Կառավարությունը հաստատել է  «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի իրականացման ծրագիրը

 

Այսօր կայացած ՀՀ  կառավարության  նիստում  հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» համապատասխան բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թթ. ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը:

 

Փաստաթղթի  ներածական մասում նշվում է, որ սկսած 2000-ական թվականներից՝ միջազգային հանրության կողմից գնալով ամրապնդվել է այն մոտեցումը, որ խաղաղության և անվտանգության համակողմանի և ընդգրկուն լինելու համար անհրաժեշտ է ապահովել կանանց իրավահավասար ներգրավումը:

 

«Հիմնվելով այս մոտեցման վրա՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդը (ԱԽ) 2000 թ. հոկտեմբերի 31-ին ընդունել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևը: Բանաձևը ՄԱԿ-ի կողմից ընդունված նմանատիպ առաջին փաստաթուղթն է, որն ինստիտուցիոնալ առումով անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը: Բանաձևն անդրադառնում է հակամարտությունների կանխարգելմանն ու լուծմանը, խաղաղ կարգավորման բանակցություններին, խաղաղապահության, խաղաղաշինության, մարդասիրական այլ առաքելություններին, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում վերականգնողական գործողություններին կանանց կարևոր դերակատարության հարցերին: 1325 բանաձևը հիմնված է հինգ հիմնական ուղղությունների վրա՝ կանխարգելում (prevention), պաշտպանություն (protection), մասնակցություն (participation), օժանդակություն ու վերականգնում (relief and recovery) և մշտադիտարկում (monitoring)»:

 

 

 

Բանաձևի իրականացումը Հայաստանում ապահովող ծրագրի  ընդունման անհրաժեշտությունը  հիմնավորվում է նրանով, որ  այն   հնարավորություն կտա ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի բանաձևի դրույթները տեղայնացնելու շնորհիվ, լուծում տալ ՀՀ-ի համար կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ համայնքներում կանանց տնտեսական, սոցիալական զարգացման խնդիրները, ապահովել տեղահանված կանանց և աղջիկների հատուկ պաշտպանվածությունը, նպաստել խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավմանը և այլն: «Գործողությունների ծրագրի առկայությունը ոչ միայն կհամակարգի այս ոլորտում նախկինում իրականացվող աշխատանքները, այլ նաև հնարավորություն կընձեռի ստանալ ֆինանսական օժանդակություն թե՛ տարբեր երկրներից, թե՛ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի համար ստեղծված հատուկ հիմնադրամից», – ասված է ծրագրի հիմնավորման մեջ:

 

«Հաշվի առնելով այն, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու առաջխաղացումը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, ՀՀ կողմից կարևորվում է նաև հասարակությունում կանանց դերակատարության բարձրացումը, նրանց ներգրավվածությունը խաղաղության և անվտանգության հարցերում:

 

Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ ՀՀ համար հատկապես կարևորվում է հակամարտության ցիկլի բոլոր փուլերում կանանց ակտիվ դերակատարության ապահովումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներգործությանը ենթարկված կանանց պաշտպանությունն ու նրանց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացումը:

 

Հետևապես, ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացման վերաբերյալ գործողությունների ծրագիրը Հայաստանի կողմից դիտվում է որպես ազգային մեխանիզմ՝ հասարակական կյանքն ընդգրկող ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության և առաջխաղացման համար», – նշվում է  ընդունված փաստաթղթի ներածական մասում: 

 

Կառավարության որոշմանը և կից փաստաթղթերին կարելի է ծանոթանալ  հետևյալ  հղումներով.

 

 

Դիտումների քանակը` 1834

Գլխավոր էջ