Փոփոխություններ՝ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում

ՀՀ Ազգային ժողվում առաջին ընթերցմամբ ներկայացվել է «Փախստականների և ապաստանի մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխությունների կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

 

Ինչպես նշեց հարցը զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, օրինագծերի անհրաժեշտությունը պայմանավորված  է  «Փախստականի կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի 1951 թվականի կոնվենցիայի դրույթներով, որին ՀՀ-ն միացել է 1993 թվականին: Մասնավորապես, Կոնվենցիայի 27 և 28-րդ հոդվածների համաձայն՝ փախստականին պետության տարածքում պետք է տրամադրվի ինքնության վկայական, իսկ տարածքից դուրս ճամփորդելու համար՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

 

«Օրինագծերի ընդունման արդյունքում փախստականի կարգավիճակ ստացած անձին ոստիկանության կողմից տրամադրվելու է նույնականացման քարտ, որը փախստականը որպես անձը հաստատող փաստաթուղթ կարող է կիրառել ՀՀ-ի տարածքում: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվելու է  նույնականացման քարտի հիման վրա և հիմնականում ծառայելու է հանրապետությունից մեկնելու կամ վերադառնալու համար»,- ասաց նա:

 

Ճամփորդական փաստաթուղթը պարունակելու է էլեկտրոնային պահոց, որում ամրագրվելու են անձի կենսաչափական տվյալները ՀՀ քաղաքացիներին տրամադրվող անձնագրերի նմանությամբ:

 

Փոխոստիկանապետը նշեց, որ կենսաչափական տվյալներով անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2001 թ-ի  թիվ  13 73 բանաձևի ընդունմամբ, որի համաձայն՝ ահաբեկչության դեմ միջազգային պայքարի շրջանակներում պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ անձը հաստատող փաստաթղթերի և արտասահմանյան անձնագրերի պատրաստման ներպետական մեխանիզմների նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը ուժեղացնելու, անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: «Այսօր այս խնդիրը ավելի քան արդիական է»,- ասաց նա:

 

Վ.Եղիազարյանը նաև հայտնեց, որ  փախստականներին Հայաստանի Հանրապետության կողմից ներկայումս տրամադրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերը չեն համապատասխանում ԻԿԱՕ-ի կողմից ընդունված ստանդարտներին և գաղտնիք չէ, որ հաճախ այդ փաստաթղթերով ճամփորդելիս որոշ երկրների սահմաններում տվյալ անձինք ունենում են խոչընդոտներ:

 

Նա նաև նշեց, որ «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքի համաձայն՝ փախստականի կարգավիճակ ստացած անձին ներկայումս տրամադրվում է միայն կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական է երկու տարի և ամեն անգամ կարող է երկարաձգվել երկու տարով, ինչը ևս հաճախ խնդիրներ է առաջացնում անձին նույնացման ընթացքում: «Իսկ ներկայացված օրինագծի համաձայն՝ փախստականին ճամփորդական փաստաթղթերը և նույնականացման քարտերը տրամադրվելու են 10 տարվա վավերականության ժամկետով: Այսպիսով, ներկայացված օրինագծով հստակ սահմանվում են փախստականին նույնականացման քարտի և կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերի վավերականության ժամկետները, դրանց տրման և փոխանակման կարգը, անվավեր ճանաչելու հիմքերը, պահանջվող փաստաթղթերի ցանկը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերը վերցնելու դեպքերը և այլն»,- ասաց Վարդան Եղիազարյանը:

 

Նշվեց նաև, որ գործող օրենքով փախստականին ՀՀ-ում տրամադրված ապաստանը դադարեցվում է, եթե օրենքով տրված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի գործողության ժամկետի ավարտից հետո նա գտնվում է ՀՀ-ի տարածքից դուրս: «Նման մոտեցումը համարում ենք սխալ, քանի որ հանրապետության տարածքից դուրս գտնվելու ժամանակահատվածում կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտվելը չի կարող հիմք հանդիսանալ փախստականին տրամադրված ապաստանը դադարեցնելու համար, ուստի ներկայացված նախագծով ուժը կորցրած է  ճանաչվում նաև տվյալ դրույթը»,- հայտնեց Վարդան Եղիազարյանը:

 

Անդրադառնալով «Պետական տուրքի մասին» օրենքին, փոխոստիկանապետը նշեց, որ  օրինագծով պետական տուրքի չափ է սահմանվում փախստականի նույնականացման քարտի և կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի տրամադրման համար կոնցվենցիայի 29-րդ հոդվածը, համաձյան որի՝  պայմանավորվող պետությունները փախստականներից չեն գանձում այնպիսի վճարներ, որոնք կլինեն ավելի բարձր, քան տվյալ պետության քաղաքացիների համար նախատեսված վճարներն են:

 

Այսպիսով,  ներկայացված օրինագծերի ընդունմամբ փախստականի կարգավիճակ ստացած անձնաց ևս ՀՀ քաղաքացիների նմանությամբ կտրամադրվեն կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձը հաստատող փաստաթղթեր, կնվազվի անձը հաստատող փասատթղթերի կեղծման հավանականությունը, ինչպես նաև առավել պարզ եղանակով կիրականացվի անձի նույնականացման գործընթացը, կմեծանա անցանկալի անձանց հայտնաբերման հավանականությունը, ինչպես նաև փախստականների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը կհամապատասխանեցվի «Փախստականի կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին:

 

Վարդան Եղիազարյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Անձնագրային վիզաների բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է 2188 նման անձ, որից 4-ը՝ երեխաներ:

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 3042

Գլխավոր էջ