Քրիստինե Ղալեչյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

 

Կին փոխնախարարների թիվը կառավարությունում   25% է

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ի որոշմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

 

 

Այս նշանակումից հետո 12 նախարարությունների 40 փոխնախարարներից 10-ն են կին (25%): Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ կառավարության կազմում 12 կին փոխնախարար կար:

 

 

Նախարարություններից միայն  չորսում տեղակալների առումով հավասարությունն ապահոված է: Այսպես  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի չորս փոխնախարարներից երկուսը կանայք են՝ Լենա Նանուշյանն ու Անահիտ Ավանեսյանը:

 

 

 

Նույն պատկերն է   Արդարադատության նախարարությունում՝   նախարար Ռուստամ Բադասյանի չորս տեղակալներից  երկուսը կանայք են՝ Քրիստինե Գրիգորյանը և Սրբուհի Գալյանը:

 

 

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս  աշխատանքից ազատեց նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին և այս պահին նախարարն ունի չորս տեղակալ, որոնցից երկուսն են  կին՝  Նարինե Խաչատուրյանը և վերջերս նշանակված Ժաննա Անդրեասյանը:

 

 

Շրջակա միջավայրի  նախարար Էրիկ Գրիգորյանի երկու տեղակալներից մեկը կին է՝ Իրինա Ղափլանյանը:

 

 

 

Հավասարությունը խախտված է   Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ նախարար Սուրեն Պապիկյանը ունի վեց տեղակալ, որոնցից միայն երկուսն են կին՝ Լիլիա Շուշանյանը և նորանշանակ Քրիստինե Ղալեչյանը:

 

 

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի 5  տեղակալներից միայն մեկն է կին՝ Նաիրա Մարգարյանը:

 

 

Մնացած նախարարություններում ընդհանրապես կին փոխնախարարներ չկան: Մասանվորապես ուժային բլոկում թե՛ ԱԻՆ-ում (3 տեղակալ), թե՛ պաշտպանության նախարարությունում (2 տեղակալ) նախարարի տեղակալները բացառապես տղամարդիկ են:

 

 

Կին տեղակալ չունի նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը (4 տեղակալներից և ոչ մեկը կին չէ),  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար  Հակոբ Արշակյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը :

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի Զարուհի Բաթոյանի երեք  տեղակալների թվում այս պահին կանայք չկան: Մինչ  վերջերս  նախարարը չորս տեղակալ ուներ, որոնցից  միայն մեկն էր կին՝ Ժաննա Անդրեասյանը, ով  մեկ ամիս առաջ նշանակվեց կրթության նախարարի փոխնախարար:

 

 

 

Նշենք նաև, որ թեև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով  և՛ նախարարների, և՛ փոխնախարարների պաշտոնները  համարվում են քաղաքական, սակայն, ինչպես օրենքն է ասում ՝   «Նախարարի տեղակալի քաղաքական պաշտոն և համայնքի ղեկավարի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համապատասխանաբար նախարարից և համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ»:

 

 

Այս առումով միայն  Զարուհի Բաթոյանի զբաղեցրած  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնն է համարվում  քաղաքական որոշումների ընդունման մակարդակ:  

 

 

Դիտումների քանակը` 1931

Գլխավոր էջ