16-օրյակն ավարտվեց. «Օր առաջ պետք է ընդունել օրենքը»
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները «Մեդիա Կենտրոնում» ամփոփեցին Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի, ինչպես նաև այս տարվա ընթացքում կոալիցիայի անդամ 7 ՀԿ-ների գործունեության արդյունքները:
Քննարկմանը մասնակցում էին «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Վարդանյանը, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գևորգյանը, իրավաբան Ինեսսա Վարդանյանը, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ծրագրերի համակարգող Անուշ Խաչատրյան և ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանը:
Սուսանա Վարդանյանը փաստում է, որ տարեցտարի իր ղեկավարած ՀԿ-ն ավելի ու ավելի մեծ թվով ահազանգեր է ստանում ընտանեկան բռնությունների վերաբերյալ: «Իմ կարծիքով սա երկու պատճառ ունի. Կանայք ավելի իրազեկ են դառնում նման ծառայությունների մասին, և կանայք սովորում են իրենց իրավունքները պաշտպանել»,-ասաց ՀԿ նախագահը, չբացառելով, որ ավելացել է նաև բռնության դեպքերի թիվը:
Այս տարվա առաջին յոթ ամսիների ընթացքում Երևանից ու չորս մարզերից ՀԿ-ին դիմել են 1344 զանգ է ստացել, որից մոտ 897-ը եղել է ընտանեկան բռնության մասին են: Այս կանանցից 398-ն առաջին անգամ էին դիմում ՀԿ-ին:
«Մաղթում եմ բոլորիս պետություն, որտեղ մարդու իրավունքներն առաջնային են ու անօտարելի մարդուց»,- խոսքը շնորհավորանքով սկսեց Անուշ Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ, 16-օրյակի նպատակի գենդերային հիմքով բռնությունների մասին բարձրաձայնելն է, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների վեր հանումն է:
«Այս տարին առանձնահատուկ էր այն բանով, որ մենք որոշեցինք գրեթե բոլոր միջոցառումների հիմքում դնել «Ընտանեկան բռնության մասին օրենքի» ընդունելու անհրաժեշտությունը », -ասաց Ա. Խաչատրյանն՝ տեղեկացնելոբ, որ իրենց ՀԿ-ն միայն այս տարվա ընթացքում վեցը գենդերային հիմքով սպանության դեպքեր է բացահայտել:
Կոալիցիայի անդամները փաստեցին, որ վիճակագրությունը մտահոգիչ է, ուստի իրենք շարունակելու են պնդել օրենքի օր առաջ ընդունման անհրաժեշտությունը: Ա. Խաչատրյանը նշեց, որ լավագույն դեպքում նախագիծն օրենքի ուժ կարող է ստանալ 2017 թվականին, իսկ մինչ այդ բռնության շատ դեպքեր կմնան անարձագանք, զոհերն էլ անօգնական եւ այդ ամենը «պարզապես օրենսդրական բացի պատճառով»:
Հասմիկ Գևորգյանը փաստեց, որ շատ հաճախ կանայք ենթարկվում են դաժան ֆիզիկական բռնությունների, սակայն քչերն են համարձակվում դրա մասին բարձրաձայնել, ինչպես օրինակ արել է Հասմիկ Խաչատրյանը:
«Դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ցավով եմ նշում, որ Հայաստանում բազմաթիվ խոցելի խմբերի իրավունքներ պաշտպանված չեն, այդ թվում նաև ընտանեկան բռնության ենթարկված կանայք»,-ասաց նա ու ներկայացրեց տուժած Հասմիկին, ով իրենց կենտրոն է դիմել 2010-ի հունիսին:
Տարիներ շարունակ բռնություններին դիմացած կինը մի գիշեր որոշել է տանից փախչել, դիմել է բուժհաստատություններից մեկին, որն էլ ահազանգել է ոստիկանություն:
«Ոստիկանները չէին ուզում գործին տալ քրեաիրավական գնահատական, չնայած իր բնույթով այն հանցագործություն էր: Ոստիկանները ինչպես միշտ դա որակում էին որպես վեճ ամուսինների միջև»,-ասաց Հ. Գևորգյանն ու ավելացրեց, որ միայն բազմաթիվ բողոքների շնորհիվ հաջողվել է քրեական գործ հարուցվել նախ ծեծ, ապա պայքարի արդյունքում խոշտանգում հոդվածներով:
Չնայած գործն ուղարկվել է դատարան, բայց բռնարար ամուսինն ազատության մեջ է, երեխաների միջոցով հոգեբանական ճնշումների է ենթարկում նախկին կնոջը, նա նույնիսկ ոստիկանների ներկայությամբ առերեսման ժամանակ է սպառնացել ու ուժի գործադրման փորձեր արել:
Բռնությունների ենթարկված կինն ասում է, ամուսինը իրավաբանի կրթություն ունի, չնայած մասնագիտությամբ չի աշխատել, սակայն ֆինանսական հնարավորություններ ու լծակներ ունեն, որոնք թույլ են տալիս հարցեր կարգավորել: Հիշեցնենք, որ Հասմիկը ողջ հանրապետությունում հայտնի քյավառցի բախտագուշակ Վարսիկի հարսն է:
Հասմիկ Գևորգյանը նշեեց, որ եթե Ընտանեկան բռնության մասին օրենքն գործեր, ապա Հասմիկ Խաչատրյանին եւ նման իրավիճակներում հայտնված կանանց հնարավոր կլիներ տեղափոխել ապաստարան, երեխայի դպրոցը փոխել: «Հասմիկի ու երեխայի անվտանգությունը հիմա բացարձակապես պաշտպանված չէ»,- ասաց նա, նշելով, որ Ընտանեկան բռնության մասին օրենքը նախատեսում է նաև մարզերում պետության կողմից գոնե մեկական ապաստարանի հիմնում: Այժմ նման միայն մեկ ապաստարան է գործում, որը շատ ծանրաբեռնված է:
«Երբ Հասմիկը տանից փախել էր, մենք բազմաթիվ գրություններ են հղել համայնքապետարան ու այլ կազմակերպություններ ու միայն ՄԻՊ-ի միջոցով հաջողվեց իմանալ, թե որտեղ են գտնվում երեխաները: Փակ ընտանիք էր ու պատճառաբանում էին, թե այնտեղ ոչ մեկ մուտք ու ելք չի անում», -ասաց «Կանանց աջակցման կենտրոն»-ի աշխատակից Հասմիկ Գևորգյանը :
Բռնության ենթարկված կինն իր բախտակից կանանց խորհուրդ է տալիս պաշտպանել իրենց իրավունքները. «Իմ կյանքն էր վտանգված, ես ոչ մի ելք չունեի: Խորհուրդ կտամ բոլոր կանանց, որ իրենց իրավունքները պաշտպանեն: Հուսով եմ, որ կհասնեմ այն բանին, որ յուրաքանչյուրն իր արածի համար պիտի պատասխան տա»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը:
Եզրաձակելով քննարկումը կոալիցիայի անդամները ասացին,որ շարունակելու են բոլորին իրազեկել օրենքի ընդունման կարևորության մասին:
Հ. Կարապետյան
Դիտեք քննարկումն ամբողջությամբ Մեդիա կենտրոնի տեսագրության մեջ.
Դիտումների քանակը` 3943