեշթեգերով։

 

 

Կանանց նկատմամբ բռնությունը՝ ամոթի դրոշմ հասարակությունների համար

 

Կանանց նկատմամբ բռնությունը  լուրջ խոչընդոտ է աշխարհի զարգացման, Կայուն զարգացման նպատակների իրականացման Ճանապարհին, որոնց շրջանակում գենդերային հավասարությունը՝ այդ թվում կանանց ու աղջիկների զորացումը,  առաջնահերթությունների թվում է:  Համաշխարհային մակարդակով հավանության արժանացած համընդհանուր օրակարգը, մասնավորապես առաջարկում է վերացնել կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձևերը, որպեսզի պետությունները կարողանան ապահովել 2030 գլոբալ նպատակաները:

 

ՄԱԿ-ի փորձագետներն ընդգծում են, որ ժամանակակից աշխարհում աղջիկների ու կանանց նկատմամբ բռնությունն  ամենատարածված, ամենաարմատացած, աղետալի հետևանքների բերող մարդու իրավունքների խախտումն է։ Բռնություններն իրենց մեջ ներառում են ֆիզիկական, հոգեբանական, սեռական, ինչպես նաև մարդկանց առևտուրն ու վաղ ամուսնությունները։

 

Կանանց նկատմամբ բռնություններն արմատախիլ անելու վերաբերյալ հռչակագիրն ընդունվել է 26 տարի առաջ՝ 1993 թվականին։ Այստեղ բռնությունը սահմանված է որպես սեռային հիմքով բռնի գործողություն, որը կարող է կանանց մոտ առաջացնել ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական վնաս կամ էլ տառապանք, ինչպես նաև այնպիսի գործողությունների կատարման սպառնալիքը, ինչպիսին օրինակ ազատությունից զրկումն է՝ անձնական կամ հասարակական կյանքում։

 

Հոգեբանական, սեռական, ֆիզիկական ոչ բարենպաստ պայմաններն ու առողջության համար վերարտադրողական հետևանքներն ուղեկցում են կանանց իրենց կյանքի բոլոր փուլերում։ Օրինակ եթե,  վաղ հասակում սահմանափակվում է կանանց կրթություն ստանալու իրավունքը, ապա դրանով ոչ միայն խախտվում է նրա՝ կրթություն ստանալու իրավունքը, այլև դա հետագայում ազդում է նրա՝ բարձրագույն կրթություն ստանալու հասանելիության, ինչպես նաև աշխատաշուկա մուտք գործելու վրա։

 

Բռնությունը՝ մարդու հիմնարար իրավունքների հարց է,  բարոյական ոտնձգությունէ կանանց և աղջիկների նկատմամբ և ամոթի դրոշմ՝ բոլոր հասարակությունների վրա, որը  լուրջ խոչընդոտ է  ներառական, հավասար և կայուն զարգացման համար։ Իր հիմքում, կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը հարգանքի խորը բացակայության դրսևորում է․ տղամարդկանց չգիտակցումը  կանանց արժանապատվության և հավասարության մասին։

 

Այս տարի իրականացվելիք միջոցառումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու զինված հակամարտությունների ընթացքում կանանց նկատմամբ սեռական բռնության խնդրին ու դրա դեմ պայքարին։ Ծրագիրը պետք է իրականացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի UNiTE» համաշխարհային քարոզարշավի շրջանակում  առաջիկա երկու տարվա ընթացքում։

 

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում զարգացնել բռնությունից տուժած անձանց կարողությունները և խրախուսել նրանց՝ դառնալու փոփոխության կրողն  իրենց տանը, հասարակության մեջ և երկրում։ Քանի դեռ հասարակության կեսը կազմող կանայք և աղջիկները չեն ապրում առանց վախի, բռնության և ամենօրյա վտանգի, չենք կարող իրապես ասել, որ ապրում ենք արդար և հավասար աշխարհում։    

    

 

Կանանց նկատմամբ  սեռական բռնության  վիճակագրություն՝ ըստ ՄԱԿ-ի

 

  • Երեք կանանցից կամ աղջիկներից մեկը կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության։ Առավել հաճախ բռնությունը լինում է զուգընկերոջ կողմից։

 

  • Ամուսնացած կամ արտաամուսնական կապեր ունեցող կանանց միայն 52 տոկոսն է ինքնուրույն որոշում կայացնում սեռական հարաբերություններում հակաբեղմնավորիչների օգտագործման կամ բժշկական ծառայությունների դիմելու վերաբերյալ։

 

  • Ամբողջ աշխարհում մոտ 750 մլն կին և աղջիկ ամուսնանում է մինչև 18 տարեկան դառնալը։ Մոտ 200 մլն կին և աղջիկ բախվել է սեռական օրգանների խեղող վիրահատությունների։

 

  • Երկու մահացած կանանցից մեկի մահվան պատճառ է դարձել նրա զուգընկերը կամ հարազատը, այս տվյալները 2017-ի են։ Տղամարդկանց պարագայում այս ցուցանիշը  20 /1 հարաբերակցությամբ է։

 

  • Կանայք և աղջիկները կազմում են առևտրի ենթարկված մարդկանց 71 տոկոսը, նրանցից չորսից երեքը ենթարկվում է սեռական շահագործման։

 

  • Վերարտադրողական կանանց շրջանում մահվան կամ հաշմանդամություն ձեռք բերելու հիմնական գործոններից մեկը նրա նկատմամբ բռնությունն է։

 

 

Սեռական բռնությունը Հայաստանում. թվեր և փաստեր

 

  • Հայաստանում 4 տարվա կտրվածքով (2010-2013թթ.) գրանցված է ընտանեկան բռնության հետևանքով կատարված 109 սպանություն ՝ միջին հաշվով մեկ միլիոն բնակչությանը մեկ տարվա ընթացքում բաժին է ընկել կանանց 8 սպանություն: 

 

  • Սեռական բռնությունը մի ոլորտ է, որի վերաբերյալ հիմնականում ամենաքիչն է հաղորդվում: Հայաստանում շատ կանայք նախընտրում են լռել: «Բռնաբարության»  խնդիրը՝ հայտնվելով հասարակության ուշադրության կենտրոնում ավելի շատ կնոջ կամ աղջկա շուրջ մեղադրողական շրջան է ստեղծում քան դիտարկվում որպես  չարագործ գործողության, որ կատարվում է հանցագործի կողմից:

 

  • 2016 թ.-ին անցկացված ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) «Տղամարդիկ և գենդերային հավասարությունը Հայաստանում» հետազոտության մեջ տղամարդկանց միայն 52-53 % -ն է լրացրել սեռական բռնության վերաբերյալ  հարցաթերթիկը, այնուամենայնիվ, նույնիսկ այս տվյալների շրջանակներում տղամարդիկ, ովքեր պատասխանել են հարցերին, հայտնել են, որ ստիպել են կանանց/աղջիկներին  իրենց հետ սեռական հարաբերություն ունենալ (բռնաբարություն), 5.1 տոկոսը հայտնել են, որ իրենք ստիպել են իրենց կնոջը սեռական հարաբերություն ունենալ (ամուսնական բռնաբարություն) իրենց հետ:

 

  • Հայաստանում միջազգային  #MeToo արշավը  մեկնարկեց  այն բանից հետո, երբ «Հետք»  լրատվամիջոցը հրապարակեց սեռական ոտնձգություններից փրկված չեխ կնոջ դեպքը: 2019-ի ամռանը  հարյուրավոր կանայք սկսեցին սեռական բռնության իրենց անանուն անձնական պատմություններն ուղարկել լրագրող Լյուսի Քոչարյանին: Նրա կողմից ստեղծված «Բռնության ձայներ» ֆեյսբուքյան էջում տեղադրված  կանանց պատմություններն առիթ հանդիսացան , որ  հասարակության որոշ շրջանակները ենթադրություններ տարածեն իբր պատմությունները կեղծ էին և հատուկ պատրաստվել էին Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու համար:

 

  • Բռնաբարության բնորոշումը Հայաստանի օրենսդրությամբ ամբողջությամբ ծածկում է ընտանեկան բռնաբարությունը, այնուամենայնիվ, երբևէ զուգակցված 100 տղամարդուց 5-ը հայտնել են բռնաբարության մասին իրենց կնոջը:

 

  • ՀՀ  Քրեական օրենսգրքում բռնաբարության սահմանումը չի քրեականացնում ամուսնական կամ ամուսինների բռնաբարությունը, չնայած կինը կարող է բողոք ներկայացնել: Մինչդեռ, կանանց նկատմամբ բռնության հինախնդրով զբաղվող  ՀԿ-ների տեղեկություններով, բոլոր այն դիմողները , որոնց աջակցել են իր թեժ գծի և ապաստարանների ծառայության միջոցով, հայտնել են իրենց ամուսնու կողմից բռնաբարության մասին (OECD, SIGI 2019):

 

  •   Հայաստանում վաղ ամուսնությունների մասին հետազոտությունները փաստում են, որ 100-ից 13 կին հայտնել է, որ  ամուսնացել է մինչև 18 տարեկանը, 25-49 տարեկան ամուսնացած կանանց 1% -ը `15 տարեկանից առաջ էն ամուսնացել (DHS, 2015):

 

  • Խնդրով զբաղվող  ՀԿ-ների տեղեկությունների համաձայն , սեռական ոտնձգությունների ենթարկված կանայք  հազվադեպ են ներկայացնում բողոքներ կամ հայտնում նման դեպքերի մասին ոստիկանություն կամ կանանց կազմակերպություններ, բայց փոխարենը նրանք փորձում են ինքնուրույն լուծել իրավիճակը ՝ հաճախ տղամարդ հարազատներին խնդրելով  խոսել «գործատուների, մենեջերների կամ նույնիսկ հաճախորդների հետ» (ԱԶԲ, 2015): 

 

  • ՀՀ ոստիկանության տվյալներով, այս տարվա հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում  տեղի է ունեցել իգական սեռի ներկայացուցիչների  նկատմամբ սեռական բռնության 74 դեպք, որից 40-ն անչափահասների նկատմամբ է եղել:

 

  • ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով,   2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՔԿ վարույթում քննվել է 209 քրեական գործ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ, որոնց թվում՝  10-ը՝ ՀՀ քր. օր-ի 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, 1-ը՝ ՀՀ քր. օր-ի 140-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելուն, 22-ը՝ ՀՀ քր. օր-ի 141-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, 15-ը՝ ՀՀ քր. օր-ի 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին, 1-ը՝ ՀՀ քր. օր-ի 165-րդ հոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն:

 

  • Քննչական կոմիտեի հրապարակված  տեղեկատվության համաձայն , ընտանեկան բռնության վերաբերյալ 519 քրեական գործերի մեծ մասում (267) բռնություն կիրառողը ծեծել է հարազատներին, 66 դեպքում սպառնացել է սպանել, առողջությանը ծանր վնաս պատճառել կամ ոչնչացրել գույքը; 34 գործով առողջությանը թեթև վնաս է պատճառվել։ 17 դեպքում բռնությունը կրել է սեռական բնույթ 16 տարին չլրացած անձի նկատմամբ; 15 դեպքում ծնողը խուսափել է երեխային պահելուց, 12 գործով տուժողին պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք, 12 գործով` միջին ծանրության առողջության վնաս, 11 գործով` ծանր վնաս, 10 դեպքում հարազատը սպանել է հարազատին, 8 դեպքում` բռնաբարել։ Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 493 անձ, որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 8-ը՝ 12-14 տարեկան, 24-ը՝ 14-16 տարեկան, 9-ը՝ 16-18 տարեկան, 183-ը՝ 18-35 տարեկան, 244-ը՝ 35 տարեկանից բարձր: 2019-ի փետրվարի դրությամբ, այդ գործերից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 82 քրեական գործ՝ 85 անձի վերաբերյալ:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1482

Գլխավոր էջ