Աշխարհը կրկին ներկվեց նարնջագույնով. մեկնարկել է Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը
Նոյեմբերի 25-ից՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվանից մեկնարկում է Գենդերային բռնության դեմ պայքարի ակտիվության 16-օրյակը, որը տևում է մինչև դեկտեմբերի10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը: Այս տարի 16-օրյակն անցնելու է «Չանտեսելով ոչ ոքի՝ վերջ դնենք կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությանը» կարգախոսի ներքո:
Ապահովել 2030Կայուն զարգացման նպատակների իրականացումը
Ինչպես նախորդ տարիներին, նարնջագույնը կլինի բոլոր գործողությունները միավորող առանցքային գույնը՝ հանրային ուշադրությունը սևեռելով կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության հիմնախնդրի վրա:
Այս տարվա 16-օրյակի բոլոր միջոցառումները նպատակ ունեն լուսաբանելու 2030 թվականի օրակարգի հիմնական տեսլականներից մեկը, այն է «արդար, հավասար, հանդուրժողական, բաց եւ ներառական աշխարհ ունենալուն, որում առավել խոցելիների կարիքները բավարարված են»: Ընդգծելով և ուշադրության կենտրոնում պահելով ամենատարածված խմբերի կանանց եւ աղջիկների նկատմամբ խտրականությունը և դրա հետեւանքները՝ UNITE- ի կողմից ծավալվող քարոզարշավը նպատակ ունի բարձրացնել իրազեկությունը 2030 թ. օրակարգի շրջանակում ներառական եւ կայուն ծրագրերի, քաղաքականությունների եւ ռեսուրսների անհրաժեշտության մասին:
ՀՀ Կառավարությունը ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ նույնպես ստանձնել է առաջիկա 15 տարիների ընթացքում ապահովել 2030 Կայուն զարգացման նպատակների իրականացումը: Գենդերային հավասարությունը՝ այդ թվում կանանց ու աղջիկների զորակցումը, առաջնահերթությունների թվում է: Համաշխարհային մակարդակով հավանության արժանացած համընդհանուր օրակարգը, մասնավորապես առաջարկում է վերացնել կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձևերը, որպեսզի պետությունները կարողանան ապահովել 2030 գլոբալ նպատակաները:
Աշխարհում ամեն 3 կնոջից առնվազն 1-ն իր կյանքի ընթացքում ենթարկվել է բռնության
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ հաղորդագրության համաձայն, կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունն այսօր ամենատարածված ու ամենակործանարար հետևանքներ ունեցող իրավախախտումներից է: Կանանց նկատմամբ բռնությունները խոչընդոտում են կանանց` քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտում առաջընթացին: ՄԱԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է կին քաղաքական գործիչների, կին իրավապաշտպանների նկատմամբ իրականացրած բռնությունները, նա կոչ է արել աչք չփակել կանանց նկատմամբ իրականցվող ամենամեծ սադրանքի` սեռական շահագործման դեպքերի վրա:
ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում երեք կանանցից առնվազն մեկն իր կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության, 750 մլն կին ամուսնանում է մինչև 18 տարեկան դառնալը, 250 մլն-ը ենթարկվում են սեռական օրգանների խեղման:
«Կանանց ու աղջիկների նկատմամբ սեռական շահագործումն առավել տարածված է զինված հակամարտությունների գոտիներում: Ավելին, գնալով առավել ակնհայտ է դառնում կանանց նկատմամբ բռնությունների ու ծայրահեղական գաղափարախոսության միջև առկա կապը: Բռնության այդ տեսակը ուղղակիորեն ազդում է կանանց ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջության վրա»,-ասված է Անտոնիո Գուտերեշի հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ում դեռ 20 տարի առաջ կանանց իրավունքների պաշտպանության համար ստեղծվել է հատուկ ֆոնդ, որի միջոցներն ուղղվում են գենդերային բռնությունների կանխարգելմանն ու դրա զոհերի աջակցությանը: Հիմնադրամի միջոցներից հատկացվել է ավելի քան 129 մլն դոլար` 139 երկրներում այդ նպատակներին ուղղված նախաձեռնությունների ֆինանսավորման համար:
«Բոլոր այս նախաձեռնությունները պետք է օգնեն մեզ փոխելու իրավիճակը: Սակայն անհրաժեշտ է անել ավելին: Դրա համար պետք է քաղաքական հզոր կամք ու լրացուցիչ ռեսուրսներ: Մենք պետք է ավելի լավ համակարգենք մեր գործողությունները»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
«ՄԱԿ-ը կանանց հանդեպ բռնության դեմ ծավալում է բազմաբնույթ գործունեություն, որը ներառում է Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամը, Եվրոպական միության հետ համատեղ իրականացվող «Կիզակետ» նախաձեռնությունը (Spotlight Initiative)՝ ուղղված մեր և ազգային կառավարությունների ու քաղաքացիական հասարակության ջանքերի միավորմանը, և ՄԱԿ-ի «Ապահով քաղաքներ ու հանրային տարածքներ» գլոբալ նախաձեռնությունը:
Ի լրումն՝ ՄԱԿ-ում սեռական ոտնձգությունների հարցում իմ անհանդուրժողական քաղաքականությունը սեպտեմբերին թողարկված Գենդերային համամասնության ռազմավարության մասն է կազմում: Մենք նաև հանձն ենք առել շարունակել «Միավորվենք` վերացնելու կանանց նկատմամբ բռնությունը» արշավը (UNiTE նախաձեռնություն) նոր՝ «Միավորվենք մինչև 2030-ը» (UNiTE by 2030) խորագրով։
Ժամանակն է մեր բոլորի միացյալ գործունեության, որ ամբողջ աշխարհի կանայք և աղջիկները կարողանան ապրել ոտնձգություններից, վտանգավոր իրողություններից և բռնության այլ ձևերից զերծ», -ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հաղորդագրության մեջ:
Մեկ տարում բռնության հետևանքով զոհված կանանց 50%-ը սպանվել է կողակցի կամ էլ ընտանիքի անդամի կողմից
ՄԱԿ-ի մեկ այլ հրապարակման համաձայն, կանանց նկատմամբ բռնությունը խտրականության առավել ծայրահեղ ձևն է: Համաձայն կազմակերպության զեկույցի, 2005-2016 թվականների ընթացքում 87 երկրների 15-49 տարեկան կանանց 19 տոկսոը նշել է, որ կողակցի կողմից ենթարկիվել է ֆիզիկական կամ սեռական բռնության: Որոշ դեպքերում նման բռնությունը կարող է հանգեցնել մահվան: Օրինակ, 2012-ին բռնության հետևանքով զոհված կանանց 50%-ը սպանվել է կողակցի կամ էլ ընտանիքի անդամի կողմից, տղամարդկանց պարագայում այդ թիվը 6% է:
Մեկ այլ վտանգավոր բռնություն է կանանց սեռական օրգանների խեղումը: ճիշտ է, 2000 թվականից ի վեր այն նվազել է 24 տոկոսով, սակայն մոտ 30 երկրներում այն բավականին տարածված է: Այս երկրներում 15-19 տարեկան 3 աղջիկներից մեկը ենթարկվում է բռնության այդ տեսակին, 2000 թվականին այդ ցուցանիշը 2-ից մեկն էր:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ գենդերային հավասարությունն օգնում է հակամարտությունները կանխելուն, միաժամանկ կանանց նկատմամբ բռնության բարձր ցուցանիշները փոխկապակցված են հակամարտության բռնկումների հետ:
Չնայած այդ ապացույցներին, կանանց գործընթացներում ներգրավման, առաջնորդության և պաշտպանությանն ուղղված գործողությունները շարունակում են մնալ անբավարար: Որոշ շրջաններում նույնիսկ հետընթաց կա:
Դիտումների քանակը` 3496