«Օսկար»-ը տղամարդ է. ամենապատվաբեր կինոմրցանակի գենդերային առանձնահատկությունները
Պարզվում է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության ստեղծման օրից Օսկարի առաջադրվածների միայն 16%-ն է կին, նույնիսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգը ներառյալ: Ավելին, Օսկար 2014-ի յոթ անվանակարգերում ներկայացված էին միայն տղամարդիկ: Դրա մասին է վկայում սկարի տվյալների բազայում / The Oskar Database ներկայացված հետաքրքրաշարժ վերլուծությունը:
Օսկարի գենդերային դիսբալանսը չի հավասարակշռվում
Կինոակադեմիայի մրցանակաբաշխության 86 տարվա պատմության մեջ մի քանի անփոփոխ բան է մնացել: Կարմիր գորգը: Ոսկե արձանիկը (որն, ի դեպ, տղամարդ է): Կին թեկնածուների սակավությունը:
Մրցանակաբշխությանը նախորդող ամիսների ընթացքում կայքերի, ամսագրերի, թերթերի ու հեռուստաշոուների առաջին էջերից չեն իջնում դերասանուհիների նկարները: Քննարկում ենք նրանց հրաշալի մարմինները, հագուստների դիզայնը, սանրվածքն ու դիմահարդարումը:
Ցավոք, փաստացի Օսկարի նոմինացված շատ քիչ կին կա: Որոշ անվանակարգերում երբեք կին ներկայացված չի եղել, այլ անվանակարգերում կին թեկնածուների թիվը 86 տարվա ընթացքում մեծ փոփոխության չի ենթարկվել:
Կին թեկնածուների ամենամեծ՝ 26 % մասնակցություն արձանագրվել է 1994թ.-ին: Ու հաջորդ տարի անմիջապես իջել 16%-ի: 2002, 2004, 2008-ը գրեթե ռեկորդային էին Օսկարի առաջադրված կանանց սահմանափակ թվով:
Օսկարի ավելի հավանական հաղթողներ են տղամարդիկ
Հաղթող կանայք ամենաշատն են եղել 1929թ.-ին: Այժմ միայն հետընթաց է արձանագրվում: 2008-2013 ժամանակահատվածում, ավելի քիչ կին շահեց արձանիկը, քան պատմական միջինն է: 2011-ին Օսկար ստացածների միայն 7%-ն էր կին: Կին հաղթողների երբևէ ամենափոքր՝ 6 տոկոսը 1947-ին է գրանցվել: Տղամարդիկ 86 տարվա ընթացքում միջին հաշվարկով շահել են մրցանակների 86%-ը, թեև միջինում ներկայացված են եղել 84%-ով:
Անվանակարգեր, որտեղ կանայք հաղթում են… Եվ անվանակարգեր, որտեղ նրանք չկան
Կանանց ներկայությունը զգալիորեն սահմանափակ է Օսկարի գրեթե բոլոր անվանակարգերում (բացի սեռի հատկանիշով անվանակարգերից՝ լավագույն դերասանուհի և երկրորդ պլանի դերասանուհի): Բայց որոշ անվանակարգերում կանանց բացակայությունը շատ նկատելի է:
Մի քանի օրինակ:
- 2001թ.-ին սահմանված Անիմացիոն խաղարկային ֆիլմ անվանակարգում միայն անցած տարի է մրցանակը կին ստացել՝ Բրենդա Չեփմենը «Brave»-ի համար: Տղամարդ նոմինանտներն այս անվանակարգում 93% են կազմել:
- Օպերատորական արվեստ անվանակարգում 86 տարվա ընթացքում 631 թեկնածուներից որևէ մեկը կին չի եղել:
- Միայն մեկ կին է ճանաչվել լավագույն ռեժիսոր` Քեթրին Բիգելոուն The Hurt Locker ֆիլմի համար, 2009-ին: Այս անվանակարգում մրցանակաբաշխության պատմության մեջ առաջադրված 463 թեկնածուներից միայն 4-ն են կին՝ Լինա Վերթմյուլերը (1976), Ջեյն Քեմփիոնը (1993), Սոֆիա Կոպոլան (2003) և հենց Քեթրին Բիգելոուն (2009, 2012):
- Հատուկ/վիզուալ/տեխնիկական էֆեկտների համար երբևէ առաջադրված 635 թեկնածուներից միայն 6-ն են կանայք: 1928թ.-ից այս անվանակարգում հաղթել է 3 կին՝ Վիվիեն Գրինհեմը «Նավարոնի հրացանները» (1961) ֆիլմի համար, Սյուզան Բենսոնը «Այլմոլորակայիններ»-ի (1986) և Ջենըք Սիրսը՝ «Մատրիքս»-ի (1999):
Մի քանի երկրորդական անվանակարգում կանանց թիվը գրեթե հավասար է տղամարդկանց թվին: Միայն հագուստի դիզայնի ոլորտում է, որ կանայք անցնում են տղամարդկանց: Այս անվանակարգում կանայք կազմում են թեկնածուների 55%-ը և հաղթողների 58%-ը: Երկրորդ անվանակարգը, որտեղ կանայք շատ են, դիմահարդարումն է: Կանայք հաղթողների 32%-ն են կազմում էստեղ: Կանանց մասնակցությամբ 3-րդ տեղում է Վավերագրական ֆիլմի անվանակարգը, որտեղ թեկնածուների 24%-ը և հաղթողների 23%-ը կանայք են եղել:
Օսկար 2014
Բացառությամբ լավագույն դերասանուհի անվանակարգերի, Կինոակադեմիայի 86-րդ մրցանակաբաշխությանը ներկայացված թեկնածուների 17%-ը կին էր, 83%-ը՝ տղամարդ: 19 անվանակարգերից 7-ում որևէ կին ներկայացված չէր:
- Լավագույն օպերատոր
- Լավագույն ռեժիսոր
- Լավագույն մոնտաժ
- Լավագույն սաունդթրեք
- Լավագույն ձայնային մոնտաժ
- Լավագույն ձայնային միքս
- Լավագույն վիզուալ էֆեկտներ
Ամբողջությամբ տվյալերին կարելի է ծանոթանալ ՝ The Oskar Database / անգլերեն
Դիտումների քանակը` 3443