ՏԻՄ ընտրություններ. Համայնքապետի 141 թեկնածուներից ընդամենը վեցն են կանայք

Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքապետի և ավագանու ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի 49 համայնքներում։

 

WomenNet.am –ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ համայնքներից 24-ում հերթական, 25-ում՝ արտահերթ ընտրություններ են։ Համայնքներից յոթում ավագանու անդամի ընտրություններ են, 43-ում՝ համայնքի ղեկավարի։ Թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է հոկտեմբերի 2-ին։

 

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված է 141 թեկնածու։ Նրանից ընդամենը 6-ն են կանայք։ Թեկնածուներից չորսը Արամավիրի երեք համայնքներում են առաջադրված։

 

Այսպես, արտահերթ ընտրություններ են նշանակվել հանրապետության չորս քաղաքներում՝ Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում, Սյունիքի մարզկենտրոն Կապանում, Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում և Էջմիածնում։ Այս քաղաքներից միայն  վերջինում է, որ կին թեկնածուներ կան։

 

Էջմիածնում գրանցված է քաղաքապետի 14 թեկնածու, նրանցից երկուսը կանայք են, նրանք ինքնաառաջադրված են։

 

 Դիանա Գասպարյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։  «Համայնքի ղեկավարի առաջիկա ընտրություններում պատիվ ունեմ ներկայացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Իմ քայլը» հեղափոխական ուժը: Ես հպարտ եմ լինելու հեղափոխության թեկնածուն իմ սիրելի քաղաքում և հպարտ եմ վայելելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու մեր հարգելի Վարչապետի վստահությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Դիանա Գասպարյանը։
Հաջորդ կին թեկնածուն՝ Սուսաննա Մարգարյանն անկուսակցական է, աշխատում է ԱԺ ֆինանսական վարչությունում։

 

Արմավիրի մարզի Շահումյանի Թռչնաֆաբրիկա գյուղում առաջադրված հինգ թեկնածուներից գրանցվել են երեքը, մեկը մինչև գրանցումը հետ է վերցրել փաստաթղթերը, մյուսը՝ գրանցումից հետո ինքնաբացարկ է հայտնել։ Թեկնածուները բոլորն անկուսակցական են, ինքնաառաջադրված, երկու տղամարդ, մեկ կին։ Լիլյա Ղասաբյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Այստեղ հերթական ընտրություններ են։

 

Արմավիրի մարզի Դաշտ համայնքում գրանցված չորս թեկնածուների թվում մի կին կա։ Անահիտ Աղաջանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նրա մրցակիցներն են նախկինում ՀՀԿ-ական, հիմա անկուսակցական գյուղապետը՝ Հրանտ Պետրոսյանը, անկուսակցականներ Հրանդ Պետրոսյանն ու Հայկ Գյունազարյանը։ Այստեղ էլ ընտրությունները հերթականն են։

 

 Արարատի մարզի Վերին Դվին ասորաբնակ գյուղում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Լյուդմիլա Պետրովան։ Նա գյուղը ղեկավարում է 2004 թվականի փետրվարից, իսկ մինչ այդ եղել է աշխատակազմի քարտուղար։  Նրա միակ մրցակիցն անկուսակցական Սերգեյ Աբրամովն է, նա աշխատում է համայնքապետարանում՝ որպես առաջին կարգի մասնագետ։

 

Այստեղ հերթական ընտրություններ են, ընտրելու են ինչպես գյուղապետ, այնպես էլ ավագանու անդամներ։ Գյուղի գործող ավագանին յոթ անդամ ունի, նրանցից չորսը կանայք են։ Ավագանու անդամի համար առաջադրված է ութ թեկնածու, որից չորսը կանայք են։ Կին թեկնածուներից երեքը գործող ավագանու անդամներն են՝ Պետրովա Անյա, Տամրազովա Սոնիկ, Լազարևա Մարիյա։

 

Եվս մեկ կին թեկնածու առաջադրված է Լոռու մարզի Վահագնի գյուղում։ Մերի Մուրադյանն անկուսակցական է։ Այստեղ գրանցված հինգ թեկնածու կա, բոլորն էլ անկուսակցական ու ինքնաառաջադրված։

 

 

Հիշեցնենք, որ հանրապետության   502 համայնքների ղեկավարներից միայն 10-ն են  կանայք ընդ որում, նրանցից երեքը համայնքապետի պաշտոնակատարներ են՝ Հրազդանում, Էջմիածնում,  Արմավիրի մարզի Շահումյան թռչնաֆաբրիկա գյուղում։ Ուշագրավ է, որ Հրազդանում կայանալիք արտահերթ ընտրություններում Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը չի մասնակցում։

 

Համայնքները գլխավորող 7 կանանց   թվում  են Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան,  Արմավիրի մարզի Արևաշատի համայնքապետ Սուսաննա Գևորգյանը և  Արտամետ համայնքի ղեկավար Անահիտ Դավթյանը,   Գեղարքունիք մարզի Գեղաքար համայնքի ղեկավար Կարինե Մարտիրոսյանը, Լոռու մարզի Բազումի համայնքապետ  Սրբուհի Հարությունյանը,  Կոտայքի  Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը և  Շիրակի մարզի  Ամասիայի համայնքապետ  Հարությունյան Ջեմման, ով խոշորացված համայնք ղեկավարող միակ կինն է:

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

Դիտումների քանակը` 1860

Գլխավոր էջ