Օդանավակայանի տիրուհի Թալինի նոր կյանքը հայրենիքում

Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցները Սիրիայից՝  գալով Հայաստան,  իրենց հետ նոր գույն ու շունչ  բերեցին: Ու խոսքը միայն  այն մասին  չէ, որ  եթե նախկինում սիրիական ուտեստների ու համեմունքների կարող էինք հանդիպել հատուկենտ խանութներում, ապա այսօր նրանք մեծ մաս են կազմում… WomenNet.am –ի  զրուցակից   Թալին Մարգարյանը մեկն է այն սիրիահայ կանանցից, ովքեր հայրենիքում  կյանքը նոր էջից սկսելու ուժ գտան իրենց մեջ:    

 

Հալեպում նրան ճանաչում էին «Մատառ Թալին» անունով: Իսկ ինչու Մատառ –   մեր այս  հարցին  ի պատասխան  նա բացատրում է, որ արաբերեն մատառ նշանակում է օդանավակայան: Պարզվեց,   մեր հայրենակիցը՝ Հալեպի օդանավակայանի փոխտնօրենն էր և այդ կառույցում աշխատող միակ հայն ու քրիստոնյան: Թալին Մարգարյանի առօրյան 17 տարի շարունակ այլ ընթացք է ունեցել, պաշտոնական ու գործնական հանդիպումներ, բանակցություններ ձեռք սեղմումներ և այլն….Այսօր սակայն նրա առօրյան բոլորովին այլ է…  բայց նախ հերթով:

 

Դեպքերի բերումով ստիպված թողեց իր ոչ պակաս հայրենի բնօրրան՝ Հալեպը ու բնակություն հաստատեց Մայր հայրենիքում՝ ընտանիքի անդամների հետ միասին:  Պատմում է,  որ առաջին իսկ պահից սկսած ու  երբևէ խորթության զգացողություն չի ունեցել, քանի որ հայրենիքի հետ կապը միշտ եղել է: Տարին մի քանի անգամ այցելել է Հայաստան, ու երազանք ունեցել, որ մի առ ժամանակ հետո, երկարատև  բնակություն է հաստատելու հայրենիքում, բայց երբևիցե մտքով չէր անցել,  որ վերադարձը կլիներ նման դաժան ձևով:

 

«Պատերազմի մեջ էինք ու տեսանք որ այլևս միջոց չունենք մնալու: Մեր  տան մեջ ինը  հոգով էինք ապրում, որոշեցինք, որ ես գամ Հայաստան, այստեղ կարգավորեմ շատ հարցեր, հետո  էլ եղբայրս պետք է գար ընտանիքով…, բայց ես եկա վերջին թռիչքով, որից հետո ճանապարհները փակվեցին ու ընտանիքս մնաց այնտեղ»,- պատմում  է Թալինը, նշելով, որ հետագայում  մեծ դժվարությամբ հաջողվում է Հայաստան բերել նաև ընտանիքի մյուս անդամներին:

 

Նա  հուզմունքը չի կարողանում թաքցնել ու արցուքները մի կերպ է զսպում ,երբ խոսքը գնում Սիրիայում  իրենց տան մասին: Ասում է, որ իրենց տունը շատ վատ վիճակում է,  փլվել է տան տանիքը, քանդվել են պատերը՝ ջնջելով ու իրենց հետ տանելով մի ամբողջ ընտանիքի կյանքի պատմություն:

 

«Ես մեծ շանսեր ունեի այլ երկներում ապրելու ու աշխատելու համար, բայց նախընտրեցի իմ երկրում մնալ, քանի որ ինչքան էլ թափառական լինենք, թող մեր հողի վրա լինենք», – ասում է զրուցակիցս:

 

Այսօր Թալինը օրվա ապրուստը վաստակում է քաղցրավենիք, ճաշատեսակներ պատրաստելով: Պատմում է, որ անուշեղեն ու համեղ կերակուրներ պատրաստելը սովորել է մայրիկից: Մայրը՝ տիկին Ազնիվը, հրուշակագործ է եղել: Հալեպում հաճախ են իրենց պատրաստած կերակուրներն ու անուշեղենները ներկայացրել ցուցահանդեսների, գումարն էլ փոխանցել են բարեգործական ընկերություններին:  Թալինը պատմում է, որ երբ գալիս էր Երևան շատ հաճախ ընկերների համար պատրաստում էր կերակուրներ,անուշեղեններ ու հրավիրում համտեսի:

«Նրանք գրեթե միշտ հավանում էին իմ պատրաստածները ու մեծ ախորժակով այն վայելում», – պատմում է նա: Ընկերներն էլ այսօր հումորով նկատում են, որ եթե նախկինում Թալինը Հալեպի օդանավակայանի տիրուհին էր, այժմ խոհանոցի տիրուհին է : Նրան ճանաչողները պատմում են՝ խոհանոցում Թալինը պարզապես հրաշքներ է գործում: Իսկ Թալինը նշում է, որ իր հաճախորդները միայն տեղաբնակները չեն, այլև Հայաստանում ապրող սիրահայերը, ովքեր ասում են,որ իր պատրաստած կերակուրներից Հալեպի կարոտն են առնում, հատկապես երբ խոսքը վերաբերվում է անուշեղենին:

«Ներքին կռիվ շատ կար մեջս , խոստովանում եմ, բայց ինքս ինձ ներշնչում էին, որ պետք է աշխատեմ , ու իմ ապրուստը պետք է հալալ քրտինքով վաստակեմ: Մինչև լահմաջո թխելը, ամեն ինչ փորձեցի անել  …..ու հասկացա,որ կամքով ու կորովով ամեն ինչ կարող ես հաղթահարել», – ասում է Թալինը:

 

Զրուցեց ՝ Արմինե Գեւորգյանը

 

Հ.Գ. Ի դեպ,  Թալին Մարգարյանի ուտեստների համը փորձել եմ նաև ես ու  ինչպես ասում են՝ համն ուղղակի շլացնող էր…

 

 

Դիտումների քանակը` 3729

Գլխավոր էջ