Քաղաքային տրանսպորտի խնդիրն առավել շատ մտահոգում է կանանց, քան տղամարդկանց

 

Էկոլոգիան, տրանսպորտը եւ բնակ-կոմունալ ծառայությունները՝ այսպիսին է  երեւանցիներին  առավել մտահոգող հիմնախնդիրների եռյակը   ըստ  ապրիլի վերջին կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքների:  

 

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը  WomenNet.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ, օրինակ,  հասարակական տրանսպորտի գործունեությունն ավելի շատ մտահոգում է մայրաքաղաքի բնակիչ կանանց,  քան տղամարդկանց: Հարցման արդյունքներով կանանց 20 տոկոսն է համարում, որ մայրաքաղաքի համար կարևորագույն հարցը հասարակական տրանսպորտն է, մինչդեռ այդ հարցը ամենակարևորն է համարում տղամարդկանց 16 տոկոսը:

 

«Միգուցե կանայք ավելի շատ են երթուղային տաքսիներով շրջում, դրա համար իրենց համար այդ խնդիրն ավելի կարևոր է, քան ասենք էկոլոգիական խնդիրները», – ասաց  Գ. Պողոսյանը:

 

Ընդհանուր առմամբ քաղաքային տրանսպորտը որպես ամենակարևոր հիմնախնդիր նշել է ասոցիացիայի կողմից հարցման ենթարկվածների 17.8 տոկոսը, իսկ  21.8 տոկոսը Երևանի ամենակարևոր խնդիր է համարել  էկոլոգիան: Ընդ որում, Երևանի էկոլոգիական խնդիրը առավել կարևոր են հարցված տղամարդկանց 24 տոկոսի, իսկ կանանց` 19 տոկոսի համար:

 

Բնակ-կոմունալ ծառայությունների հետ կապված հիմնախնդիրները առավել կարևորել է հարցվածների 16 տոկոսը: Այս խնդիրները, Գ. Պողոսյանի ներկայացմամբ, ամենակարևորն են  դիտարկել կանանց  17 տոկոսը, իսկ տղամարդկանց 14.3 տոկոսը:

 

Մյուս հիմնախնդիրների դեպքում տղամարդկանց ու կանանց կարծիքների  տարբերությունը չնչին է:

 

Ինչ վերաբերում է  թեկնածուների նկատմամբ  նախապատվություններին, ապա  ըստ արդյունքների, Տարոն Մարգարյանի կողմնակիցների մեջ ավելի շատ են կանայք /59,7%/, քան տղամարդիկ / 54,0%/: Մյուս թեկնածուների կողմնակիցների շրջանում, ըստ Գ. Պողոսյանի,  սեռային համամասնությունը գրեթե չի տարբերվում:

 

 

Նշենք, որ հանրային կարծիքի հարցումը  անց է կացվել Հայակական Սոցիոլոգիական Ասոցիացիյի նախաձեռնությամբ՝ Երևանում ապրիլի 19-25-ը:  Ուսումնասիրության նպատակն էր բացահայտել և վերլուծել Երևանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները 2013-ի մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների  վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող Երևանի 1000 չափահաս բնակիչ: Հարցազրույցներն անցկացվել են ընտրողի տանը` պատահական ընտրությամբ, դեմ առ դեմ հարցման մեթոդով: Արձագանքների մակարդակը կազմել է 68%, սխալման լուսանցքը չի գերազանցում + /- 3%, վստահության մակարդակը` 95%:

 

Հասմիկ Կարապետյան

Դիտումների քանակը` 4381

Գլխավոր էջ