“Մեր հասարակություններում դեռ գերիշխում են կարծրատիպերը”
Օքսֆամի գործընկեր- ակտիվիստները կրկին հանդիպեցին , այս անգամ Թբիլիսիում
...Թե Հայաստանում և թե Վրաստանում որոշումներ կայացնողները տղամարդիկ են, բայց այդ իրավիճակը շտկելու միջոցները տարբեր: Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ 20 տոկոսանոց քվոտա ամրագրեցին Ընտրական օրենսգրքում, իսկ Վրաստանում` որոշեցին խրախուսել այն կուսակցություններին, որոնց համամասնական ցուցակներում առնվազն 20 տոկոս կանանց ներկայացվածություն լինի, 10 տոկոսով ավելի պետական ֆինանսավորմամբ: Արդյունքն երկու դեպքում էլ նունն էր` 10,7 տոկոս կին Հայաստանի խորհրդարանում և 10,8 տոկոս Վրաստանում: Այսինքն, երկու երկրներում էլ սպասելիքները արդարացան կիսով չափ:
Պատճառներն գրեթե նույնն են: Մեզանում ` ցուցակով անցած կանայք հրաժարվեցին մանդատներից ` իրենց տեղը զիջելով տղամարդկանց, Վրաստանում` կին պատգամավորներին առաջ քածեցին `նախարարների պաշտոններ առաջարկելով, իսկ նրանց տեղը զբաղեցրեցին տղամարդիկ: Սակայն մեր գործընկերները Վրաստանի ՀԿ սեկտորից պատրաստվում են խորհրդարանում կանանց ներկայցվածությունը բարջրացնելու համար պայքարը շարունակել հենց Ընտրական օրենսգրքով ամրագրված քվոտայի ուղղությամբ, քանի համարում են, որ դա շատ ավելի հուսալի միջոց է, քան իրենց մոտ կիրառված կուսակցությունների խրախուսումը, որը պարտադրանքի բնույթ չի կրում:
Այս և բազմաթիվ այլ թեմաների շուրջ քննարկումը ծավալվեց Թբիլիսիում տեղի օրերս տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում, որը ամփոփում էր Օքսֆամի «Կանանց և երիտասարդների քաղաքական հզորացումը և իրազեկումը Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակում կայացած նախորդ երեք հանդիպումները Հայաստանի և Վրաստանի ՀԿ սեկտորի ակտիվիստների միջև: Նշենք, որ ծրագիրն իրականացվել է Հայաստանում և Վրաստանում Oxfam-ի տեղական գրասենյակների աջակցությամբ:
Ծրագրի նպատակն էր ակտիվացնել կանանց ու երիտասարդների մասնակցությունը քաղաքական, սոցիալական և այլ գործընթացներում, ինչպես նաև, ինչը կարևոր է, փորձի փոխանակում իրականացնել երկու երկրների միջև: Արդյունքներն, մասնակիցների պնդմամբ, բավականաչափ հուսադրող են կանանց առաջ գնալու պատրաստակամության իմաստով: Թեև բոլորն էլ համաձայնեցին, որ մեր հասարակություններում դեռ գերիշխում են կնոջ դերն ու տեղը սահմանափակող բազմաթիվ կարծրատիպեր:
«Պետք է ձգտել ու հասնել նրան, որպեսզի վեր կանգնենք կարծրատիպերից: Իրականում պատկերը ցավալի է, որովհետև բոլոր հետազոտությունները վկայում են, որ կարծրատիպերը հանգեցնում են կանանց ինքնագնահատականի իջեցմանը, ինչն էլ խանգարում է նրանց կայանալ կամ նույնիսկ մտածել կայանալու մասին: Պետությունն էլ, իր հերթին, չի փորձում աջակցել կանանց այդ հարցում, օգտագործել նրանց ներուժը ի նպաստ երկրի, մինչդեռ նրանք լրացուցիչ խոչընդոտներ հաղթահարելու խնդիր ունեն` պայքարելով կարծրատիպերի դեմ»,- քննարկմանը հայտարարեց Զուգդիդի շրջանի Սակրեբուլոի առաջին կին անդամ (շրջանի ներկայացուցչական մարմին- Է.Մ.), կանանց և երեխաների իրավունքների հիմնահարցերով զբաղվող «DEA» հասարակական կազմակերպության նախագահ Մադոննա Խարեբավան:
Վերջինս շատ կարևորեց տղամարդկանց ներգրավվածությունը բո;որ այն հարցերում, որոնք վերաբերում են գենդերային հավասարությանը, քանի որ «խնդիրները միասին է պետք լուծել, հասկանալով իրար»:
«Գենդերային հավասարություն ասվածը չգիտես ինչու անմիջապես վերագրում են միայն կանանց, բայց դա այդպես չէ: Սա շատ ցավոտ խնդիր է, քանի որ մինչև տղամարդկանց չներգրավենք հավասարության համար պայքարին, կարծում եմ դրական արդյունքների չենք հասնի: Հատկապես, որ այս իմաստով օրենսդրությունն էլ մեր կողմնակիցը չէ , լավագույն դեպքում այն կարելի է որակել իբրև չեզոք»,- նշեց նա ու հավելեց ` հասարակությունը պետք է հասկանա, որ դա ոչ թե կանանց, այլ իր խնդիրն է, այդ ժամանակ էլ այն հաջողությամբ կլուծվի:
Oxfam Georgia ներկայացուցիչ Թամարա Վաշակիձեն նշեց, որ ծրագրի շրջանակում իրենք մեծ հետաքրքրության են հանդիպել հատկապես շրջաններում ապրող կանանց կողմից, որոնք կարծես «կապանքներից դուրս պրծնելու ուղիներ են տեսել»: Նրա խոսքով, չափազանց կարևոր է գործընկեր Հայաստանի հասարակական կազմակերպությունների հետ շփումն ու փորձի փոխանակումը այս ոլորտում, քանի որ Հայաստանում իրավիճակը տարբերվում է, և ինչպես նշել էր Դիլիջանի «Հույսի կամուրջ» հկ համակարգող Արմինե Գևորգյանը` այն ճանապարհը, ինչ Վրաստանը սկսեց ծրագրի շրջանակում, Հայաստանն անցել էր դեռ մի քանի տարի առաջ, ինչի արդյունքում այսօր Հայաստանում հաջողակ կանանց թիվը զգալի աճ է արձանագրել:
Քննարկման մասնակիցները միակարծիք էին` մեր երկրները և հատկապես մեր հասարակությունները դեռ շատ անելիքներ ունեն խնդիրը լուծելու, քանի որ կանանց ներուժը դուրս է մնում պետության կայացման գործընթացներից, կանանց ներուժը լիարժեք չի օգտագործվում:
Նշենք, որ ծրագիրը, որի ծրջանակներում Հայաստանում և Վրաստանում հանդիպումներ են ունեցել վերջին մեկուկեստարվա ընթացքում, ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:
Հ.Գ. Վերջին տարիներին Վրաստանը կանանց ներկայացվածության առումով բավականին զիջել է իր դիրքերը և այսօր ակտիվ կանայք` լինի դա քաղաքական, թե տնտեսական գործընթացներում, քիչ են, հատկապես համեմատած 2006-ի ցուցանիծների հետ, երբ Վրաստանը ‘’The Global Gender Gap Report’’-ում` Սեռերի անհավասարության գլոբալ ինդեքսում զբաղեցնում էր 59-րդ տեղը: Մինչդեռ արդեն հինգ տարի անց` 2011-ին, Վրաստանը 120-րդն էր: Իրավիճակը փոխելու ու նախկին դիրքերը վերականգնելու համար կառավարությունը նույն թվականի դեկտեմբերին նախաձեռնեց փոփոխություն, համաձայն որի այն կուսակցությունները, որոնց համամասնական ցուցակներում կլինի առնվազն 20 տոկոս կանանց ներկայություն, 10 տոկոսով ավելի պետական ֆինանսավորում կստանան: Սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը դա էլ առանձնապես չօգնեց` 2012-ի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում այսօր ներկայացված է ընդամենը 10.8 տոկոս կին` 150 պատգամավորից: Իսկ նախարարական կաբինետում երեքն են կանայք…. Ինչ վերաբերում է Սեռերի անհավասարության գլոբալ ինդեքսով զբաղեցրած դիրքին, ապա այն հաջողվեց մի փոքր շտկել` վերջին 2012-ի զեկույցի տվյալներով Վրաստանը 85-րդ տեղում է: Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես առաջատար դիրքերում չէ այդ ցուցանիշով` զբաղեցնելով 92-րդ տեղը:
Էնզելա Մակարյան
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Օքսֆամը միավորում է Հայաստանի և Վրաստանի իր գործընկերներին
Դիտումների քանակը` 4083