Փորձել է սպանել կնոջը երեխա չունենալու պատճառով
Աֆղանական Տախար մարզի հյուսիսային տարածքում վերջերս արձանագրվել է ընտանեկան բռնության մի դեպք. տղամարդը ատրճանակով կրակել է իր 20-ամյա կնոջ վրա, և Գուլսիկա անունով տուժածին հրաշքով է հաջողվել փրկվել:
Բռնության զոհը պատմել է, որ ծնունդով հարավային Կանդագար երկրամասից է, և իրեն ամուսնացրել են 13 տարեկան հասակում: Ամուսնությունից հետո սկզբնական շրջանում ամուսնու ընտանիքը լավ էր վերաբերվում իրեն, սակայն հարաբերությունները փչացան այն բանից հետո, երբ պարզվեց, որ ամուսնական զույգը ի վիճակի չէ երեխաներ ունենալ: Աղջկա խոսքերով՝ մի քանի տարի շարունակ ամուսինը և նրա հարազատները ծեծի են ենթարկել և տանջել են իրեն:
Փորձելով լուծել կոնֆլիկտը՝ Գուլսիկայի եղբայրը փող է տվել նրան բժշկական հետազոտություն անցնելու համար, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ աղջիկը միանգամայն առողջ է և ի վիճակի է երեխաներ ունենալ: Գուլսիկան փորձել է բացատրել, որ անպտղությամբ տառապում է իր ամուսինը, սակայն սկեսուրը ուշադրություն չի դարձրել այս ամենի վրա:
Զույգի՝ երեխաներ չունենալու հանգամանքը աղջկան անընդհատ նվաստացնելու և ֆիզիկական բռնության առիթ է դարձել: Հերթական ընտանեկան վեճերից մեկի ժամանակ նրա ամուսինը կրակել է իր փորի վրա: ՛՛Սկեսուրս միայն բղավում էր ինձ վրա: Անգամ շնչել չէի կարողանում՛՛:
Բարեբախտաբար, հարևաններին հաջողվել էր Գուլսիկային ժամանակին հասցնել հիվանդանոց: Բժիշկները փրկեցին Գուլսիկայի կյանքը: Ներկայումս նրա առողջական վիճակը բարելավվել է, սակայն նա դեռևս դժվարանում է քայլել:
Այժմ Գուլսիկան ապրում է ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված քաբուլյան կացարաններից մեկում: Ամուսնուն ձերբակալել են, և հիմա նա բանտում է գտնվում: Շուտով կսկսվի դատական վարույթը:
Գուլսիկան հույս ունի, որ իրեն տանջողը երկար տարիների ազատազրկման կենթարկվի՝ միևնույն ժամանակ վախենալով, որ, հնարավոր է՝ ամուսնու ընտանիքը կփորձի կրկին վերադարձնել իրեն: ՛՛Նրանք կարող են ինձ սպանել, սակայն ես չեմ վերադառնա նրանց մոտ: Ես արդեն իսկ բավականաչափ տառապել եմ՛՛,- ասում է Գուլսիկան:
Ի դեպ, Human Rights Watch-ի տվյալներով՝ Աֆղանստանում հարյուրավոր ձերբակալված կանայք կան, որոնք ընտանեկան բռնության պարճառով փախել են տնից :
Աղբյուրը՝ http://afghanistan.ru/doc/23024.html
Դիտումների քանակը` 3866