Փաստաբանը կանխատեսել է ողբերգական ելք ամուսինների հարաբերություններում…
Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը, որ ամուսնու կողմից կացնահարված կնոջ ներկայացուցիչն է եղել դատարանում, ամուսինների հարաբերություններում նման ելք կանխատեսել է: «Հինգ րոպե իրար հետ չէին կարողանում շփվել», – Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով ընտանեկան դրաման, ասաց փաստաբան Ֆարմանյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել երևանյան բնակարաններից մեկում: Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ որ նույն օրը լուսադեմին ժամը 04-ի սահմաններում, Երևանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում 35-ամյա Վլադիկ Մ.-ն վիճաբանել է նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և նրա ծնողներ Վաչագան ու Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն» և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», ստեղծվել է քննչական խումբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ և այլ առարկաներ: Վլադիկ Մ.-ն ձերբակալվել է: Թագուհու և նրա հայրիկի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Այս ողբերգությունը նախապատմություն է ունեցել:
Վլադիկը և Թագուհին իրենց համատեղ կյանքից ունեն մեկ 2 տարեկան տղա երեխա: Մարինե Ֆարմանյանն ասաց, որ Վլադիկը նախկինում հանգիստ չի տվել կնոջը և նույնիսկ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի՝ «խոշտանգում» հատկանիշներով նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Դատարանի վճռով նա դատապարտվել է ազատազրկման 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:
Ֆարմանյանը անհամաչափ է գնահատում տղամադրու նկատմամբ կիրառված վճիռը, քանզի նա վտանգ է ներկայացրել հասարակության համար ու անձի դեմ ուղղված հանցագործություն է գործել:
Փաստաբանն անկեղծացավ և նկատեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակում փորձել են այնպես անել, որ ամուսինները հաշտվեն, սակայն ապարդյուն:
«Ինչքան փորձեցինք, չստացվեց: Վլադիկը թաքնվում էր շենքի դալանում, հետևից խփում էր ու փախչում: Զանգում էինք ոստիկանություն, հաղորդում տալիս հանցագործության մասին, բայց ոստիկանությունից ասում էին, թե ապացուցված չէ, որ ինքն է: Բայց ես գիտեի, որ Վլադիկն է, որովհետև հեռախոսը միացնում էր Թագուհին, ես Վլադիկի ձայնը լսում էի», -ներկայացրեց տիկին Ֆարմանյանը՝ ընդգծելով, որ ոստիկանությանը «տոննաներով հաղորդումներ» են ներկայացվել Թագուհուն անհանգստացնելու մասին:
Բացի ոստիկանությունից, ըստ փաստաբանի, անտարբերություն է ցուցաբերել նաև խնամակալության հանձնաժողովը և այդ ամենի հետևանքով էլ ծնվել է ընտանեկան ծանր ողբերգությունը:
Երեխայի խնամակալության հանձնաժողովի որոշմամբ, հորը տրամադրվել է 5 օր երեխային տեսակցելու համար, սակայն փաստաբան Ֆարմանյանի խոսքով, այդ ժամանակը նրա համար շատ է եղել:
«Ես ասում էի` սահմանափակեք տեսակցությունները, այսինքն` սկզբում քիչ տվեք, հետո, երբ Վլադիկը կհասկանար, որ իր ժամանակը սահմանափակ է, իրեն նորմալ կդրսևորեր, այդ ժամանակ կավելացնեին տեսակցության ժամանակը: Ո՞վ էր ասում նրան զրկել ծնողական իրավունքներից: Եթե ես մինչև վերջ կանխատեսեի նման ելք, ես ծնողական իրավունքների սահմանափակման կամ զրկման վարույթ կսկսեի, բայց մի փոքր տեղ էի թողնում՝ մտածելով, թե կհաշտվեն», -նշեց փաստաբանը:
Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, թե ամուսինը այդ քայլին գնացել է երեխայի համար, բայց փաստաբանը հերքում է այդ ամենը՝ առաջ քաշելով իր վարկածը.
«Դա երեխայի կռիվ չէր, դա փողի կռիվ էր, սեփական ստամոքսի կռիվ էր, որովհետև Վլադիկը զոքանչի ու կնոջ հաշվին էր ապրում: Նրան կերակրում էին, մեքենա նվիրեցին, բայց երբ ամուսնալուծվեցին ու այդ ամենից զրկվեց, սկսեց ագրեսիվ վարքագիծ դրսևորել: Եթե նա միայն երեխա ցանկանար տեսնել ու մտածեր երեխայի մասին, գոնե ալիմենտ կվճարեր»:
Հանրային պաշտպանի գրասենյակը որոշել է, որ այս քրեական գործով ևս Թագուհի Մանսուրյանի շահերը կներկայացնի Մարինե Ֆարմանյանը:
Աղբյուրը՝ Panorama.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ողբերգություն, որը կարելի էր կանխել…
Փաստաբանը կանխատեսել է նման ելք ամուսինների հարաբերություններում…
Դիտումների քանակը` 3293