ՏԻՄ ընտրություններ. Ո՞ւ ր են կանայք
Այս տարի մոտ երկու տասնյակ համայնքերում տեղի ունեցած և ունենալիք ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցությունը չնչին է. այդ համայնքներից միայն երկուսում մեկական կին թեկնածու է առաջադրվել:
Անցած կիրակի Արարատ քաղաքում ու Նշավան համայնքում համայնքապետի ընտրություններ էին: Առաջադրված ու գրանցված թեկնածուների թվում երկու հայամքում էլ կանանց անուններ չկային:
Արարատում երեք տղամարդ էր պայքարում քաղաքապետ դառնալու համար, եզրափակիչ դուրս եկան երկուսը` ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանն ու ՀՀԿ կողմից առաջադրված անկուսակցական Հայկ Հայկյանը: Վերջինս էլ մոտ 300 ձայնի առավելությամբ դարձավ քաղաքապետ: Նշավանում էլ երկու տղամարդկանց պայքարում ՀՀԿ-ական թեկնածուն` Պապ Հակոբյանը հաղթեց:
Առաջիկա կիրակի էլ ՏԻՄ ընտրությունների են պատրաստվում Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Տավուշ մարզերի մի քանի համայնքներ:
Արագածոտնի Թթուջուր համայնքում երեք թեկնածուների թվում կին չկա, Ջրամբարում երկու թեկնածու կա. մեկը կին`անկուսակցական Նազելի Մկրտչյան, ով գյուղապետարանում աշխատում է որպես համակարգչային օպերատոր: Նրան որևէ կուսակցություն չի սատարում: Միակ մրցակիցն ինքնառաջադրված, անկուսակցական գյուղապետ Գարիկ Գևորգյանն է:
Նույն մարզի Ձորագլուխ համայնքում երկու թեկնածուների թվում կին չկա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, Գեղարքունիքի Ծովինար և Զորագյուղ գյուղերում գրանցված միակ թեկնածուները տղամարդիկ են, երկուսն էլ գործող գյուղապետեր, մեկն` անկուսակցական, մեկը` ՀՀԿ-ական: Վիճակը նույնն է նաև Լոռու մարզի Մրգահովիտ գյուղում` գրանցված միակ թեկնածուն ՀՀԿ-ական գործող գյուղապետն է:
Տավուշի մարզի Աչաջուր համայնքում նույնպես կին թեկնածու չկա՝ երեք գրանցված թեկնածու կա, երեքն էլ ՀՀԿ-ական են, սական որևէ մեկը կուսակցության կողմից առաջադրված չէ:
Այս տարվա ընթացքում հաջորդ ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին: Արագածոտնի Սուսեր համայնքում գրանցված երկու թեկնածուներն էլ տղամարդիկ են: Արարատի մարզի Այգավան համայնքում առաջադրված 5 թեկնածու կա, սակայն ոչ մի կին:
Այնթապում համայնքի ղեկավար դառնալու համար պայքրի մեջ են մտել գործող գյուղապետն ու նրա վարորդը, երկուսն էլ` տղամարդ:
Արարատի Դարակեր, Լանջառ, Ջրահովիտ, ինչպես նաև Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Շիրակի Ձիթհանքով, Ջաջուռավան, Սյունիքի Ճակատեն համայնքերում թեկնածուների թվում ոչ մի կին չկա:
Այս տարվա վերջին ՏԻՄ ընտրություններն Արարատի մարզի Ավշար գյուղում են: Թեկնածուների առաջադրման համար փաստաթղթերի ընդունումը կմեկնարկի նոյեմբերի 20-ից: Եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ բոլոր թեկնածուները հնարավոր է` կին լինեն, ապա մեծ հաշվով առկա միտումներում ոչինչ չի փոխվի:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 4359