Քեթրին Լիչ. «Ինձ համար կարևորն այն է, որ մարդն ընտրելու հնարավորություն ունենա …»
Մեր զրուցակիցն է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը,
ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
– Տիկի´ն դեսպան, 2012-ից սկսված Ձեր առաքելությունը Հայաստանում աննախադեպ էր այն առումով, որ աշխատում էիք ձեր ամուսնու՝ պրն Ջոնաթան Էյվսի հետ համատեղության ձևաչափով: Ի՞նչ առավելություններ և ի՞նչ դժվարություններ ուներ նման թիմային աշխատանքը:
– Ըստ էության սա համատեղ աշխատանքի մեր առաջին փորձն էր ու մեզ համար շատ օգտակար փորձառություն: Աշխատում էինք ռոտացիայի սկզբունքով՝ չորս ամիսը մեկ փոխարինելով մեկս մյուսին:
Համատեղության կարևորագույն առավելություններից մեկը մոտեցումների տարբերությունն է: Ընդհանուր առմամբ փորձը ցույց է տալիս, որ բազմազանությունը, խառը խմբերն ու թիմերը, որոնք համալրված են տարբեր ներուժ, մոտեցումներ ունեցող մարդկանցով, այդ թվում` տարբեր սեռի ներկայացուցիչներով, ավելի լավ արդյունք են ցույց տալիս:
Այս ընթացքում յուրաքանչյուրս ներդրել ենք մեր փորձը, գործի դրել մեր տարբեր ուժեղ կողմերը, դրսևորել մեր մոտեցումներն ու դրանով իսկ ամեն անգամ նոր լիցք հաղորդել դեսպանատան աշխատանքներին: Շատ դեպքերում, գուցե, շփոթեցնող է, քանի որ մենք, իրոք, տարբեր ձեռագրեր ու մոտեցումներ ունենք, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, կարևորն այն ոգևորությունն ու նոր շունչն է, որով մոտենում ես աշխատանքին 4 ամիսը մեկ փոխվելուց հետո:
Իսկ հիմնական դժվարություններից է այն, որ դու պետք է բավարար չափով տիրապետես այդ չորս ամիսների ընթացքում տեղի ունեցածի մասին տեղեկատվությանը, ծանոթ լինես բոլոր խնդիրներին, որպեսզի կարողանաս ձերբազատվել այն զգացողությունից, թե զրոյից ես սկսում: Դա նաև հնարավոր էր դարձնում միասին քննարկել ու կիսել այն կարևորագույն ու մեծ որոշումները, որ կայացրել ենք այս ընթացքում: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ էր, որ յուրաքանչյուրս ազատ որոշում կայացնելու իրավունք ունենա, որ միմյանց աջակցենք և չհակադրենք իրար մեր որոշումները` ահա սրանք էին հիմնական խնդիրները:
Այս իմաստով մենք մի փոքր անհանգիստ էինք մեր գործընկերների ու շահագրգիռ կողմերի հետ աշխատելիս, բայց պետք է նշեմ, որ բոլորի հետ էլ, այդ թվում` Կառավարության, արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ, մեր համագործակցությունը հաջողվեց: Եվ ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր աշխատեցին մեզ հետ այդ ձևաչափով և հնարավոր դարձրեցին մեզ համար թիմային աշխատանքի տարբերակը:
– Հայաստանում Ձեր աշխատանքի ընթացքում բավականին մեծ ուշադրություն էիք նվիրում քաղաքականության մեջ կանանց մասնակցության խնդրին: Ինչպե՞ս կգնահատեք այդ առումով իրավիճակը Հայաստանում և Մեծ Բրիտանիայում:
– Հայաստանի Ընտրական օրենսգրքում ամրագրված քվոտային մեխանիզմը, ըստ որի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակներում յուրաքանչյուր հինգերորդը պետք է կին լինի, ըստ իս, շատ կարևոր է: Մեծ Բրիտանիայում կանանց մուտքը Ազգային ժողով մեծ առաջընթաց ապրեց, երբ 1997-ին Լեյբորիստական կուսակցությունը որոշում կայացրեց խորհրդարանում կանանց համար տեղեր ապահովել: Հենց դրա շնորհիվ էր, որ կանանց ներկայացվածությունը խորհրդարանում զգալիորեն ավելացավ:
Թեև մշտական քննարկման թեմա է մնում՝ արդյոք պե՞տք է կիրառել քվոտայի մեխանիզմը, թե՞ պետք է այլ քայլեր արվեն՝ քաղաքականություն մուտք գործելու համար կանանց մոտիվացնելու ուղղությամբ, կարծում եմ, նպատակին հասնելու համար յուրաքանչյուր ժամանակաշրջան իր համապատասխան գործիքներն ունի: Ճիշտ է, հաճախ, որպես կին, մտածում եմ` ինչո՞ւ կիրառել քվոտան, գերադասելի է, որ կնոջը ընտրեն ըստ իր արժանիքների, որովհետև նա ամենալավ թեկնածուն է: Սակայն երբեմն հասարակության մեջ առկա կարծրատիպերը կոտրելու և փոփոխությունների հասնելու համար քվոտաներն ուղղակի անհրաժեշտ են:
Ես կցանկանայի ավելի մեծ թվով կանանց տեսնել Հայաստանի Ազգային ժողովում՝ հատկապես հաջորդ ընտրությունների ժամանակ: Իրականում, Բրիտանիան նույնպես շատ անելիքներ ունի այս ոլորտում, հատկապես եթե այն համեմատենք եվրոպական մի շարք այլ երկրների հետ: Շատերը նշում են, որ մեր խորհրդարանը այնքան էլ հարմար չէ աշխատող մայրերի համար. օրինակ` հաճախ են երեկոյան նիստեր լինում… Կարծում եմ` յուրաքանչյուր խորհրդարան պետք է ունենա այս հարցերը կարգավորելու մեխանիզմներ, ինչպես նաև համապատասխան աշխատանքային մշակույթ պետք է ձևավորվի, կանանց աջակցելու նախադեպեր ստեղծվեն: Հայաստանում էլ կան օրինակներ, երբ կանայք հաջողությամբ համատեղում են նախարարի պաշտոնը կամ ակտիվ քաղաքական գործունեությունը մայրության հետ, նման վառ օրինակներ բոլոր երկրներն էլ ունեն, պարզապես դրանք բավարար չեն:
– Կարծում ենք` պատահական չէր, որ հենց Ձեր դեսպանատան միջոցով էր այս տարվա ապրիլին կազմակերպվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիեթ Շուրմանի այցը Հայաստան: Դուք Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ պետք է խրախուսել կանանց ներգրավվածությունը անվտանգության ոլորտում: Ի՞նչ փոփոխությունների կարող է դա բերել ոլորտում և ինչպե՞ս խրախուսել կանանց:
– Վերջին 30 տարիների ընթացքում մեր զինված ուժերը զգալիորեն բացել են իրենց դռները կանանց համար տարբեր ոլորտներում: Իրականում դա քայլ առ քայլ արվող գործընթաց է, սակայն արդյունքը, որ ստանում ես, բոլորի համար է նշանակալի: Կանանց ներգրավումը զինված ուժերում դրական ազդեցություն է ունենում, նպաստում համակարգում իրավիճակի բարելավմանը, որոշակի խնդիրների ու հարցերի լուծմանը:
Այնպես որ, կարծում եմ, կանանց դերը զինված ուժերում բարձրացնելու ուղղությամբ արվող քայլերը պետք է շարունակել: Անցյալ տարի Հայաստանի պաշտպանության նախարարությունը առաջին անգամ աղջիկների ընդունելություն էր հայտարարել ռազմական հաստատություններում, և այժմ ժամանակն է, որ այդ աղջիկների օրինակները ներկայացվեն հանրությանը: Պետք է ցույց տալ ինչպես և ինչու են այս երիտասարդ կանայք կատարել իրենց ընտրությունը: Այսօր կան նաև շատ կին ոստիկաններ, որոնց կարող ես հանդիպել փողոցում: Կարծում եմ` այս օրինակները նույնպես հանրայնացնելու խնդիր ունենք:
– Ճիշտ 15 տարի առաջ ընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևը, որը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում կանանց դերը կարևորող առաջին բանաձևն էր: Ըստ Ձեզ` արդյոք գործո՞ւմ է այն աշխարհում և Հայաստանում, և ի՞նչ պետք է անել, որ կանանց ձայնը լսելի դառնա՝ պատերազմներին ու հակամարտություններին վերջ դնելու հարցում:
– Իսկապես, 2000-ին ընդունված այս բանաձևը կանանց հետ կապված մի շարք կարևոր խնդիրներ ամփոփեց մեկ փաստաթղթում: Այն կարևորեց կանանց դերը կայուն խաղաղության ամրապնդման գործում, ինչպես նաև նրանց ներգրավվածությունը անվտանգության համակարգում: Կարծում եմ` շատ արդյունավետ բանաձև է, քանի որ խոսվում է ոչ միայն զինված ուժերում և որոշումների ընդունման մակարդակում կանանց մասնակցության, այլև խաղաղության ապահովման գործընթացներում կանանց ներգրավման, ինչպես նաև հակամարտությունների ժամանակ կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման մասին:
Դա կարևոր քայլ էր այն առումով, որ որոշակի պարտավորություններ էր ենթադրում կառավարությունների համար այդ ուղղությամբ: Կարծում եմ` միակ դրույթը, որտեղ մենք դեռևս չենք գրանցել բավարար առաջընթաց, խաղաղության ապահովման գործընթացներում կանանց ներգրավվածությունն է: Հատկապես այնպիսի գոտիներում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ մենք ունենք գործող հակամարտություն, շատ կարևոր է կանանց ձայնը առավել լսելի դարձնել և ձգտել, որ բանակցային գործընթացներում առավել մեծ թվով կանայք ներգրավված լինեն: Ես կցանկանայի տոնել առավել դրական հաջողություններ այս ուղղությամբ:
– Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանում խաղաղության հաստատումը, և ինչպիսի՞ն կարող է լինել կանանց դերակատարումն այս հարցում:
– Երբ մենք խոսում ենք հակամարտության հանգուցալուծման մասին, պետք է հասկանանք, որ դա բազմաշերտ գործընթաց է: Այստեղ կա ոչ միայն քաղաքական վերնախավերի միջև քաղաքական համաձայնությունների մակարդակը, այլ նաև երկու կողմերի քաղաքացիական հասարակություններին միասնական հարթակի բերելու խնդիրը: Վերջին տարիներին նման քայլեր արվում են. ուսանողներ, լրագրողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ փորձում են կապեր հաստատել, ու այստեղ է, որ կանանց ու կանանց կազմակերպությունների ձայնը կարող է առավել լսելի լինել:
Հաջորդ կարևոր քայլը դեպի խաղաղություն փոխզիջումների գիտակցումն է: Այդ փոխզիջումը շատ ցավոտ է, սակայն դու չես կարող ունենալ խաղաղություն, երբ մի կողմը կորցրել է ամեն ինչ, իսկ մյուս կողմը հաղթել ամեն ինչում: Պետք է գտնել խաղաղության այն բանաձևը, որը կաշխատի երկու կողմերի համար էլ, և եթե բանակցություններն այդ սկզբունքով ընթանան, ապա խաղաղությունն անպայման կլինի:
– Վերադառնալով կանանց առաջընթացի խնդիրներին՝ ձեր խորհուրդն այն կանանց, ովքեր անհամատեղելի են համարում ընտանիքն ու կարիերան:
-Յուրաքանչյուր կին պետք է գտնի այս հարցի իր ուրույն լուծումը, քանի որ մենք ունենք տարբեր պահանջմունքներ, յուրովի ենք զգում, օրինակ, թե որքան ժամանակ պետք է անցկացնենք երեխաների հետ: Այսօր ամեն բան փոխվում է՝ ծառայությունները, գործատուները: Նույն դիվանագիտական ոլորտում շատ բան է փոխվել վերջին 15 տարիների ընթացքում, ինչը ինձ օգնեց չկտրվել աշխատանքից, օգտվել որպես աշխատող մայր աշխատանքային ճկուն հնարավորություններից: Շատ կարևոր է զարգացնել նման հնարավորությունները աշխատող մայրերին աջակցելու առումով: Միանշանակ լուծումներ իհարկե չկան, սակայն իմ խորհուրդը կանանց մեկն է՝ եթե իրոք ուզում են համատեղել ընտանիքն ու կարիերան, ապա պետք է ամեն բան անեն դրան հասնելու համար:
– Իսկ ձեր դուստրերին Դուք այս հարցում խորհուրդ տալիս ե՞ք:
-Ես երկու աղջիկ և մեկ տղա ունեմ: Կարծում եմ, այս հարցում կենդանի օրինակը շատ կարևոր է: Իմ երեխաները, որպես աշխատող կնոջ օրինակ, ինձ են տեսել, և կարծում եմ մայրության և կարիերայի համատեղության գաղափարը նրանց կողմից միանշանակ բնական է ընկալվում: Երիտասարդներն այսօր շատ սկզբունքային են, ցանկանում են կարիերա անել, սակայն եթե նրանց որոշումը միայն ընտանիքը լինի, ապա դա նույնպես հրաշալի է: Ինձ համար կարևորն այն է, որ մարդն ունենա ընտրելու հնարավություն…
– Ամենավառ հիշողությունը, որ տանելու եք Ձեզ հետ Հայաստանից…
– Ամենահիշարժան նախաձեռնությունն ինձ համար այն էր, երբ Կառավարության և դեսպանատան համատեղ ջանքերով Գյումրի քաղաքի Լորդ Բայրոնի անվան դպրոցն ապահովեցինք ջեռուցման համակարգով: Դպրոցը հիմադրվել է 1990 թվականին՝ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, ինձ համար այն Հայաստանում բրիտանական կառույց է, և ես շատ էի ուզում աջակցել նրանց:
Ասեմ, որ Հայաստան գալուց ընդամենը մի քանի օր անց ինձ լրիվ տանը զգացի, մարդիկ այստեղ շատ ջերմ են: Այնպես որ, ամենաշատը կկարոտեմ մարդկանց, հետո Երևանը ու նաև լեռները՝ Արարատը, Արագածը:
Այժմ վերադառնում եմ Լոնդոն. ընտանիքիս, երեխաներիս հետ անցկացնելու լավ ժամանակ է: Ինչպես նաև հասկանալու, ինչ ասել է լինել բրիտանացի Բրիտանիայում և ոչ թե բրիտանացի՝ դրսում: Լավ է, երբ ընտանիքին, հարազատներին, ընկերներին մոտ գտնվելու հնարավորություն է լինում…
Զրուցեց ` Լիլիթ Քոչինյանը
Դիտումների քանակը` 4201