Փինքն առաջարկում է լինել նախագահ կամ ֆուտբոլիստ, բայց ոչ հիմար աղջիկ…
«Երբ եղբայրս ասաց, որ սքեյթ քշելն աղջիկների համար չէ, ես անմիջապես վերցրի սքեյթը եւ փորձեցի քշել: Եւ ինձ մոտ դա հրաշալի ստացվեց». սա Փինքի թերեւս առաջին գիտակցական ընդվզումն էր ընդդեմ սեռային խտրականության: Հետագայում արդեն միլլիոնավոր երկրպագուներ ունեցող երգչուհին իր պայքարը սկսեց ծավալել նաեւ երգերի միջոցով:
Ամերիկացի երգչուհի Փինքը մշտապես հանդես է գալիս ընդդեմ խտրականության եւ հանուն անհատականության ձեւավորման: Նա չի հանդուրժում միօրինակությունն ու իր օրինակով ցույց է տալիս, որ մարդը կարող է տարբերվել մյուսներից, բայցեւ հաջողակ ու երջանիկ լինել: Փինքը տարիներ շարունակ բազմահազար դեռահասների մոտ առկա կարծրատիպեր է կոտրել եւ դեռ շարունակում է կոտրել:
Փինքն իր ընկերոջը հրապարակային ամուսնության առաջարկ արեց՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ հասարակության կողմից ընդունված գենդերային դերաբաշխումը պարտադիր պայման չպետք է լինի: Նրա համար առաջնայինը մարդն է՝ իր հույզերով ու զգացմունքներով, իր անհատական հատկանիշներով ու նախասիրություններով:
Փինքն ինքնատիպ եղանակով է վարում հանուն գենդերային հավասարության մղվող պայքարը: Նա հաճախ չի խոսում այդ մասին, ելույթներ չի ունենում, ուղիղ կոչեր չի հնչեցնում: Երգչուհին անձամբ է հանդես գալիս որպես կարծրատիպերը փշրած անհատականություն եւ իր օրինակով ու երգերով ոգեւորում է շատերին:
Երգչուհին ցանկանում է, որ կանայք լինեն ուժեղ, նպատակասլաց եւ ինքնուրույն: Նա իր այս խորհուրդը հղել է ամբողջ աշխարհին դեռեւս 2006 թվականին «Հիմար աղջիկներ» («Stupid Girls»)երգի եւ նրա հիման վրա նկարահանված տեսահոլովակի միջոցով, որն այդ տարի «MTV Music Awards» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությանն արժանացավ «Լավագույն տեսահոլովակ» կոչմանը:
Տեսահոլովակում Փինքը ծաղրում է բոլոր այն աղջիկներին, ովքեր «պարում են ռեփերների տեսահոլովակներում, «հայրիկ» են փնտրում, որպեսզի նա վճարի իրենց փոխարեն»: «Ես չեմ ուզում լինել հիմար աղջիկ»,- հայտարարում է Փինքը եւ հեռուստադիտողներին տալիս ընտրության հնարավորություն՝ կամ լինել հիմար աղջիկների նման կամ դեմ գնալ կարծրատիպերին եւ ընտրել սեփական ուղին:
Տեսահոլովակում հանդես են գալիս հիմար աղջիկներից տարբերվող երկու կերպարներ՝ նախագահն ու ֆուտբոլ նախընտրող աղջիկը: Քաղաքականությունն եւ ֆուտբոլը այն երկու բնագավառներն են, որտեղ աղջիկներին ամենից քիչն են սպասում: Փինքը, սակայն, չի ցանկանում հաշտվել նման իրականության հետ:
Նա խրախուսում է աղջիկներին լինել այնպիսինը, ինչպիսին նրանք ուզում են լինել, սեփական մարմինը չդարձնել ապրանք տղամարդկանց համար՝ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների ենթարկվելով:
Իր յուրօրինակ կերպարով ու համարձակ երգերով Փինքը գենդերային հավասարության, ազատության եւ անկախության նորօրյա խորհրդանշի է վերածվել՝ նվաճելով միլլիոնավոր մարդկանց սերն ու հարգանքն ամբողջ աշխարհում:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայիշուրջ մեր կայքում.
Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց պայքարել հանուն հավասարության
Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո
Քրիստինա Ագիլերայի ինքնատիպ ֆեմինիզմի ակունքները / տեսահոլովակ
Դիտումների քանակը` 4084