Տրայան Հրիստեա. « Խորհրդարանն առավել ուժեղ կդառնա, եթե պատգամավոր կանանց քանակն աճի»

ՀՀ քաղաքական կուսակցությունները պետք է ավելի մեծ թվով կանանց ընդգրկեն իրենց նախընտրական ցուցակներում՝ խորհրդարանում նրանց ներկայացուցչությունն ավելացնելու համար, կարծում է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:

 

«Չնայած ես ընդամենը կես ամիս է, ինչ գտնվում եմ Հայաստանում, հասցրել եմ նկատել հայ կանանց կրթվածության և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, և վստահ եմ, որ խորհրդարանն առավել ուժեղ կդառնա, եթե պատգամավոր կանանց քանակն աճի: Խնդրում եմ մտածեք այդ մասին՝ առաջիկա շաբաթվա ընթացքում թեկնածուներ առաջադրելով: Վստահ եմ, որ հայկական քաղաքական կուսակցությունները ներդրում կունենան գենդերային հավասարության ապահովման կարևոր խնդրի իրականացման հարցում», –  նշեց նա «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման մասին» օրինագծի խորհրդարանական լսումների ժամանակ:

 

Մեջբերելով  Միջխորհրդարանական միության տվյալները, որոնց համաձայն՝ խորհրդարանում կանանց ներկայացվածության մակարդակով Հայաստանը 9,2 տոկոս ցուցանիշով գտնվում է 106-րդ տեղում՝ 188 երկրների շարքում, այն դեպքում, երբ ԵԱՀԿ երկրների միջին ցուցանիշը կազմում է 22,3 տոկոս, դեսպանը դիմեց քաղաքական կուսակցություններին:

 

«Ընտրությունների նախաշեմին ես կոչ եմ անում Ազգային ժողովի անդամներին և բոլոր քաղաքական կուսակցություններին, որպեսզի նրանք հաջորդ գումարմանը փորձեն ավելացնել խորհրդարանում իգական սեռի ներկայացուցիչների ներկայությունը»,-  եզրափակեց իր խոսքը Տրայան Հրիստեան:

 

Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ բոլոր քաղաքական ուժերը շահագրգռվածություն կցուցաբերեն, որպեսզի իրենց նախընտրական ցուցակներում ավելի շատ թվով կանանց ներառեն:

 

«Նորացված Ընտրական Օրենսգիրքը համամասնական ցուցակներում կանանց ներկայացվածության 5 տոկոսանոց աճ է ենթադրում, որի արդյունքում կանայք կկազմեն խորհրդարանի 20 տոկոսը: Չնայած այսօր կին-պատգամավորները ընդամենը 11-ն են, բայց նրանք բոլորը շատ ակտիվ գործունեություն են ծավալում ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում»,- ասաց Զոհրաբյանը:

Դիտումների քանակը` 3917

Գլխավոր էջ