Օմբուդսմենի զեկույց. «Բազմաթիվ կանայք շարունակում են լռել իրենց նկատմամբ կիրառվող բռնության մասին»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վերջերս ներկայացրեց իր տարեկան զեկույցը, որում առանձին ենթավերնագրով անդրադարձ է արվել կանանց իրավունքներին: Ներկայացնենք կանանց իրավունքներին վերաբերյալ զեկույցում ներառված մի շարք դիտարկումներ:

 

Պաշտպանը նախ հղում է կատարում Հայաստանի օրենսդրությանը եւ միջազգային պայմանագրերին, որոնք պարտավորեցնում են պետությանը ապահովել հավասար հնարավորություններ երկու սեռերի համար եւ բացառել կանանց նկատմամբ խտրականությունը: Իրավիճակը Հայաստանում, սակայն, այդքան էլ հուսադրող չէ:

 

«2014 թվականի ընթացքում Հայաստանում կրկին արձանագրվել են կանանց իրավունքների ոտնահարման և նրանց նկատմամբ խտրականության դրսևորման բազմաթիվ դեպքեր: Դրանց հիմնական պատճառը հասարակությունում կանանց դերի նկատմամբ կարծրատիպային մոտեցումներն են, իրավական մի շարք մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից կանանց իրավունքների ոտնահարման դեպքերին ոչ պատշաճ արձագանքը»,- ասվում է զեկույցում:

 

Պաշտպանն ընդգծել է, որ կանանց նկատմամբ խտրականության դրսևորման առավել տարածված ձևերից շարունակում է մնալ կանանց նկատմամբ բռնությունը: «Բռնության առավել տարածված տեսակներից է ընտանեկան բռնությունը, որը դրսևորվում է ֆիզիկական, հոգեբանական և տնտեսական ձևերով»:

 

Զեկույցում ներկայացված է ամբողջ տարվա ընթացքում բռնության դեպքերի պաշտոնական վիճակագրությունն ու հասարակական կազմակերպությունների արձանագրած ահազանգերը՝ ընդգծելով, որ ընտանեկան բռնության հասկացության օրենսդրական սահմանման բացակայության պայմաններում բազմաթիվ դեպքեր, որոնք միջազգային նորմերով համարվում են ընտանեկան բռնություն, համապատասխան գերատեսչությունների կողմից չեն հաշվառվում որպես այդպիսիք:

 

«Ամոթի, իրավապահ մարմինների նկատմամբ անվստահության, նման իրավիճակներում պետական աջակցության բացակայության և այլ գործոնների պատճառով՝ բազմաթիվ կանայք շարունակում են խուսափել բարձրաձայնել իրենց նկատմամբ կիրառվող բռնության մասին»,- նշված է Պաշտպանի տարեկան զեկույցում:

 

Անդրադառնալով ընտանեկան բռնության գործերով դատական պրակտիկային՝ Պաշտպանը նշում է, որ ընտանեկան բռնության ենթարկված կանայք այստեղ հանդիպում են մի շարք խնդիրների, մասնավորապես՝ գործի առանձնահատկություններին անծանոթ, կարծրատիպային մտածելակերպ ունեցող առանձին դատավորները և դատախազները կարող են իրենց ոչ կոմպետենտ հարցերով կրկին վնասել զոհին: Կան դժգոհություններ, որ ընտանեկան բռնության զոհերը հաճախ բախվում են կողմնապահության դատավորների կողմից (հատկապես մարզերում):

 

Զեկույցում առանձին անդրադարձ կա նաեւ ընտանեկան բռնության մասին առանձին օրենք ունենալու անհրաժեշտությանը, քանի որ օրենքի բացակայությունը բռնության դեմ արդյունավետ պայքարի խոչընդոտներից է համարվում:

 

«Գործող օրենսդրությամբ սահմանված չէ «ընտանեկան բռնություն» հասկացությունը, ինչի հետևանքով դրանից բխող հարաբերությունները չեն կարգավորվում: Արդյունքում, շատ դեպքերում բռնության կանխարգելումը դառնում է անհնար, որովհետև ընտանեկան բռնություն համարվող ոչ բոլոր արարքներն են ներառում ներկայիս օրենսդրությամբ երեխաներն էլ իրենց հերթին հոգեբանական հարված են ստացել, ունեն վախեր և այլ հոգեբանական խնդիրներ»:

 

Պաշտպանը հիշեցնում է, որ ընտանեկան բռնության մասին օրենսդրության մշակումը բխում է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի /1995թ./ հանձնարարականներով, ԵԽ Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերով, ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջներով և միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորություններից և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի առաջարկներից:

 

Զեկույցում նաեւ ընդգծվում է, որ 2015 թվականին Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացքում Հայաստանի վերաբերյալ մի շարք երկրների դիտարկումներ առնչվում էին հենց ընտանեկան բռնության մասին օրենսդրության բացակայությանը:

 

Պաշտպանի զեկույցում ներառվել են նաեւ կին իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող ճնշումներն ու բռնությունները: «Կին իրավապաշտպանների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը իրավապահ մարմինների կողմից պատշաճ արձագանքի չեն արժանացել, և միջոցներ չեն ձեռնարկվել հետագայում նման դեպքերը բացառելու համար»,- ասվում է զեկույցում:

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 3879

Գլխավոր էջ