“Հաշմանդամության խնդրին նույնպես պետք է գենդերային մոտեցում ցուցաբերել”…
Այս եզրահանգումն ի թիվս այլ եզրակացությունների ներկայացված է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում. մատչելիություն և զբաղվածություն» զեկույցում, որը պատրատել է «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Փարոս», «Աստղացոլք», «Լուսաստղ», «Թալին-Հույս» հկ-ների հետ համատեղ: Զեկույցը պատրաստվել է «Ամեն ինչ մեզ համար՝ մեզ հետ» երկամյա ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ:
Զեկույցի հիմքում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների հետազոտությունն է , որն իրականացվել է ՀՀ չորս մարզերում` Լոռիում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Շիրակում: Հարցմանը մասնակցել է 526 մարդ:
Մասնավորապես, պատասխանելով առողջապահական ծառայություների մատչելիությանը վերաբերող հարցերին հարցվածները մատնանշել են, որ այս ոլորտում առավել քան խոցելի են հաշմանդամություն ունեցող կանայք: Ըստ զեկույցի` «նրանք ,կարծես թե, անտեսված են վերարտադրողական առողջության, անվտանգ մայրության, ծնողավարության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ թեմաներով համապատասխան տեղեկություն և բժշկական օգնություն ստանալու առումով, քանի որ առողջապահության ոլորտի աշխատողների մեծ մասը չի ընդունում, որ հաշմանդամություն ունեցող կինը ևս իրավունք ունի, և կարո՛ղ է սեռական կյանքով ապրել, ունենալ իր ընտանիքը, երեխա ծնել… ».
«Թեև օրենքով սահմանված է , որ հաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ունեցող անձը կարող է անվճար օգտվել բժշկական ծառայություններից, ակնհայտ է, որ ավելորդ քաշքշուկներից, բուժաշխատողների տհաճ վերաբերմունքից ազատվելու համար, վերջիններս հնարավորության դեպքում գերադասում են վճարել, քան անվերջ սպասել»,- ասված է զեկույցում:
Օրինակ, «Արդյոք հաշմանդամության խումբ ստանալուց ունեցել եք խնդիրներ” հարցին 88%-ը պատասխանել է, որ չի ունեցել խնդիրներ, 12%-ը խնդիրներ են ունեցել (պատկեր 2), հատկապես` երրորդ խումբ ձեռք բերելողները: Ընդհանուր առմամբ` նրանց 47 %-ը նշել է, որ իրենցից գումար են ուզել հաշմանդամության խումբ նշանակելու համար, մյուս 35%-ը նշել է, որ իրենց նկատմամբ ցուցաբերել են դժկամ, անմարդկային վերաբերմունք:
Հարցման մասնակիցները առանձնացնում են աշխատանք չունենալու, ծառայություններից օգտվելու հնարավորությունների, մատչելի միջավայրի բացակայության խնդիրները, թեպետ դեռ 2010-ին Հայաստանի կողմից վավերացված ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայով մեր երկիրը մի շարք պարտավորություններ է ստանձնել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Մինչդեռ, հետազոտության արդյունքները վկայում են, որ ոչ միայն պետական քաղաքականության և թերի ընթացակարգերի խնդիր կա, այլև որոշ դեպքերում պատկան գերատեսչությունների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց համարժեք վերբերմունքի և արհեստավարժության։
Հարցվածների միայն 5% -ն են գտնում, որ պետությունը լիովին կատարում է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների հանդեպ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնած պարտավորությունները:
Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված պետական քաղաքականության ծրագրերին, իրավունքներին և արտոնություններին տեղեկացվածությանը, հարցվածների 48 %-ը բոլորովին ծանոթ չէ, մասամբ ծանոթ է 39 %-ը և միայն 11 %-ն է ծանոթ եղել պետական քաղաքականության ծրագրերին:
Ի դեպ, հեղինակները հանդես են եկել նաև առաջարկություններով, որոնց թվում առանձնանում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ քննարկվել է ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ:
Նախագծում, ի թիվս այլոց, առանձնացված են ներառական կրթության և զբաղվածության խթանմանն ուղված դրույթներ, իսկ ներկայումս քննարկվում են դրույթներ, որոնց սահմանումը կնպաստի մասնագիտական և ընդհանուր կարողությունները կորցրած, աշխատանքային շուկայում անմրցունակ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովմանը և հետևաբար` նրանց սոցիալական ինտեգրմանը:
Այդուհանդերձ, զեկույցի հեղինակները հույս են հայտնում, որ առկա բարեփոխումները՝ մասնավորապես, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը և այլ նախաձեռնություններ, ինչպես նաև կառավարության որդեգրած սկզբունքները բոլոր շահագրգիռ կառույցների միջև գործընկերության սերտացման պարագայում կարող են բերել շոշափելի արդյունքների:
Էնզելա Մակարյան
Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ.
Դիտումների քանակը` 3639