Քեսաբից Թուրքիա տեղափոխված հայուհին պատմել է վերապրածը. «գաղթի ճանապարհներ տեսնելու փոխարեն մեռնել ցանկացա…»
Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի և շրջակայքի նկատմամբ վերահսկողություն սահմանած զինյալները 19 սիրիահայի տեղափոխել են Թուրքիայի Հաթայ նահանգի Յայլադաղը բնակավայր։ Երեկ նրանք տեղափոխվել են Թուրքիայի հայկական Վաքըֆլը գյուղ։ Նրանցից Անահիտ Ահարոնյանն իրենց վերապրածը պատմել է «Ակօս»-ին։
Թուրքիայի սահմանից 3 կմ հեռավորությամբ գտնվող հայաբնակ Քեսաբ ավանը մարտի 21-ից գրավվել է զինյալ ծայրահեղականների կողմից։ Ժողովրդի մեծ մասը տեղափոխվել է Լաթաքիա։
Քեսաբում մնացած մոտ 50 մարդկանցից Թիթիզյան տարեց քույրերին Լաթաքիա տեղափոխելու պատրվակով հանել էին տնից, սակայն թողել էին Յայլադաղը սահմանադռան մոտ։ Ապրիլի 5-ի գիշերը Քեսաբում մնացածներից ևս 19-ը տեղափոխվել են Թուրքիա։ Վաքըֆլը գյուղում հյուրընկալվածներից Անահիտ Ահարոնյանը պատմել է, թե ինչպես են իրենց օրեր շարունակ պահել Քեսաբի մերձակայքում գտնվող գյուղերից մեկում։
Նա պատմել է, որ ընտանիքը ծնունդով Այնթեպից է և 1915թ.-ին կարողացել է փրկվել ու հաստատվել Հալեպում։ Անահիտ Ահարոնյանը Հալեպում է ապրում, սակայն Քեսաբում ամառանոց ունեն, և կարճ ժամանակ առաջ տեղափոխվել էր այնտեղ։
«Քեսաբում կռիվների սկզբից ի վեր գնացողները գնացին, իսկ մնացածներին հավաքեցին դպրոցում։ Ես և 91 տարեկան հորեղբայրս 5 օր շարունակ մնացինք մեր տանը։ Եկան, մեր տունը տակնուվրա արեցին, սակայն մեզ չտեսան։ Հինգերորդ օրը մեզ գտան և մյուսների մոտ տարան։ Հայեր և սուննիներ կային այնտեղ։ Բոլորս տարեց էինք, քնում էինք գետնին։ Մեզ լավ էին նայում, ձեռքներիցս բռնում էին, օգնում էին, որ բարձրանանք, կերակրում էին։ Նրանց ասացի. «Կրակե՛ք, մեռնենք ու ազատվենք»։ 1915թ.-ի նման գաղթի ճանապարհներ տեսնելու փոխարեն մեռնել ցանկացա։ Սակայն ասացին, որ մեզ չեն սպանելու»,-պատմել է Անահիտ Ահարոնյանը։
Տասն օր այնտեղ մնալուց հետո նրանց տեղափոխել են Թուրքիա, սակայն տարհանելուց առաջ տարել են Քեսաբի հայկական եկեղեցին, որպեսզի վերջին անգամ տեսնեն այն։ «Ցանկանում էին ցույց տալ, որ ոչ մի բան չի պատահել եկեղեցու հետ, սակայն խաչը հանել էին, և դաշնամուրը կոտրել»,- պատմել է նա։
Ահարոնյանը նշել է, որ ապստամբները հայերին չեն սպանել, սակայն եթե ալևի լինեին, իրենց ողջ չէին թողնի։ «Այժմ այստեղ հանգիստ եմ, սակայն մեկ վայրկյան առաջ ուզում եմ Հալեպ մեկնել՝ զավակներիս տեսնել եմ ուզում»,-ասել է նա։
Աղբյուրը՝
ԼուրերՀայաստանից – Թերթ.am
Դիտումների քանակը` 3240