Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը/ ֆիլմ
Այսօր նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան օրն է: Նա առաջիններից էր, որ անձնվիրաբար օգնության հասավ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հարյուր հազարավոր հայերին, ովքեր բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից ու քշվեցին Սիրիայի Դեյր Էզ-Զոր անապատ, Ռաքքա, Ռաս ուլ-Այն, Մեսքենե և այլ բնակավայրերի ճամբարներ: Առնվազն 320 հազար հայ տարագիր փրկվեց մեծ մարդասեր Նանսենի շնորհիվ, մի մարդու, ով Աստծո կողմից իրեն տրված անսահման սիրուց բաժին հանեց հատկապես հայերին: Նրան հաջողվեց հուսահատ մի ժողովրդի հոգում ապագայի հանդեպ վառ պահել հույսն ու հավատը: Նրա շնորհիվ հայ գաղթականները ստացան անձը հաստատող այն վկայականը, որ հետագայում կոչվեց «Նանսենյան անձնագիր»:
Որպես նորաստեղծ Ազգերի լիգայի Փախստականների հարցով առաջին գերագույն հանձնակատար Նանսենը մտահոգություն էր հայտնում և հետամուտ լինում մի շարք երկրներում հայ տարագիրներին իրավական կարգավիճակ տալու հարցին: Իր կրակոտ ելույթներով նա փորձում էր հորդորել Եվրոպայի երկրներին հայերին տրվող դատարկ խոստումներից անցնել գործնական քայլերի, և դա կատարում էր ոչ խնդրողի, այլ պահանջատերի իրավունքով, փորձում էր արթնացնել նրանց քնած խիղճը, բայց ոչ երբեք խղճահարությունը դեպի փոքր, արնաքամ , բայց և շնորհալի մի ժողովուրդ, որ չունի նավթ ու ոսկու հանքավայրեր, սակայն չի կորցնում հույսը, և սպասում, անվերջ սպասում է: Ի վերջո, մեծ տերությունների քաղաքական խաղերից հոգնած ու հիասթափված Նանսենը մարտահրավեր է նետում հզոր տերություններին և որոշում սեփական ուժերով իրագործել հայ գաղթականներին օգնելու իր ծրագիրը: 1922 թվականի հունիսին Նանսենի նախաձեռնությամբ Ժնևում հրավիրված կոնֆերանսում ընդունվում է հայ տարագիրներին «Նանսենյան անձնագրեր» տալու որոշում: 1923- սեպտեմբերի 3-ից Նանսենն անձամբ է զբաղվում այդ գործընթացով:
Նանսենյան անձնագիրը՝ ժամանակավոր վկայական էր, որը տրվում էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո փախստականներին և քաղաքացիություն չունեցող մարդկանց: Զինանշանի փոխարեն անձնագրում ամրացված էր Ֆ.Նանսենի դիմանկարով նամականիշ` «Societe des Nations» /Ազգերի լիգա/ գրությամբ: Այն տրվում էր երկու լեզուներով` ֆրանսերեն և տվյալ երկրի լեզվով: Այդ անձնագիրը ստացած անձինք օգտվում էին կոնֆերանսի մասնակից երկրներում բնակվելու, ազատ տեղաշարժվելու իրավունքից, նրանց նկատմամբ դադարում էին գործել քաղաքացիություն չունեցողների համար գործող սահմանափակումները: Անձնագիրը կարելի էր ձեռք բերել 5 ֆրանկով: Դրանից ստացված եկամուտը Նանսենն օգտագործում էր կարիքավոր գաղթականների համար: Այսպիսով ցեղասպանությունից փրկված շուրջ 320 հազար հայ տարագիրների Ազգերի լիգայի անդամ 52 երկրներում տրվում են «Նանսենյան անձնագրեր»: Մեծ Եղեռնից մազապուրծ եղած տարագիր հայերի համար այդ անձնագրերը սոսկ ինքնությունը հաստատող վկայագրեր չէին, այլ մարդկային արժանապատիվ կեցվածքը չկորցնելու, կորսված օջախը վերականգնելու և կրկին բարին ու գեղեցիկը արարելու անբարբառ խորհուրդ և պատգամ, որոնք հայերը սրբությամբ իրագործում էին դեգերումներից հետո իրենց համար հանգրվան դարձած աշխարհի ցանկացած անկյունում:
Իհարկե, Նանսենը շարունակում էր տեսադաշտում պահել նաև հայ գաղթականներին նյութական օժանդակություն ցույց տալու խնդիրը: Նրանց աջակցելու նպատակով մի շարք երկրներում ստեղծվեցին Նանսենյան գրասենյակներ: Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի տարածքներում գործող Նանսենյան գրասենյակի և Հայ բարեգործական ընդհանուր միության մասնաճյուղերի սերտ համագործակցությունը արդեն տալիս էր իր դրական արդյունքը: Նանսենը Հայ Բարեգործական ընդհանուր միության նախագահ Պողոս Նուբար փաշայի հետ ստեղծեց Միացյալ հայկական կոմիտե, որն աջակիցներ գտավ աշխարհի շատ երկրներում, ծավալվեց հայանպաստ գործունեության հզոր ալիք:
1927 թվականի գարնանը Նանսենյան գրասենյակը Բեյրութում գնեց երկու մեծ հողակտոր, որոնց վրա նախատեսվում էր բնակեցնել մի քանի տասնյակ հազար գաղթական: 1928 թվականին էլ ավելի մեծ տարածքներ գնվեցին Հալեպի, ապա նաև Ալեքսանդրեթի, Դամասկոսի մեջ: Երբեմն Նանսենյան գրասենյակը ստիպված էր լինում հաղթահարել տեղական կառավարությունների դիմադրությունը լավ հողատարածքներ ձեռք բերելու հարցում:
Թեև 30-ական թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը մասամբ նվազեցրեց աշխատանքի ծավալը, սակայն Նանսենյան գրասենյակը Սիրիայում և Լիբանանում շարունակեց հայ գաղթականներին փոքրիկ համայնքներում տեղավորելու և նյութական ապահով պայմաններ ստեղծելու գործը: Բեյրութում ձևավորվեց Պուրչ Համուտի հայկական թաղամասը, Հալեպում` Նոր Գյուղի համայնքը, նմանատիպ վարչական տարածքներ ձևավորվեցին նաև Ալեքսանդրեթում և Դամասկոսում: Նանսենյան գրասենյակի գործունեության շնորհիվ Սիրիայում և Լիբանանում կառուցվեց 6283 տուն, որոնցում տեղավորվեցին 46313 հայ գաղթականներ:
1925 թ. 64-ամյա Նանսենը Ազգերի լիգայի որոշմամբ ստեղծված և իր ղեկավարած հանձնախմբով հայ գաղթականներին հայրենիքում վերաբնակեցնելու հարցի լուծման նպատակով գալիս է Հայաստան, որտեղ ծանոթանում է հինավուրց ու տաղանդավոր ժողովրդի ստեղծած համամարդկային արժեքներին, Գյումրիի որբանոցներում ճաշակում է որբերի ապուրից, մասնակցում նրանց ուսումնական պարապմունքներին: Ճանաչում ու հավատում է հայ ժողովրդի ապագային: Վերադառնալով Եվրոպա, նա Ազգերի լիգայում հայտարարում է «միակ տեղը, որտեղ կարելի է տեղավորել հայ փախստականներին, դա Սովետական Հայաստանն է։ Իր այցելությունը Հայաստան նա նկարագրում է 1927-ին լույս տեսած իր գրքում։ Այն նորվեգերենից թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն` «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն` «Խաբված ժողովուրդ» վերնագրերով: Ընդ որում, գրքի վրա կարմիր տառերով գրված է. «Մեղադրանք Անտանտի ու Ազգերի լիգայի դեմ»: Հայ ժողովրդի նկատմամբ իր մարդասիրական առաքելությունը Նանսենը չի թողնում մինչև մահ։ Նա մահացել է 1930 թ. մայիսի 13-ին:
1935 թ. վերջերին Նանսենյան գրասենյակը հազարավոր փախստականների կացարաններով ապահովում է նաև Հայաստանում և Թուրքիայում:
Մարդասիրական գործունեության համար 1922 թ-ին Նանսենին շնորհվել է Նոբելյան մրցանակ: 1938 թ-ին նրա՝ Գաղթականների միջազգային գրասենյակը նույնպես արժանացել է Նոբելյան մրցանակի`մեկ անգամ ևս ապացուցելով, որ մարդասիրության և գթասրտության նանսենյան պատգամները կենսունակ են, իսկ դրանցով առաջնորդվելը` աստվածահաճո առաքելություն:
1954 թ-ին ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակը սահմանել է Նանսենի մրցանակ (սկզբում կոչվել է «Նանսենի մեդալ»). տրվում է 1955 թ-ից: Այս տարի այդ մրցանակին արժանացել է փախստական ուսուցչուհի Աքիլա Ասիֆին, ով իր կյանքը նվիրաբերել է Պակիստանում փախստական աղջիկների կրթության գործին:
Երևանում գործում են «Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը» (նախագահ` Ֆելիքս Բախչինյան), Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատունը:
2009-ին Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից նկարահանվել է «Ֆրիտյոֆ Նանսեն` աշխարհի խիղճը» ֆիլմը:
Նանսենի անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ Երևանում, Դիլիջանում, Արմավիրում, Սպիտակում, Ստեփանավանում: Երկրաշարժից հետո Սպիտակ քաղաքում նորվեգացիները Նանսենի թոռան` ճարտարապետ Էյգիլ Նանսենի նախագծով 1989 թ-ին կառուցել են հիվանդանոց, որի բակում տեղադրվել է Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին, Երևանի Նոր Նորք թաղամասի զբոսայգում` «Նանսենյան անձնագրի» արձանը:
Անուշ Ներսիսյան
Լուսանկարներում՝
-Նանսենը Ալեքսանդրապոլում /Գյումրիում/ հայ որբերի հետ ապուր է համտեսում, 1925 թվական
-Նանսենի անձնագրի պատճենը
-Հայկական նոր թաղամասի բնակարանների կառուցում Հալեպում, 1928 թվական
Հ. Գ. WomenNet. am-ը շնորհակալություն է հայտնում ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի գրադարանի աշխատակիցներին՝ Ֆրիտյոֆ Նանսենի մասին նյութերը տրամադրելու համար
Կարդացեք թեմայի շուրջմեր կայքում.
Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը/ ֆիլմ
Հայոց Ցեղասպանության թանգարանում Նանսենյան անձնագրի բնօրինակ չկա
Փախստական ուսուցչուհին՝ Նանսենի մրցանակակիր – հաղորդում է ՄԱԿ ՓԳՀ-ն
Դիտումների քանակը` 7525