Քիմի հեղափոխությունը

Այս օրերին Հայաստանում ամեն ինչ շնչում ու արտաշնչում է Քիմ Քարդաշյանով: Նրա Հայաստան այցելության մասին գրում է համաշխարհային մամուլը: Եվ քանի որ վերջինս այդ այցը կապում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, Քիմ Քարդաշյանը հիմա գրեթե հերոս է, ով միայնակ կարողացավ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Հայոց Ցեղասպանության խնդիրը և հայ ժողովրդի պահանջատիրությունը մասսայականացնել աննախադեպ ընդգրկմամբ՝ ընդամենը լինելով…Քիմ Քարդաշյան: Այն, ինչ տեղի է ունենում նրա այցի և անվան շուրջ Հայաստանում, այլ կերպ, քան մտքի և ընկալումների հեղափոխություն հնարավոր չէ համարել, – գրում է «Հետք»-ը՝  վերլուծելով   Քիմի կերպարի  ֆենոմենը:

 

 

Նա ամբողջությամբ փոխեց պատկերացումները բարոյականության մասին: Դուրս բերեց այն ավանդապաշտականի, պահպանողականության կաղապարներից և ստիպեց մտածել այն մասին, թե որն է ավելի բարոյական. ապավինել բարոյական նորմերին ու արժեհամակարգին՝ շարունակ իրական պարտություններ գրանցելով և բարոյական հաղթանակների միֆով ինքնախաբեությամբ զբաղվելը, թե մեր մենթալիտետին անհարիր վարքագծի և կենսակերպի հաշվին ձեռք բերած կապիտալը ազգային նպատակներին ծառայեցելը և դրանից շահաբաժիններ ստանալը: Նրա կերպարի և անվան օգտագործումը ստիպում է հասկանալ, որ երբ քո դեմ պայքարում է Ցեղասպանության իրողությունը, ճշմարտությունը երկակի ստանդարտներով քաղաքական հաշվարկներին ու շահերին զոհաբերելու տեսքով գլոբալ անբարոյականությունը, անիմաստ է որպես վահան կիրառել բարոյական կերպարն անաղարտ պահելու՝ փաստորեն ոչ մեկի կողմից չգնահատվող սկզբունքը:

 

 

Եթե մինչև Քիմի գալը նրա անունը Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապելու անգամ տեսական հնարավորությունը մասսայաբար համարվում էր անընդունելի, ապա հիմա տիրապետող է դարձել այն մոտեցումը, որ եթե ամերիկյան հեռուստաաստղը թույլ է տալիս այս կերպ օգտագործել իրեն, ապա ինչու ոչ. կարևորը, նույնիսկ անկախ նրա հետևորդների, երկրպագուների շրջանակի ինչպիսին լինելուց, ուղերձները տեղ հասցնելն է, աշխարհի ուշադրությունը Հայաստանի և ցեղասպանության ճանաչման պահանջատիրության վրա սևեռելը: Թե ինչ է կոչվում ուրիշի անվան միջոցով շահույթ հետապնդելը, թերևս, մեկնաբանելու կարիք չկա: Էականն այն է, որ դա ինքնին արդեն կարծես թե դադարում է անբարոյականություն համարվելուց: Սա այն դեպքն է, երբ նպատակն արդարացնում է բոլոր հնարավոր միջոցները: Այդ հարցում կարծես համահասարակական կոնսենսուս և ընկալում է ձևավորվել:

 

Եվ, այնուամենայնիվ, տեսնելով այն ֆուրորը, որը Քիմն առաջացրեց Երևանում, կարելի է միանշանակ ասել. լավ է, որ նա Հայաստան եկավ ոչ թե ապրիլի 24-ին, այլ հիմա: Հակառակ դեպքում անխուսափելի էր լինելու Ցեղասպանության և պահանջատիրության զուգորդումը նրա անվան և կերպարի հետ: Չնայած համաշխարհային մամուլը նրա հայաստանյան այցը ներկայացնում է 100-ամյակի համատեքստում, սակայն գոնե շեշտվում է, որ Քիմը եկել է իր արմատները բացահայտելու, զգալու, փաստորեն՝ ինքնաճանաչողության համար: Ապրիլքսանչորսյան օրերին այս գործոնը որևէ դեր չէր կատարելու և դեռ հարց է՝ ավելի շատ ուշադրություն էր գրավելու տասնյակ պետությունների պատվիրակությունների մասնակցությունը այդ օրերին Երևանում կազմակերպվելիք ոգեկոչման արարողություններին, թե Քիմ Քարդաշյանի ներկայությունը: Այդ «բրենդը» Ցեղասպանության հետ նույնականացնելը կարող էր անդառնալի հետևանքներ ունենալ: Որովհետև որքան էլ զուտ ճանաչողության մակարդակի բարձրացման առումով խնդրի մասսայականացումը, ինչն իրենով անում է Քիմը, կարևոր ու անհրաժեշտ է, ինչ-որ սահմանից հետո այն հանգեցնում է դրա հասարակացմանը, պարզունակացմանը և շաբլոնացմանը:

 

 

Ընկալումների հեղափոխության մյուս ֆենոմենը ինքնին Քիմ Քարդաշյանի կերպարի փոխակերպումն է: Մինչ Հայաստան ոտք դնելը նա հայաստանյան հասարակության ընկալումներում անբռնազբոսության տիպար էր: Կին, որն իր ողջ էությամբ, իր ապրած կյանքով, վարքագծով բացարձակապես չէր տեղավորվում հայ կնոջ՝ մեզանում արմատացած կերպարի կաղապարում: Մինչդեռ Հայաստանում գտնվելու ընթացքում նա «պոռնոաստղից», ինչպես բնորոշվում էր շատերի կողմից, սահուն վերածվում է ազգային խնդիրներով մտահոգ, պայքարի կամք դրսևորող հերոս կնոջ: Անգամ առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող դետալները այս անցման մասին են վկայում: Քիմն առաջինը լուսանկարվում է Մայր Հայաստանի արձանի ֆոնին, նրա քույրը հայ կանանց պայքարի ոգու մասին ինչ-որ գրառումներ է կատարում, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման մասին Կառավարության տարածած հաղորդագրության մեջ շեշտը դրվում է Քիմից հենց ազգային խնդիրների համար պայքարելու ակնկալիքի վրա: Գուցե սա արվում է՝ Քիմին իր հերսականության մեջ համոզելու, ներշնչելու և հայկական կազմակերպությունների հետ համագործակցության մղելու նպատակով: Բայց այս փոխակերպումը Քիմ Քարդաշյանին կդարձնի շատերի, հատկապես երիտասարդ կանանց և աղջիկների կրկնօրինակման առարկան: Եթե հայ կնոջ հերոսական կերպարն ավանդաբար մարմնավորել են առավելապես կամ ավելի ճիշտ բացառապես պատմական դեմքեր, որոնք չունեն ներկայի շունչը, ինչպես, ասենք, Փառանձեմ թագուհին, Սոսե մայրիկը, հիմա երիտասարդության համար կա շատ ավելի շոշափելի և հասանելի, այդքանով արդեն ավելի ընդունելի տիպ: Մարդ, ով բացառապես իր արտաքին տեսքի, խելահեղ աշխատասիրության, էներգիայի և կամքի հաշվին գործնականում ոչնչից կերտել է կյանքը, հասել ճանաչվածության գագաթնակետին, ով ոչ մի հոգևոր արժեք, ըստ էության, չստեղծելով՝ այնուհանդերձ, վերածվել է խորհրդանիշի, որն իր մեջ կրում է ժամանակակից փոփ-արտի ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Գործոններ, որոնք այնքան գայթակղիչ են դարձնում Քիմ Քարդաշյանին նմանվելը: Եվ սա այն հետևանքը կամ գինն է, որ գուցե կպահանջվի Քիմ Քարդաշյանի անունն ու հեղինակությունն օգտագործելիս: Այս հանգամանքը չեն կարող հաշվի չառնել նրա «բրենդի» վրա, գուցե տվյալ պահի առումով՝ իսկապես խելացի խաղադրույք կատարած մասնագետները:

 

Հոդվածը ամբողջությամբ կարդացեք «Հետք»-ում  այստեղ

 

 

 

Դիտումների քանակը` 3869

Գլխավոր էջ