Փարիզը կին քաղաքապետ կունենա

Առաջին անգամ փարիզցիները կին քաղաքապետ են ընտրելու. կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներով երկրորդ փուլ են անցել միայն կին թեկնածուները՝ Անն Հիդալգոն եւ Նատալի Կոսիուսկո-Մորիզեթը: Նախքան առաջին փուլի արդյունքների հրապարակումը գրեթե բոլորը վստահ էին, որ կին թեկնածուներից որեւէ մեկն է հաղթելու: Նրանք գրեթե հավասար քանակությամբ ձայներ են ստացել, ուստի իրենց վերջնական ընտրությունը փարիզցիները կկատարեն մարտի 30-ին:

 

Երկու թեկնածուներն էլ քաղաքական հարուստ կենսագրություն ունեն, ճանաչված են Փարիզում որպես ազդեցիկ քաղաքական գործիչներ եւ վայելում են բնակչության մեծամասնության վստահությունը:

 

«Այս թեկնածուները քաղաքականության մեջ կանանց նոր սերունդ են ներկայացնում: Նախորդ սերնդի կանայք փորձում էին որդեգրել տղամարդկանց կանոնները, իսկ Անն Հիդալգոն եւ Նատալի Կոսիուսկո-Մորիզեթը պահպանել են իրենց կանացի ոճը»,- «The New Yorks Times»-ին ասել է «Ռադիո Ֆրանս Ինֆո»-ի քաղաքական խմբագիր Մարի Մալուինեսը:

 

Թեկնածուները ելույթ են ունեցել ընտրությունների առաջին փուլի արդյունքների հրապարակումից հետո:  Նատալի Կոսիուսկո-Մորիզեթը խոստացել է, որ  Փարիզը կվերածի այնպիսի քաղաքի, որտեղից մարդիկ չեն ցանկանա հեռանալ: Թեկնածուն նկատի է ունեցել վերջին տարիների միտումը, երբ բազմաթիվ երիտասարդներ լքում են իրենց քաղաքը՝ արտերկրում աշխատանք գտնելու հույսով: Իսկ Անն Հիդալգոն էլ իր հերթին հայտարարել է, որ ընտրվելու դեպքում որեւէ նոր հարկ չի ավելացնի մայրաքաղաքի բնակիչների համար:

 

Պատրաստեց Արման Ղարիբյանը

Դիտումների քանակը` 3350

Գլխավոր էջ