Քաղաքական բանավեճի առանձնահատկությունները կանանց ու տղամարդկանց կատարմամբ

Վերջին օրերին ներքաղաքական ամենաքննարկվող թեման ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքն էր, որով առաջարկվելու էր «Հարսնաքարի» գործով խորհրդարանական լսումներ հրավիրել: Ինչպես գիտենք ՀԱԿ-ը չհաջողեց` անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն հավաքելով ընդամենը 21-ը, և որոշ  քաղաքական գործիչներ այս ձախողումը կապեցին նախևառաջ առավել մեծաթիվ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պասիվության հետ:

 

 

Քաղաքական փոխհրաձգության կենտրոնում հայտնվեցին երկու խմբակցությունների քարտուղարներ՝  ԲՀԿ-ից  Նաիրա Զոհրաբյանը եւ «Ժառանգություն»-ից  Զարուհի Փոստանջյանը: Առաջին հայացքից, սովորական քաղաքական գործընթաց. կանայք ի պաշտոնե մեկնաբանում են իրենց խմբակցությունների դիրքորոշումները:  Երեւի թե չարժեր անդրադառնալ այս փաստին, եթե  ռեպլիկների փոխանակումը սահմանափակվեր միայն քաղաքական բնույթի գնահատականներով: Հիշատակենք  միայն մեկ դրվագ նրանց  հեռակա բանավեճից, որպեսզի պարզ դառնա ինչի մասին է խոսքը:

 

 

Մեկնաբանելով « Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի  ստորագրահավաքին չմիանալու  բացատրությունը  Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես  ասել է. «Գիտեք, ես կարծում էի, ինձ այլեւս դժվար է որեւէ  բանով զարմացնելը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Ժառանգությանը հերթական անգամ դա հաջողվեց: Նույն տրամաբանությամբ ես կարող եմ ասել, որ մանդատս տանն եմ թողել, կամ կորցրել եմ, եւ մինչեւ մանդատս չգտնեմ՝  ես պատգամավոր չեմ: Սա կատարյալ անհեթեթություն է: Եթե մեկը չի ցանկանում լինել պատգամավոր, ապա նա պաշտոնապես եւ գրավոր դիմում է ԱԺ նախագահին՝ ներկայացնելով  պատգամավորական մանդատից իր հրաժարականը: Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր է, իսկ մնացած պատճառաբանությունները առնվազն անպարկեշտ են»:

 

 

Արձագանքելով այդ տեսակետին Զարուհի Փոստանջյանը «Հրապարակ» օրաթերթում գործընկերոջ հասցեին հետևյալ արտահայտությունն է արել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կյանքից հոգնածներն են զարմանալու զգացմունքը կորցնում, այդ զգացմունքը մեր աջակցությամբ  տիկին Զոհրաբյանի կողմից կրկին ապրելու կապակցությամբ նախ շնորհավորում եմ: Ինձ համար հասկանալի է տիկնոջ հոգեվիճակը, հստակ  դիրքորոշման դրսևորման  արգելքները  ստիպում են իրեն ի պաշտոնե նախահարձակ վարքագիծ դրսևորել» ….

 

 

Արդեն իսկ   մարած բանավեճի վերաբերյալ  որոշեց « ծանրակշիռ»  եզրահանգում տալ  «ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մտահոգություն հայտնելով « քաղաքական  հիգիենայի  ամենատարրական կանոնների» բացակայության առիթով…

 

 

Շարունակելով «զարմացնելու»  թեման նշենք, որ տղամարդկանց դեպքում բանավեճի նման ոճն ու մակարդակը ոչ մեկին  չեն զարմացնում: Իրականում կանանց պարագայում  էլ պետք չէ որ զարմանք առաջացնեն,  քանզի  նրանք  քաղաքական խաղի  գործող կանոններն են  ընդօրինակում եւ հենց  դրա շնորհիվ է, որ կարողանում են  ամրացնել իրենց դիրքերը այդ միջավայրում:

 

 

Այլ հարց է , որ քաղաքականություն  մուտք գործող   կանանցից սպասում են, որ գոնե իրենք  կփոխեն մթնոլորտը,  կփորձեն  թելադրել բանավեճի նոր որակ եւ նոր մշակույթ:  Թեպետ ,զուր չէ, որ ասում են՝  նման փոփոխությունները ի հայտ են գալիս , երբ կանայք քաղաքական ասպարեզում  զգալի թիվ են կազմում, ինչը Ազգային ժողովին մոտակա հինգ տարում չի սպառնում…

 

 

Դիտումների քանակը` 3360

Գլխավոր էջ