Ֆլեշմոբ՝ «Պայքարենք հանուն մեր իրավունքների»
Այսօր դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգում տեղի ունեցավ ֆլեշմոբ, որի մասնակիցները կոչ արեցին կառավարությանը չփակել Մարդու Իրավունքների Պաշտպանի մարզային գրասենյակները և լուծել այդ գրասենյակների գործունեությունն ապահովող բոլոր խնդիրները:
Հիշեցնենք, որ նոյեմբեր ամսից ՄԻՊ-ի 6 մարզային գրասենյակները դադարեցրել են իրենց աշխատանքները ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Հայաստանի կառավարությունը մարզային գրասենյակների գործունեության շարունակության ճակատագիրը պետք է դիտարկի 2014 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի Աժգային Ժողովի նիստերի քննարկման ընթացքում:
Միջոցառումը կազմակերպվել էր «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության և ՕՔՍՖԱՄ Հայաստանում միջազգային կազմակերպության համատեղ ջանքերով: Միջոցառմանը միացան «Երիտասարդություն հանուն Արդարության», ինչպես նաև Քաղաքացիական Հասարակության Համագործակցության Ցանցի կազմակերպությունները:
«Պայքարենք հանուն մեր իրավունքների» կարգախոսով ելույթ ունեցավ «Շենգավիթ» վարչական շրջանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի պարային խումբը: Իրենց պարային բեմադրությամբ երեխաները հրավիրեցին ներկաների ուշադրությունը ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի և այդ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների գործունեության կարևորության վրա:
Նշենք, որ Մարդու իրավունքների օրվան ընդառաջ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն և ՕՔՍՖԱՄ Հայաստանում կազմակերպությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ հանրության ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պայմաններում կարող է փակվեն Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) մի շարք գրասենյակներ մարզերում: Հայտարարության շուրջ սկսված ստորագրահավաքին միացան նաև ֆլեշմոբի մասնակիցները և անցորդները:
Հայտարարության տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ.
Դիտումների քանակը` 3191