ՏԻՄ կուրիոզներ-2. Գյուղապետի աղջիկը հրաժարվեց հոր դեմ պայքարից, բայց …

…մյուս աղջիկն ու որդին կշարունակեն պայքարը

 

 

Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում սեպտեմբերի 23-ին համայնքապետի ընտրություններ են կայանալու: Այս համայնքի մասին ընթերցողները թերևս հիշեն մեր նախորդ հրապարակումներից: Այստեղ էր, որ գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել էին հայր ու աղջիկ` Օհանյան Լիանա Ռաֆիկի և Օհանյան Ռաֆիկ Պետրոսի: Հայրը գործող գյուղապետն է` 1991 թվականից սկսած, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է: Դուստրը անհատ ձեռնարկատեր է:

 

 

Ինչպես այսօր տեղեկացանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից, Լիանա Օհանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:  Ինքնաբացարկի դիմումը սպասելի էր, քանի որ հայրը ի սկզբանե չէր էլ թաքցնում,որ դուստրը առաջադրվել էր Ընտրական օրենսգրքի պահանջը չխախտելու նպատակով, քանի որ.

 

 

«…Համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից»:

 

 

Ստացվում է, աղջիկը ընտրապայքարի մեձ էր մտել ոչ թե իր քաղաքացիական, քաղաքական իրավունքը իրացնելու նպատակով, այլ այլընտրանքային թեկնածու հանդես գալու համար: Այլ կերպ ասած, նա ընդամենը հոր հաջողությունն ապահովելու գործիք է հանդիսացել: Գիտակցելով այս փաստը, հայրը այլեւս չի անկեղծանում լրագրողների հետ՝ պնդելով, որ աղջկա հետ նման պայմանավորվածություն չի եղել:

 

 

Ի դեպ, Աճարկուտի կուրիոզները  դրանով չեն ավարտվում:  Սեպտեմբերի 23-ին նույն համայնքում նշանակված են նաև ավագանու ընտրություններ: Հինգ տեղի համար, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, պայքարում է վեց թեկնածու:

 

 

Նրանցից մեկը կին է: Նարինե Ռաֆիկի Օհանյանը ՀՀԿ անդամ է, գյուղի դպրոցի ուսուցչուհի: Նա էլ, ենթադրելով ազգանունից ու հայրանունից, գյուղապետի մյուս աղջիկն է:  Ուշագրավ է, որ ավագանու անդամ դառնալու համար պայքարում է նաև գյուղապետի որդին` Վարդան Ռաֆիկի Օհանյանը: 31 տարվա գյուղապետ Օհանյանը հաստատեց, որ Նարինեն ու Վարդանը իր երեխաներն են, ապրում են առանձին: Ասաց նաև, որ անպայման ընտրվելու են:

 

Նշենք, որ այս պահին գյուղու ավագանու կազմում մեկ կին է ընդգրկված` 49-ամյա Սվետլանան Ներսիսյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է:

 

Հ.Գ. Ըստ Տավուշի մարզեպատարնի կայքում զետեղված տեղեկությունների, Աճարկուտում ապրում է  50 ընտանիք` 185 մարդ:  Բնակչության զբաղմունքը` բուսաբուծությունը, անասնապահությունն ու մեղվաբուծությունն է: Գյուղը գազիֆիկացված չէ, ճանապարհների վիճակը բավարար է:  Համայնքն ունի դպրոց՝ 70 աշակերտական տեղով, աշակերտների թիվը 11 է:

 

Հ. Կարապետյան

 

 

 

Կարդացեք  նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

ՏԻՄ ընտրությունների կուրիոզները

 

Կինն ընդդեմ ամուսնու, աղջիկն ընդդեմ հոր

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3432

Գլխավոր էջ