Լիլիթ Գալստյան «Ի՛նչ ծանր է ամեն օրդ, իմ հայրենիք…»

ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան իր  էջում   կատարված այս գրառումը հասցրել է գրավել շատերի ուշադրությունը:  վերնագրով: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

 

«Չսկսված օրվա ծույլ լռությունը ճաքում է շենքի մուտքից տունս ներխուժած աղմուկ- բղավոցից։ Լարում եմ լսողությունս ու երկրորդ վայրկյանին հասկանում, որ վերի հարկի միջանցքում կռիվ, հրմշտոց է։

 

«Ես գազը չեմ վառել, չգիտեմ…. ազնիվ խոսք, շորերով եմ քնել, չգիտեմ….ամոթ ա, խայտառակ եղանք…ինչ տվել եք, էն եմ կերել…սառնարանը չեմ բացել… պապ, սուս….,խայտառակ եղանք…ձենդ, սուս…»։

 

Ձայների պատառիկներն ավելի են ուժգնանում, ու, երբ արդեն ճիչ- հրմշտոցն ու լացը սղոցում են ուղեղս, բացում եմ դուռն ու անմիջապես էլ ներս է նետվում այլայլված դեմքով, լացակումած մի կին։ Վերի հարևանուհին է, մտածում եմ ես, ու առաջարկում նստել, հանգստանալ։ Հրաժարվում է նստել ու հայացքով հեռախոսն է փնտրում. «Մի հատ շտապօգնություն զանգեմ» անկառավարելի հեկեկոցով խնդրում է կինն ու նետվում խոսափողին։

 

 

Բաց դռնից տուն է խուժում մի ուրիշ կնոջ ձայն. «Շուտ արա, հերդ կորցրել ա գիտակցությունը»։ Միջանցքում քար լռություն է։ Մի քանի րոպեից շենքին մոտեցած շտապօգնության բժիշկներին ուղեկցում եմ վերի հարկ, հետո փակում տանս դուռն ու ինձ դուրս նետում չարագուշակ լռության մեջ թաղված, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իմ բնակարանից։
Վատ օր է լինելու մտածում եմ ես ու փորձում առավոտվա սթափեցնող, սառը օդի մեջ մաքրել, դասավորել միտքս ու ազատվել հայացքիս վրա ծանրորեն իջած պատկերից։

 

Չի հաջողվում. քայլելու հատուկ հմտություն պահանջող, անհուսորեն տգեղ, սառցակալած Հյուսիսային պողոտան անցնում եմ առանց ոտքերիս տակ նայելու՝ մտքիս մեջ ու հայացքիս առջև քարացել ու կախվել է առավոտվա պատկերն, ու այն ավելի է թանձրանում անցած շաբաթվա ընթացքում գազի ու էլեկտրականության հերթերում հանդիպած, անելից շվարած մարդկանց դեմքերով։ Քանի քանի ընտանիքների փակ դռների ու մգլած, երջանկության հոտը չառած պատերի հետևում է ապրվում այս ողբերգությունը՝ մեծ մասը հայորեն լուռ, աղքատությունն իբր ճակատագիր փաստած խոնարհի հաշտվածությամբ։

 

Իսկ ցավին ցինիկորեն անտարբեր, բայց դավին մասնակից հայտնի կուշտերը խնայողության կոչ են անում։ Չէ, չի կարող ճիշտը լռելը լինել, չի կարող. խմբագրում եմ ինքս ինձ…

 

 

2013-ի վերջին օրերը շունչս պահած էի ապրում՝ տաղտկալի հաշվապահի պես գրանցելով անցնող ամեն մի վայրկյանը. մահը շատ անխնա էր մոտեցել մեզ, վախենալու չափ շատ…

 

Ես վախենում եմ նաև լրահոսից, մահը նաև այնտեղ է, մենք ենք այնտեղ՝ ցինիկ, տգետ, էժան, գուժկան, անսեր ու դավադիր։
Ու, միևնույն է, թմրամոլի կախվածությամբ, բացում եմ լրահոսը։
«Մարդիկ հաճախ վախենում են մեռնելուց … Նման հիմարները չեն հասկացել, որ ապրելն ավելի դժվար է…»։ Սրանք նույն օրը Վաղարշապատի հիվանդանոցում դեռևս անհայտ պատճառներով մահացած, ընդամենը մեկ շաբաթ առաջ զորակոչված տասնութամյա Էդիկ Շաշնազարյանի խոսքերն են։

 

Քարանում եմ, փոքրանում. Ճզմված միտքս ու սիրտս սահմանին կանգնած զինվորիս է փնտրում։
Ի՛նչ անվրեպ ու ժամանակից շուտ է հասկացել տասնութամյա զինվորը՝ ապրելն ավելի դժվար է…Մեր հողի վրա ապրելն ամեն օր ավելի ու ավելի դժվար ու ծանր է դառնում։

 

Իսկ հողը մեղավոր չի, մեղավոր չի, որ ծանրացրել ենք մեր մեղքերից, դառնացրել մեր չմարդությամբ։ Հողը մեղավոր չի, որ իր ու մեր ճակատագիրը տնօրինում են մեղքերի մեջ թաղվածները, սահման չտեսած ու զենք չբռնած ստահակները, հրացանի փող չմաքրած, բայց Նժդեհից ու Դրոյից մեջբերումներով ու նրանց մեդալներով կենսագրությունները զարդարածները։ Հողը հաստատ մեղավոր չէ, մենք ենք մեղավոր. երկար, շատ երկար ենք հանդուրժում ապրելու մեզ պարտադրած նրանց բանաձևը։

 
Ու ինձ գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում սահմանին կանգնած զինվորի «Որ մտածում եմ, թե ում համար եմ սահմանը պահում» խոստովանությանը հակադարձելը։ Հող, Հայրենիք, Տեր, արմատ, ինքնություն, տեսակ, գոյ. այս բառերով ցանկացած կապակցություն կամ միտք մեր ժանգոտ ու մերկ իրականության մեջ այլևս հռետորաբանություն է, ցպահանջ բառախաղ։
Ոչ սառը, սթափեցնող օդի, ոչ էլ ինքնախոս մենակության մեջ չի հաջողվում մաքրել, դասավորել մտքերս, ազատվել հայացքիս վրա կապարի պես իջած օրվա բեռից։

 

 

«Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհվել է 1994թ. ծնված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը` ծնողների միակ արու զավակը». ղեղագործի զգուշավորությամբ գուժում է լրահոսը։

 

Ու դարձյալ մահը շատ անխնա է մոտեցել մեզ. վախենալու չափ շատ…ու մահվան աչքերի մեջ անթարթ նայելով աննահանջ է եղել քսանամյա սիրուն զինվորս։ Ինձ ու, երևի ոչ մեկին, չի մխիթարում հետմահու շնորհված Արիության համար մեդալը։ Ինձ չի մխիթարում նաև ադրբեջանցի, երևի էլի քսանամյա, ընկած զինվորի լուսանկարը։ Մահը կյանքն արժևորելու ակնթարթ է սոսկ։

 

Մեր ժանգոտ ու մերկ իրականության մեջ բառերն այլևս հռետորաբանություն են։ «Զինվոր ջան….» միակ հնարավոր բառով մղկտում է սիրտս։ Գիտեմ, որ սուրացող գնդակի արագությամբ Հողի, Հայրենիքի ու Տեր լինելու մասին ես մտածել։ Իսկ մենք՝ մեղավոր ապրողներս, պատասխան ենք տալու մեր բաժին հողին, մեր բաժին հայրենիքին մեր բաժին Տերը չլինելու համար։
Ու, Աստված չանի, որ մեր մեղքերից ծանրացած հողը մի օր նահանջի մեր ոտքերի տակից։

 

Իսկ Հողը հաստատ մեղավոր չէ, մենք ենք մեղավոր. երկար, շատ երկար ենք հանդուրժում ապրելու մեզ պարտադրած նրանց բանաձևը։

Ի՛նչ ծանր է ամեն օրդ, իմ հայրենիք…»:

 

 

Դիտումների քանակը` 4202

Գլխավոր էջ