Քվեբեկում խոսվել է նաև խորհրդարաններում կանանց ներկայացվածության մասին
Հոկտեմբերի 21-ից 26-ը Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովը, որի օրակարգում էր նաև գենդերային գործընկերությանը նվիրված հատուկ նիստ` «Գենդերային գործոնը հաշվի առնող խորհրդարանները» թեմայի շուրջ: Քվեբեկից վերադարձած հայկական պատվիրակության անդամ Հեղինե Բիշարյանից WomenNet.am-ը փորձեց ճշտել, թե Հայաստանի մասով այս հարցի շրջանակում ինչ հարց է ներկայացվել և առհասարակ` ի՞նչ է քննարկվել նիստում:
Հեղինե Բիշարյանը նշեց, որ նիստում, ինչպես երևում է վերնագրից, ուշադրության կենտրոնում պետք է որ լիներ քվոտաներին վերաբերող հարցը, սակայն ավելի շատ քննարկվել է տարբեր երկրներում կանանց իրավունքների ոտնահարումը և կանանց նկատմամբ բռնությունների կիրառումը.
«Միջխորհրդարանական միության անդամ են այնպիսի երկրներ, որտեղ կանանց վիճակը, մեղմ ասած, շատ վատ է և նախևառաջ բարձրաձայնվեց այն երկրների մտահոգիչ հարցը, որտեղ բառիս բուն իմաստով բացարձակապես ոտնահարված են կանանց իրավունքները ոչ միայն որպես ընտանիքի լիարժեք անդամի, այլ նաև հասարակության անդամի»,- պատմեց պատգամավորը` նշելով, որ խոսքը հիմնականում աֆրիկյան պետությունների մասին է, որտեղ կանայք ոչ միայն բռնությունների են ենթարկվում ու երկրորդական դեր են կատարում հասարակությունում, այլև թրաֆիքինգի զոհ են դառնում: Երեխաները նույնպես:
«Ավելի շատ այս քննարկումների վրա սևեռվեցինք, որոնք շատ ցավոտ են, բայց այս մասով, հասկանալի է, մենք ելույթ չենք ունեցել»,- հավելեց Հ.Բիշարյանը:
Իհարկե Հայաստանի օրինակը շատ այդպես ցցուն չէ, շարունակեց նա, բայց այնուամենայնիվ հայաստանյան իրողություններն էլ ներկայացվել են վեհաժողովում: Խոսքը քվոտաների մասին է.
«Իհարկե կանանց ներկայությունը Ազգային Ժողովում էապես այդքան էլ չի ավելացել, բայց այդուհանդերձ մենք կարողացանք կանանց ներկայությունը ապահովել օրենսդիրում, ինչպես նաև գործադիրում կին-նախարարներ ունենք… Հավատացեք, անելիք դեռ շատ ունենք, բայց կան երկրներ, որտեղ անգամ այս փոքր օրինակը բացակայում է»,- նշեց մեր զրուցակիցը:
Քվոտաների ավելացումը, ըստ Հ.Բիշարյանի, շարունակական գործընթաց պետք է լինի և այլ հարց է` այսօրվա դրությամբ առկա ավելացումը մեզ բավարարում է, թե ոչ: Մատնանշեց` Ազգային Ժողովում այսօր կան խմբակցություններ, որոնք համամասնական ցուցակներում գրեցին, ցույց տվեցին կանանց մասնակցությունը և ամեն հինգում մեկ կնոջ ներկայություն, սակայն իրականում այդ կանայք Ազգային Ժողով չմտան. «Սա նշանակում է, որ նորից խախտվում է Ընտրական օրենսգիրքը, ինչը պետք է ուշադրության կենտրոնում լինի»:
Ինչ վերաբերում է բռնություններին ու կանանց իրավունքների ոտնահարման օրինակներին մեր երկրում, ապա Հ.Բիշարյանը նկատեց, որ Հայաստանը այդ իմաստով բավականին լավ դիրքերում է, առավել ևս այն ամենից հետո, ինչ նա լսել է Քվեբեկում կայացած վեհաժողովի հատուկ այդ նիստի շրջանակներում: Իսկ ամենակարևորը` կինը Հայաստանում, մեր հասարակությունում գնահատվում է և գնահատված է.
«Կան բաներ, որոնց մասին մենք ավելի շատ լսում ենք ու փառք Աստծո, որ միայն լսում ենք և ոչ թե տեսնում մեզանում»,- գոհունակությամբ հավելեց մեր զրուցակիցը:
Էնզելա Մակարյան
Խմբագրության կողմից.
Նշենք, որ Միջխորհրդարանական միության վերջին տվյալներով կանանց ներկայացվածությունը աշխարհի խորհրդարաններում 20, 5 տոկոս է դարձել, ընդ որում վերընշված աֆրիկյան երկրներում այդ ցուցանիշը 20,3 տոկոս է: Երևի էե, չարժե հիշեցնել, որ Հայաստանի Ազգային Ժողովում կանայք ընդամենը 10,7 տոկոսն են, այսինքն ավելի քիչ , քան աշխարհում ամենացածր ցուցանիշը ունեցող` խաղաղօվկիանոսյան ( 12,7%) և արաբական երկրներում (14,9%):
Այնպես որ համեմատությունները միշտ չէ, որ մեր օգտին են խոսում: Առավել ևս, որ այն երկրներում, որոնց հետ փորձում ենք համեմատվել. կանայք դժվար թե կազմում են բարձրագույն կրթությամբ անձանց 60 տոկոսը, ինչպես որ Հայաստանում:
Ինչ վերաբերվում է կանանց նկատմամբ բռնության հիմնախնդրին, ապա այն, ցավոք սրտի, չի շրջանցել Հայաստանը, ուղղակի մենք հաճախ դրա մասին գերադասում ենք չխոսել և նույնիսկ չտեսնել դրա ակնհայտ դրսևորումները…
Դիտումների քանակը` 4499