Օրվա թեման՝ երիտասարդների արտագաղթն է/ վիդեո
Այսօր ՝ օգոստոսի 12-ին Երիտասարդության միջազգային օրն է, որի թեման այս տարի երիտասարդության միգրացիան է: Ըստ ՄԱԿ-ի Սոցիալ-տնտեսական հարցերի վարչության ազգաբնակչության բաժնի տվյալների՝ աշխարհում կա 15-24 տարեկան մոտ 27 միլիոն միգրանտ, ինչը կազմում է աշխարհի 214 միլիոն միգրանտների մեկ ութերորդը։
« Հայաստանից մեկնող երիտասարդ միգրանտները ևս մեծ թիվ են կազմում», – այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը՝ հղում անելով Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի շրջանակներում կատարված հարցմանը, որի համաձայն, հարցված երիտասարդների 78, 5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկնի տարբեր նպատակներով կմեկներ Հայաստանից, իսկ 36.8 տոկոսը՝ կմեկներ ընդմիշտ:
« Պարզ է, որ միգրացիան վտանգներ է պարունակում, թե մեր երկրի, թե հատկապես երիտասարդ միգրանտների համար՝ Հայաստանից տանելով ուժերով լի, վերարտադրողական լավագույն տարիքում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց երբեմն կանգնեցնելով խտրականության եւ շահագործման ռիսկի առջեւ», – նշեց բանախոսը:
Երիտասարդների միգրացիայի պատճառները բազմաթիվ են: Հայրապետյանի խոսքով, հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ արտերկրում ավելի հեշտ է աշխատանք գտնել, 42 տոկոսը նշել է, որ արտերկրում աշխատավարձերը ավելի բարձր են: Մեկնելու համար այլ պատճառների թվում են . արտերկրում չեն ոտնահարում մարդու իրավունքները՝ 12 տոկոս, Հայաստանում առկա անօրինականությունները ՝ 8 տոկոս, մեզանում տիրող հոգեբանական մթնոլորտը ՝ 4,5 տոկոս, Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը 3 տոկոս:
ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի արտաքին կապերի եւ հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանի դիտարկմամբ՝ «Մեր հայ երիտասարդներն իրենց պոտենցիալն ու գիտելիքը տալիս են այլ երկրի: Էյնշտեյնը փախստական էր եւ ասել է՝ իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր հետ նոր երկիր»:
Այդուհանդերձ, Հայաստանում սկսում է ձևավորվել նաև ակտիվ, ոչ անտարբեր երիտասարդության մի շերտ, որը ներառում է թե՛ տեղացի, թե՛ սփյուռքահայ և փախստական երիտասարդների: Այդ մասին էլ ասուլիսին ցուցադրվեց ՄԱԲՀ երիտասարդ հավասարակիցների ցանցի կամավորների նկարահանած փոքրիկ ֆիլմը:
Դիտումների քանակը` 4500