Փրկելով միգրանտների կյանքը

Աշխարհում յուրաքանչյուր 30-րդ մարդը միգրանտ է:  Այս տարի դեկտեմբերի 18-ին նշվող Միգրանտների միջազգային օրն անցկացվում է «Փրկելով միգրանտների կյանքը» խորագրի ներքո: Սա մի հնարավորություն է աշխարհի ուշադրությունը սևեռելու ապահովության ու անվտանգության հասնելու ճանապարհին միգրանտների մահացության ահագնացող խնդրին: Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ ) գլխավոր տնօրեն՝ Վիլյամ Լեյսի Սվինգը հանդես է եկել օրվա առիթով հետեւյալ  ուղերձով.   

 

« Ես հպարտ եմ, որ ՄՄԿ-ն առաջին կազմակերպությունն էր, որ միջազգայնորեն ուշադրություն հրավիրեց այդ մահացու ելքով ճանապարհորդությունների մասշտաբային բնույթին: Անցյալ տարի Միգրանտների միջազգային օրն անցնում էր «Հուսահատ միգրացիա» խորագրի ներքո և ՄՄԿ-ն առաջին անգամ ներկայացրեց միգրացիայի ճանապարհին (ծովային կամ ցամաքային) մահացող միգրանտների թվի վերաբերյալ տվյալներ:

 

Ցավոք, ՄՄԿ տվյալները ցույց են տալիս, որ մահացողների թիվն աճում է, և 2014թ. տվյալները առավել քան բարձր են: Մահացողների թվի վերաբերյալ վերջնական տվյալներով, որոնք կհրապարակվեն դեկտեմբերին, այդ թիվը կգերազանցի 5000-ը, ինչը նախորդ տարվա մեր տվյալների համաձայն գրանցված 2378 մահվան դեպքերի համեմատ կրկնակիից ավել աճ կարձանագրի:

 

 

Մենք գիտենք, որ միգրացիան, և մասնավորապես անկանոն միգրացիան, վիճահարույց խնդիր է ամբողջ աշխարհում: Շատ հաճախ բանավեճի թեմա է դառնում միգրացիայի սոցիալ-տնտեսական ազդեցության բացասական ընկալումը՝ մշակութային համատեքստում և աշխատատեղերի առումով: Հրատապ միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի փոխվի այն պրիզման, որի ներքո մարդիկ դիտարկում են միգրացիան, և մենք պետք է օգնենք այս հարցում:

 

Մենք, մասնավորապես կոչ ենք անում միջազգային հանրությանը ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել ծովով կամ ցամաքով վտանգներով լեցուն ճանապարհորդության ձեռնամուխ եղած հազարավոր միգրանտների` կանանց, տղամարդկանց, երեխաների կյանքերը փրկելու հարցում: Անընդունելի է, որ կյանքի իրավունքի համար փախուստի դիմած մարդկանց մերժվի ապահով օթևանի տրամադրումը կամ փրկության հնարավորությունը: Պատերազմներից, կրոնական ծայրահեղականությունից ու տարերային աղետներից մազապուրծ միգրանտները արժանի են կարեկցանքի ու պաշտպանության:

 

Միգրանտները մեծ ներդրում են ունենում թե՛ իրենց ծագման երկրում, թե՛ այն համայնքներում, որտեղ հանգրվանում են: Այս նոր սփյուռքը կարևոր դերակատարում ունի իր հայրենի համայնքին օգնելու հարցում: Նրանց խոսքը կշիռ ունի, և նրանց կլսեն այն մարդիկ, ովքեր անապահով ճանապարհորդություն են ծրագրում: Աղմկալի բանավեճերում նրանց խոսքը հնչում է որպես ձայն ողջամտության: ՄՄԿ-ի տեղեկատվական արշավը, որը շեշտադրում է

 

Միգրանտների ներդրումն ու նրանց ունեցած ավանդը խիստ մեծ կարևորություն ունի՝ ընկալելի ապացույցների միջոցով ապատեղեկատվությունը հակադարձելու հարցում: Միգրացիոն քաղաքականության ու ծրագրերի ազդեցության մասին ավելի լավ տվյալները, ապացույցները, գնահատումները առանցքային են միգրացիայի իրական ծավալների ու ազդեցության մասին թյուրընկալումները հակադարձելու համար:

 

Հաջողության պատմությունները նույնպես կարևոր են: 2014թ. մենք խրախուսել ենք ՄՄԿ առաքելություններին ավելին անել սոցիալական ցանցերում՝ Twitter-ում և Facebook-ում իրականացնելով #MigrationMeans (Միգրացիա նշանակում է …) արշավը:

 

2015թ. կմեկնարկի #MyMigrantHero (Իմ միգրանտ հերոսը) արշավը, որի շրջանակում ՄՄԿ առաքելություններին հորդորում ենք բացահայտել այնպիսի միգրանտների, ովքեր զգալի ավանդ ու ներդրում են ունեցել հասարակության համար:

 

Ընտրված հաղթողներին ես հրավիրելու եմ 2015թ. ՄՄԿ Խորհրդի շրջանակում միգրանտների ձայները ներկայացնող քննարկմանը: Սա թույլ կտա ՄՄԿ-ին ակնառու, կենդանի օրինակների միջոցով ներկայացնել այն դրական ներդրումն ու ավանդը, որ ունենում են միգրանտները աշխարհի այն քաղաքներում ու երկրներում, որտեղ իրենք ապրում են»:

 

Աղբյուրը՝ ՄԱԿ-ի հայաստանյան  գրասենյակ

 

Դիտումների քանակը` 4493

Գլխավոր էջ