“Հայ կինը անբարյացակամ է իր առողջության նկատմամբ”…

 

 Առողջության նկատմամբ ոչ պատշաճ  վերաբերմունքի անմիջական հետևանքը`  Հայաստանում անպղության բավականին բարձր ցուցանիշն է : Թեև համեմատելով 2000-ականների սկզբի բարձր ցուցանիշի հետ (31.9 տոկոս), այսօր Հայաստանում իրավիճակը զգալի լավացել է ( ներկայումս անպտղությունը 16.8 տոկոս է), այդուհանդերձ անելիք դեռ շատ կա: Առավել ևս, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության -չափանիշներով  15 տոկոսը այն սահմանային  շեմն է, որի դեպքում պետությունը պետք է հստակ քայլեր իրականացնի ու ռազմավարություն մշակի ժողովրդագրական իրավիճակը շտկելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց  ՀՀ  Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

 

Օժանդակ տեխնոլոգիաները տարեկան  3-4 հազար երեխա են պարգևում

«Այսօր խիստ կատարելագործվում են բոլոր այն մեթոդները, որոնք ուղղված են անպտղության հաղթահարմանը: Ես չեմ ասում` բուժման, որովհետև այսօր մենք ունենք օժանդակման տարբեր տեխնոլոգիաներ`արհեստական սերմնավորում, փորձանոթային բեղմնավորում, էքստրակորպոռալ բեղմնավորում և այլն, որոնք ոչ թե բուժում են անպտղությունը, այլ հնարավորություն են տալիս անպտուղ ամուսնական զույգին երեխա ունենալ: Այս ճանապարհով, ի դեպ, Հայաստանում տարեկան 3-4 հազար երեխա է ծնվում»,- հայտարարեց Գայանե Ավագյանը` հավելելով, որ անպտղության բուժումն էլ այսօր ավելի լավ է դրված, քան նախկինում էր, երբ լապարոսկոպիայի բացակայության պատճառով ներկայումս բուժվող խնդիրները անբուժելի էին մնում:

 

Մասնավորապես, լապարոսկոպիկ ճանապարհով այսօր հնարավոր է փողերի անանցելիությունը վերականգնել, կպումները անջատել և այդպիսով վերադարձնել կնոջը մանկածնության ֆունկցիան: Բացի լապարոսկոպիկ ճանապարհից, անպտղության հաղթահարում հնարավոր է նաև դեղորայքի միջոցով, քանի որ ֆարմինդուստրիան ներկայումս  շատ զարգացած է և այդ ճանապարհով էլ հնարավոր է վերացնել էնդոկրին անպտղության պատճառները: «Մենք այսօր հզոր դեղամիջոցներ ենք նշանակում, որոնք առաջացնում են ձվազատում, ինչը ևս խնդիր էր նախկինում»,- տեղեկացրեց Գայանե Ավագյանը:

 

Անպտղությունը  կանխարգելող միջոցառումների թվում նա առանձնացրեց հանրապետությունում 15 տարեկան աղջիկների շրջանում իրականացվող առողջության կոմպլեքս գնահատումը:

 

«15 տարեկան աղջիկները ենթարկվում են մասնագետների հետազոտության և կատարվում է վերարտադրողական  սեռական օրգանների էխոսկոպիկ հետազոտություն պետպատվերի շրջանակում: Այսինքն  արդեն 15 տարեկան աղջիկների մոտ ձևավորում ենք ռիսկի խմբերը, որոնք հետագայում կարող են անպտղություն առաջացնել և ժամանակին հայտնաբերելով` փորձում ենք բուժել և կանխարգելել այդ հետևանքները, հետագայում առողջ  վերարտադրողականության համար»,- տեղեկացրեց նա ու նշեց նաև, որ ԱՊՀ երկրների թվում Հայաստանն առաջինն է, որ նման ծրագիր է իրականացնում և շատ երկրներ, տեսնելով դրա արդյունավետությունը, այդ փորձը  ուզում են ներդնել իրենց երկրներում:

 

Անպտղության պատճառներից են սեռավարակները, որոնք այսօր լայն տարածում ունեն Հայաստանում ու հատկապես այն երիտասարդների շրջանում, ովքեր, ինչպես  նշեց Ավագյանը, հաճախակի են զուգընկերներ փոխում և վաղ տարիքից սկսում սեռական կյանքով ապրելը: Իսկ ամեն մի  սեռավարակ, որը ժամանակին չի բուժվել կամ լիարժեք բուժում չի եղել, կարող է հետագայում բարդությունների  հանգեցնել, այդ թվում և անպտղության:

 

 

Տարեկան շուրջ 7 հազար աբորտ և 4 հազար ինքնաբեր վիժում

 

Մյուս, ոչ պակաս ռիսկային  գործոնը, աբորտն է: «Աշխարհում տարեկան աբորտի հետևանքով մահանում է շուրջ 80 հազար կին, 300 հազար կին աբորտի հետևանքով բարդությունների առաջ է կանգնում կամ ձեռք բերում հաշմանդամություն»,- նախքան հայաստանյան իրողությանն անցնելը համաշխարհային վիճակագրություն ներկայացրեց ԱՆ պաշտոնյան: Հայաստանում տարեկան, ըստ պաշտոնական տվյալների, կատարվում է շուրջ 7 հազար աբորտ: Բացի այդ, մեր հարցին ի պատասխան տիկին Ավագյանը նշեց, որ շուրջ 4 հազար էլ ինքնաբեր վիժում է կատարվում  տան պայմաններում: Այդ թվում և աբորտներ, որոնք ցուցված չեն բժշկի կողմից ու, համապատասխանաբար, բժշկի հսկողության տակ չեն իրականացվում: WomenNet.am-ի մեկ այլ  հարցին  «Cytotec» դեղամիջոցի մասին, մասնավորապես,  ի՞նչ է պատրաստվում անել նախարարությունը ազատ վաճառքի մեջ գտնվող մի  դեղամիջոցի հետ,  որի միջոցով կանայք ընդհատում են հղիությունը  տնային պայմաններում ու հաճախ բարդություններ ունենում, Գ.Ավագյանը նշեց.

 

«Ես չեմ քարոզում դեղորայքային աբորտը, բայց այսօր կա բավարար հիմքեր հայտարարելու, որ դեղորայքային աբորտը ավելի անվտանգ է, քան վիրաբուժականը: Բարեբախտաբար Հայաստանում աբորտների հետևանքով մահվան դեպքեր չունենք, բայց առկա է մի վտանգավոր միտում` դա մեկը մյուսին դեղորայքային սխեմաներ փոխանցելն է: Բացի այս, դեղորայքային աբորտի համար անհրաժեշտ է երկու դեղամիջոցի կիրառում, բայց, դժբախտաբար, Հայաստանում կանայք մեկն են օգտագործում` «Cytotec»-ը, որը էժան  է և հեշտ է ձեռք բերել: Բայց ես կոչ եմ անում նրանց` չգնալ այդ ճանապարհով, քանի որ բարդությունները շատ են»,- նշեց նա:

 

Պնդեցինք`  լավ, նախարարությունն անդադար հորդորում է,  բայց իրավիճակը չի փոխվում` կանայք շարունակում են հեշտ ուղիներ փնտրել բարդ իրավիճակից դուրս գալու համար, այստեղից տրամաբանական հարց է ծագում. «Ինչո՞ւ չեք արգելում կամ գոնե բաղադրատոմսով այն դուրս թողնում դեղատնից»:

 

Պարզվեց, որ ԱՆ-ն այս ուղղությամբ քննարկումների փուլում է. «Ասեմ, որ իր տեսակով նա ռեցեպտուրային դեղամիջոց է և հիմա մենք մտածում ենք այդ մասին: Այդ դեղը օգտագործում են նաև ստամոքսային հիվանդները և նրանք շատ հաճախ ու շատ երկար են օգտագործում ստամոքսի խոցի բուժման կամ կանխարգելման համար: Նախարարությունն այժմ մտածում է, թե ինչպե՞ս անենք, որ չվնասենք այդ խումբ մարդկանց և ուղիներից մեկը, թերևս, այն էլ, որ այդ դեղը մեծ մասամբ կկենտրոնացվի ծննդօգնության հիմնարկներում: Իսկ մասնավոր անձինք, որոնք այդ դեղը օգտագործում են ստամոքսային հիվանդությունների համար, այն հատուկ բաղադրատոմսով ձեռք կբերեն»,- հավաստիացրեց Գ.Ավագյանը:

Վերջում նախարարության ներկայացուցիչը հատուկ ընդգծեց` հայ կինը գրեթե միշտ անբարյացակամ է իր առողջության  նկատմամբ, այդ իսկ պատճառով էլ կանգնում է շատ խնդիրների առաջ, մասնավորապես առողջական: Հայաստանում էլ, նրա խոսքով, տարածված են հղիությունը կանխարգելող միջոցներ, այդ թվում և հակաբեղմնավորիչներ, որոնք միտված են անցանկալի հղիությունից կնոջը պաշտպանելուն:

 

«Իմ առաջնային  մեսիջը  ազգաբնակչությանը` եթե, այդուհանդերձ, հղիությունը անցանկալի է և կինը պատրաստվում է պաշտպանվել նման հեռանկարից, լավագույն տարբերակը հակաբեղմնավորիչներն են: Իսկ եթե փաստը կայացել է, կինը  հղիացել  է և ինչ-ինչ պատճառներով նա ուզում է ընդհատել հղիությունը, իմ խորհուրդն է դիմել մասնագիտացված բժշկական օգնության, որովհետև եթե հղիությունը ընդհատվում է ճիշտ պայմաններում ու ճիշտ գործողություններով, այն անվտանգ է: Իսկ բարդ հետևանքներ ունենում ենք, եթե աբորտը կատարվում է ոչ պատշաճ պայմաններում և ոչ պատշաճ գիտելիքներ ունեցող մասնագետի կողմից»,- հավելեց նա:

Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 5784

Գլխավոր էջ