Փախստական ուսուցչուհին՝ Նանսենի մրցանակակիր – հաղորդում է ՄԱԿ ՓԳՀ-ն
Փախստական ուսուցչուհի Աքիլա Ասիֆին, ով ստիպված էր եղել 1992-ին փախչել Աֆղանստանից դեպի Պակիստան, արժանացել է 2015 թ. Փախստականների համար սահմանված՝ Նանսենի մրցանակին: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունից:
Աքիլա Ասիֆին իր կյանքը նվիրաբերել է Պակիստանում փախստական աղջիկների կրթության գործին: 49-ամյա ուսուցչուհուն մեծ ճանաչում են բերել համարձակությունն ու իր գործին անմնացորդ նվիրումը: Տարիներ շարունակ նա Պակիստանի Միանվալի համայնքում կրթում է աֆղան փախստական աղջիկներին՝ միաժամանակ ինքն էլ հաղթահարելով փախստականի կյանքով ապրելու դժվարությունները: Չնայած նվազագույն միջոցներին ու մշակութային մարտահրավերներին, Ասիֆին կարողացավ փախստական հազարավոր աղջիկներին առաջնորդել դեպի տարրական կրթություն:
Աշխարհում փախստականների ամենամեծ ճգնաժամը հենց Աֆղանստանում է: Մոտ 2.6 մլն աֆղան աքսորվել է, որոնց կեսը երեխաներ են: Կրթությունը կարևոր նշանակություն ունի հաջող հայրենադարձության, վերաբնակեցման կամ փախստականների ինտեգրման համար:
Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ փախստական երկու երեխայից միայն մեկը տարրական դպրոց հաճախելու հնարավորություն ունի, և չորս փախստական երեխայից ընդամենը մեկը կարող է հաճախել միջնակարգ դպրոց:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնի Գութերեսը իր հարգանքն է հայտնել հումանիտար մրցանակակրին. «Որակյալ ու անվտագ կրթությունն օգնում է երեխաներին ապագայում ստեղծել անվտանգ աշխատատեղեր, սկսել բիզնես ու օգնել կառուցել իրենց համայնքները, դա էլ ավելի քիչ խոցելի է դարձնում նրանց շահագործման առումով: Աքիլա Ասիֆի պես մարդիկ հասկանում են, որ այսօրվա փախստական երեխաներն են որոշելու իրենց երկրների ու մեր աշխարհի ապագան»:
Նախկին ուսուցչուհի Ասիֆին ընտանիքի հետ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից փախել էր 1992-ին՝ անվտանգություն գտնելով հեռավոր Քոթ Չանդանա կոչվող բնակավայրում: Նա խիստ մտահոգվում է՝ տեսնելով, որ աղջիկները զրկված են դպրոց գնալու հնարավորությունից: Մինչ նրա այդտեղ գալը, համայնքում տիրող խիստ ավանդույթների պատճառով աղջիկները ստիպված էին մնալ տանը: Բայց նա վճռեց այդ աղջիկներին սովորելու հնարավորություն տալ: Դանդաղ, բայց հաստատուն կերպով սկսեց համոզել համայնքին, և ուսուցանել մի քանի աշակերտների դպրոցին փոխարինող մի վրանում: Այսօր արդեն վրանային դպրոցը հեռավոր հիշողություն է, իսկ այդ համայնքում մոտ հազար երեխա է դպրոց հաճախում՝ նրա շնորհիվ:
«Եթե դու կրթում ես աղջիկներին, ուրեմն սերունդներ ես կրթում», – հավատացած է Ասիֆին: Նրա խոսքով, դա իր բացատրությունն ունի. «Եթե ձեր մայրիկը կրթված է, ուրեմն դուք անպայման ունենալու եք կրթված սերունդ, ուրեմն եթե դուք կրթում եք աղջիկներին, նշանակում է, դուք կրթում եք սերունդներին: Ես երազում են այն օրվա մասին, երբ մարդիկ Աֆղանստանի մասին խոսելիս հիշեն ոչ թե պատերազմը, այլ կրթական չափորոշիչները»:
«Կրթություն ստանալը մարդու հիմնարար իրավունք է: Սակայն միլիոնավոր փախստական երեխաներ զրկված են այսօր դրանից, ինչպես նաև հետագայում ավելի լավ ապագա ունենալու հնարավորությունից»,-ասում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպան Խալեդ Հոսեյնին:
«Ես հանդիպել եմ երիտասարդ շատ փախստականների, ովքեր կորցրել են այն, ինչը պետք է նրանց ապահով դարձներ՝ տունը, ընտանիքը, ընկերներին, դպրոցը: Նրանց կրթության գործում ներդրում կատարելը նրանց ապագայի համար ներդրում է, որը նրանց հույս ու հնարավորություն է տալիս վերակառուցել մի օր իրենց ավերված հայրենիքները: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը աշխատում է փախստական երեխաներին դպրոց գնալու հնարավորություն տալ: Աքիլա Ասիֆին մեզ ցույց տվեց, որ քաջությունը կարող է փոփոխություն բերել: Մենք պետք է շարունակենք նրա պայքարը»:
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 5-ին Շվեցարիայի մայրաքաղաք Ժնևում:
Նշենք, որ Նանսենի անվան մրցանակը ամեն տարի շնորհվում է անձի կամ կազմակերպության, որոնք հայտնի են փախստականների պաշտպանության ոլորտում հասած իրենց հաջողություններով: Այն հիմնվել է 1954թ. և անվանվել հռչակավոր Ֆրիտյոֆ Նանսենի՝ հայտնի նորվեգացի բևեռախույզի և փախստականների հարցերով աշխարհում առաջին պաշտոնական միջազգային ներկայացուցչի պատվին: Մրցանակը կազմում է 100 հազար դոլար: Այժմ մեկնարկել է 2016 թվականի համար առաջադրումը:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 4766