Փոստանջյանը իրավապահներին խնդրում է ապահովել իր և իր ընտանիքի անվտանգությունը

 

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանի հայտարարության վերաբերյալ դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը իրավապահներին խնդրում է ապահովել իր և իր ընտանիքի բոլոր անդամների անվտանգությունը:

 

 

Հայտնելով  դրա մասին  «Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ նախօրեին Խաչիկ Ասրյանը կայքերից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին տված հարցին, պատգամավորին անվանել էր՝ «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ» ու հայտարարել, թե՝ «նրան պետք է խարույկի վրա կենդանի այրել, ոչ թե որպես Ժաննա դ’Արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»:

 

Պատգամավոր Փոստանջյանը մտավախություն է հայտնում, որ Ասրյանը կամ նրա համախոհները, ատելությամբ լցված լինելով իր հանդեպ, կարող են խոսքից գործի անցնել և կյանքի կոչել իրենց սպառնալիքները։

 

«Չեմ բացառում, որ այս գործիչի հայտարարությունից օգտվելով, որևէ երրորդ կողմ կփորձի հարձակում գործել իմ կամ իմ հարազատների նկատմամբ»,- գրել է պատգամավորը՝ ոստիկանությանը ներկայացված դիմումում։

 

Աղմկահարույց հարցազրույցից մեկ օր անց՝ այսօր, փոխնախարար Ասրյանը բացատրական հայտարարություն է տարածել, որում հայտնել է, թե Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու իր կոչերը ընդամենը փոխաբերական իմաստ են ունեցել։

 

«Ես նկատի եմ ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը, երևույթը», – հայտարարել է Ասրյանը:

 

Մինչդեռ իրավապաշտպաններին այս բացատրությունն ամենևին չի համոզում։ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը փաստում է, որ որևէ մեկը, առավել ևս պետական բարձր պաշտոնյան, իրավունք չունի խոսել սպառնալիքների խոսքով։ Հայաստանի գործող օրենքներով այս հայտարարությունները կարող են հեշտորեն հանցագործություն որակվել և պետք է արժանանան համապատասխան արձագանքի՝ պնդում է իրավապաշտպանը:

 

Աղբյուրը՝  Ազատություն ռադիոկայան

 

 

Դիտումների քանակը` 4150

Գլխավոր էջ