Տորունիքում ընտրապայքարի են դուրս եկել միայն կանայք

 

 Մարտի 9-ին Հայաստանի մի շարք համայնքներում կայանալու են ՏԻՄ ընտրություններ և արդեն այսօր կարելի է ասել, որ դրանք աննախադեպ են , քանի որ միանգամից վեց համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են նաև կանայք: Աննախադեպ են նաև այն իմաստով, որ ղեկավար պաշտոնի համար  առաջադրված կանանց մեծամասնությունը մինչ օրս քաղաքականության մեջ ներգրավված չեն եղել, կուսակցական չեն և անգամ ավագանու անդամ չեն:

 

Իսկ Սյունիքի մարզի Տորունիք համայնքում ընդհանրապես հետաքրքիր իրավիճակ է, քանի որ ընտրապայքարի մեջ են մտել  միայն կանայք` գործող համայնքապետ Անահիտ Հակոբյանը և անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը: Ինչը նշանակում է, որ գոնե այս համայնքում առաջիկա տարիներին կրկին կին համայնքապետ կլինի, իսկ թե ով` ցույց կտա ժամանակը:

 

Մնացած համայնքներում,  կանայք  պայքարի մեջ են մտել տղամարդ համայնքապետերի  դեմ:   WomenNet.am-ը փորձեց պարզել գործող համայնքապետերից , թե ինչպես են վերաբերում իրենց կին-մրցակիցներին …

 

 

1997թ-ից Լոռու մարզի Նովոսելցովո համայնքը ղեկավարող  Ռուբեն Դավոյանի հետ այս տարիների ընթացքում առաջին անգամ համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցելու է անկուսակցական Արևիկ Ահարոնյանը։ Համայնքապետը, որն անցած տարիներին այդպես էլ, ինչպես հասկացանք, չի տիրապետել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփման տեխնոլոգիաներին, մեծ դժվարությամբ էր պատասախանում հարցերին, սակայն  մի հարցում հստկ համոզված էր`   չի պատրաստվում հեշտությամբ զիջել կնոջը, ավելին` այն վստահությունն ուներ, որ Արևիկ Ահարոնյանը «չի դիմանա ու մինչև վերջ չի գնա», թեպետ հավելեց`.

«Ով գիտի, մեկ էլ տեսար հաղթեց, նենց քաղաքական դաշտ ա հիմա որ…»:

 

Համայնքապետը նշեց, որ լավ ճանաչում է մրցակցին, իր համագյուղացին է, բայց ակտիվ քաղաքական գործընթացներում մինչ օրս չի նկատել նրան:

«Ես ոչ միայն վստահ եմ իմ ուժերին` համոզված եմ… բայց մի քանի օրից  կերևա, որովհետև հարցեր կան, երևի նա չի դիմանա»,- խորհրդավոր տոնով ասաց նա: Բայց մանրամասնել հրաժարվեց, թե այդ ինչ հարցեր են, որ պետք է հետ պահեն պայքարից կին-մրցակցին.

 

«Դե… նենց հարցեր կա, որ ասելու բան չի, որ ես էլ ասեմ»,- միայն նշեց նա:

Նշենք, որ համայնքապետը ՀՀԿ-ական է, իսկ հետաքրքիր զուգադիպությամբ ընդամենը հինգ անդամ ունեցող ավագանիում  անդամներից երեքը նույնպես Դավոյան ազգանունն են կրում:

 

 

Իսկ ահա Արմավիր մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Էդվարդ Միրզոյանը գալիք ընտրություններում կին մրցակցի մասին լսելով ասաց, թե այո` «գյուղից ինչ-որ հարս է, անփորձ, քաղաքականությանն անսովոր»: Նրա խոսքով, անկուսակցական Քրիստինե Պետրոսյանին չի պատրաստվում խանգարել, հակառակը` եթե հարցեր լինեն, նույնիսկ պատրաստ է օգնել, բայց.

 

 

«Ես չեմ կարծում, թե իր հաղթանակը հավանական է: Ես չորս տարի է ղեկավարում եմ համայնքը, իմ արածները բոլորը տեսել են, գիտեն, սաղին էլ հասել եմ, իսկ ինքն անփորձ կին ա: Բայց դե չեմ խանգարի, ինչի՞ խանգարեմ, պետք լինի կօգնեմ էլ»,- հավաստիացրեց նա: Եվ միակ ափսոսանքը, որ ունի նա է, թե ինչու է մրցակիցը կին, միայն զուտ այդ հանգամանքից ելնելով չէր ցանկանա հաղթել Քրիստինեին:

 

 

    Էնզելա Մակարյան

 

Կարդացեք նաեւ  թեմայի շուրջ.

 

Տորունիքի կին համայնքապետը չի վախենում կին մրցակցից

 

 

 

 

Դիտումների քանակը` 3198

Գլխավոր էջ