ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ
ՏԻՄ-համակարգը Հայաստանում շարունակում է մնալ տղամարդկանց մենաշնորհը: Դա հերթական անգամ ապացուցեցին վերջին ՏԻՄ-ընտրությունները: Դատեք ինքներդ. 2013-ի տվյալներով Հայաստանի տասը մարզերի ավագանիների 6164 անդամներից միայն 505-ն են կանայք, ինչը ընդամենը 8,2 տոկոս է կազմում: Ընդհանուր առմամբ, հանրապետության համայնքների մոտ 42% -ում ավագանիների կազմում կանայք ընդգրկված չեն:
Ողջ հանրապետությունում 866 գյուղական համայնքներից միայն 21-ն են ղեկավարում կանայք (2.6%), ընդ որում հետաքրքիր մի օրինաչափություն է նկատվում – դրանք բոլորն էլ փոքր (բնակիչների թիվը 2500-ից չի անցնում) և հիմնականում սահմանամերձ համայնքներ են: Հայաստանի առնվազն երկու մարզում` Արագածոտնում և Վայոց ձորում, ընդհանրապես կին գյուղապետներ չկան, իսկ Լոռիում կին գյուղապետների թիվը ամենամեծն է , մարզի 106 գյուղական համայնքներից 6-ը կանայք են ղեկավարում:
Ինչ վերաբերում քաղաքային համայնքներին, ապա այստեղ երկար տարիներ պահպանվում է նույն միտումը. կին քաղաքապետ չունենք, ավագանիների կազմում էլ կանանց թիվը չնչին է, վերջին տվյալներով ընդամենը՝ 5.3 % է:
Կանայք ներկայացված են հիմնականում փոքրաթիվ ավագանի ունեցող գյուղական համայնքներում` 4, 5, 7 անդամ ունեցող: Հազվադեպ են դեպքերը, երբ կանայք ներգրավված են 9, 11 կամ 15 անդամ ունեցող քաղաքային ավագանիներում, ինչը նշանակում է, որ քաղաքներում ապրող կանայք գրեթե դերակատարում չունենք իրենց համայնքների կյանքում:
Դիտարկենք վիճակագրությունն ըստ մարզերի.
Արագածոտնում, ինչպես արդեն նշեցինք, կին համայնքապետ 2013-ին, ինչպես նաև դրանից առաջ չենք ունեցել: Մարզի 114 համայնքներից միայն 22-ի ավագանիներում կան կանայք` մարզի կտրվածքով 687 ավագանու անդամներից 654-ը տղամարդիկ են և միայն 33-ը կանայք (4.8%): Դա հանրապետության միջին ցուցանիշից կրկնակի անգամ ցածր է:
Ցուցանիշները էլ ավելի մտահոգիչ են Վայոց ձորում, որտեղ 44 համայնքից և ոչ մեկի ղեկավարը կին չէ : Ինչ վերաբերում է ավագանիներին, ապա այստեղ նույնպես հպարտանալու տեղ չկա` մարզի 520 ավագանու անդամներից 508-ը տղամարդ են և ընդամենը 12-ը կանայք (2.3%): Դա ամենացածր ցուցանիշն է հանրապետության այլ մարզերի հետ համեմատած: Միակ համայնքը, որը կանանց ներկայացվածությամբ կարող է հպարտանալ Գոմքն է, որտեղ կոտրել են այն կարծրատիպը, թե «գալոչկայի» համար ավագանիում մեկ կին անդամ ունենալը «էլի լավ է». Գոմքի ավագանիում կանայք մեծամասնություն են կազմում` 5-ից 3-ը կանայք են:
Սյունիքում պատկերը, կարելի է ասել, դրականորեն տարբերվում է. մարզի հինգ համայնքներ` Քարահունջը, Տորունիքը, Կոռնիձորը, Հացավանն ու Շրվենանցը ղեկավարում են կանայք: Մարզում 577 ավագանու անդամներից 493-ը տղամարդ են, 84-ը կանայք (14.5%), և դա կանանց ներկայացվածության ամենաբարձր ցուցանիշն է հանրապետության կտրվածքով: Նշենք, որ Սյունիքում երկու համայնք կա ` Խդրանց և Նժդեհ, որոնցում ավագանու կազմում միայն կանայք են, բայց գյուղապետը տղամարդ է :
Հետաքրքիր պատկեր ունենք Շիրակում: Տրամաբանությունը ենթադրում է, որ արտագնա աշխատանքի մեկնողների թվով առաջատար այս մարզը պետք է որ կանանց ներկայացվածության «բում» ապահովեր, բայց արի ու տես, որ ոչ: Նախ, ամբողջ մարզում ընդամենը երկու համայնք է, որ կին ղեկավար ունի: Ինչ վերաբերում է ավագանու անդամներին, ապա 119 համայնքներից միայն 37-ում են կանայք ներկայացված , 687 ավագանու անդամներից միայն 61-ն են կանայք (8,8%):
Նույնը կարելի է ասել նաև Գեղարքունիքի մասով: Գեղարքունիքի տղամարդկանց մեծամասնությունը ևս մեկնում է արտագնա աշխատանքի, բայց կանանց դերը ՏԻՄ-երում դրանից ամենևին էլ չի բարձրանում: Մարզի 92 համայնքներից միայն 28-ում է, որ ավագանիում կանայք կան, ընդ որում 569 ավագանու անդամներից միայն 44 են կին (7.7%): Մարզում միայն 3 կին համայնքի ղեկավար կա:
Հաճելիորեն զարմացնում է Լոռին, որտեղ 113 համայնքներից 6-ը ղեկավարում են կանայք: Իհարկե, եթե հաշվի առնենք, որ մնացած 107 համայնքների ղեկավարները տղամարդիկ են, ապա վեցը այնքան էլ գոհացուցիչ թիվ չէ…. Բայց փորձենք գոհ լինել այն հանգամանքով, որ մարզի 676 ավագանու անդամներից 86-ը կանայք են (12.7%):
Իսկ ահա Արարատում 692 ավագանու անդամից կանանց թիվը ընդամենը 51 է (7,4%), ու եթե փորձենք բաժանել այդ թիվը մարզի 97 համայնքների միջեւ, ապա պարզ կդառնա, որ համայնքների մեծամասնությունում միայն տղամարդիկ են ընդգրկված: Սրան գումարենք նաև այն, որ Արարատում միայն Վերին Դվին համայնքի ղեկավարն է կին, և պատկերն ամբողջանում է:
Թեև նույնը կարելի է ասել նաև Տավուշի մասին` մարզի 67 համայնքներից միայն 26-ում է, որ ավագանիում կին անդամներ կան, ընդ որում, կրկին` հիմնականում գյուղական համայնքներում: 484 ավագանիներից միայն 39-ն են կանայք (8%): Եվ միայն մեկ համայնքի ղեկավարն է կին:
Արմավիրում կին համայնքապետերը երկուսն են` Արտամետում և Արևաշատում: Մարզի 97 համայնքներից 43-ում ավագանու կին անդամներ կան, թվային առումով պատկերը հետևյալն է` մարզի կտրվածքով 733 ավագանու անդամներից 674 տղամարդիկ են, 59-ը կանայք (8%):
Գանք Կոտայք, որտեղ կին ավագանիների թիվը միջին հանրապետական ցուցանիշից էլ ցածր է` 495-ից միայն 37-ն են կանայք (7,4%): Եվ սա 67 համայնքների կտրվածքով: Բացի այդ մարզում միայն մեկ համայնքի ղեկավարն է կին` Նոր Երզնկայի:
Դժվար թե, ընթացիկ տարում որոշ համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունները կտրուկ փոփոխեն այս պատկերը և կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններում կավելանա: Փոփոխության համար անհրաժեշտ է, որ այս հարցով առնվազն մտահոգություն առաջանա, և ոչ միայն կանանց մոտ …
Էնզելա Մակարյան
Հ.Գ. Տվյալները հավաքագրված են հեղինակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման նաախարարության պաշտոնական կայքից ՝ 2013-ի դրությամբ :
Դիտումների քանակը` 5008