ՏԻՄ ընտրություններ. Կանանց հիմնականում առաջադրում է ՀՀԿ-ն
Մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հերթական ընտրություններում թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է փետրվարի 14-ին, նախընտրական քարոզչությունը կսկսի փետրվարի 21-ին ու կավարտվի մարտի 9-ին: Գրանցված թեկնածուներն ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև մարտի 1-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակվել են թեկնածուների վերաբերյալ տեղեկություններ: 14 համայնքներում համայնքապետի պաշտոնի համար առաջադրված 31 թեկնածուների թվում որևէ կին չկա:
Ինչ վերաբերում է ավագանու անդամի հերթական ընտրություններին, ապա 15 համայնքներում առաջադրված 150 թեկնածուներից 14-ն իգնական սեռի ներկայացուցիչ են: Նրանցից մեկը հետ է վերցրել փաստաթղթերը:
ԿԸՀ-ից Womennet.am-ին հայտնեցին, որ գրանցվել է ավագանու անդամի 13 կին թեկնածու:
Արարատի մարզի Դարբնիկ գյուղում ավագանու գրանցված ինը թեկնածուներից մեկն է կին՝ ՀՀԿ-ական Գոհարիկ Պետրոսյանը: Նկատենք, որ գյուղի գործող ավագանու հինգ անդամներից թվում կին չկա:
Եղեգնավանում գրանցված ութ թեկնածուներից երեքը կանայք են՝ անկուսակցական Ադելա Աբրահամյանը դպրոցի ուսմասվարն է, ՀՀԿ-ական Զոյա Ամիրյանն անհատ ձեռնարկատեր է, անկուսակցական Ժաննա Կագրամանյանը շտապօգնության ծառայությունում բուժքույր է աշխատում: Նրանք երեքն էլ գործող ավագանու անդամներ են (ավագանու 7 անդամից երեքը կանայք են):
Զորակում գրանցված 9 թեկնածուներից միայն մեկն է կին: ՀՀԿ-ական Սուսաննա Կարապետյանն աշխատում է գյուղի ամբուկլատորիայում, նրան առաջադրել է հարազատ կուսակցությունը: Նշենք, որ գործող ավագանու յոթ անդամների թվում կին չկա:
Հայանիստում գրանցված 8 թեկնածուներից մեկն է կին: Իրինա Հարությունյանինն առաջադրել է ՀՀԿ-ն: Գործող ավագանու 7 անդամներից երեքն են կանայք:
Նիզամիում գրանցված 6 թեկնածու կա, հինգն առաջադրված են ՀՀԿ կողմից: Նրաց թվում է նաև Լաուրա Քոչարյանը: Գործող ավագանու կազմում (5 անդամ) կանայք չկան:
Սայաթ Նովա գյուղում ավագանու անդամի 13 թեկնածու կա, որից մեկն է կին: Գայանե Հակոբյանն ինքնաառաջադրված է: Գործող ավագանու կազմում կանայք չկան:
Սիսում ութ թեկնածու կա, որից երկուսը կանայք են: Աննա Բեգունցին ու Աննա Առուշանյանին առաջադրել է ՀՀԿ-ն: Նշենք, որ գործող ավագանու վեց անդամներից երկուսը կանայք են:
Սիփանիկում գրանցված 8 թեկնածուներից միայն մեկն է կին, բուժքույր Նելիկո Մկրտչյանին առաջադրել է ՀՀԿ-ն: Նա գործող ավագանու չորս անդամներից միակ կինն է:
Լոռու մարզի Դարպաս գյուղում գրանցված 9 թեկնածու, որոնցից երկուսը կանայք են: Նրանից մեկին՝ Լյուբա Աբրահամյանին, ով գործող ավագանու միակ կին անդամն է, առաջադրել է ՀՀԿ-ն, մյուսին՝ Լիլիթ Հակոբյանին՝ ՀՅԴ-ն: Դարպասի ավագանին կազմված է 6 անդամից:
Արտահերթ ընտրություններում թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է փետրվարի 20-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 27-ին, կշարունակվի մարտի 9-ը ներառյալ: Ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև մարտի 1-ը:
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամի արտահերթ ընտրություններում առաջադրվել են 15 թեկնածուներ, որոնցից 4-ը կանայք են: Նրանցից երկուսն անկուսակացական են, ինքնաառաջադրված, երկուսը՝ ՀՀԿ-ական, առաջադրված կուսակցության կողմից: Նրանք են անկուսակցական Վարդուհի Օթարյանը, ով աշխատում է գյուղի արվեստի դպրոցում որպես դասատու, անհատ ձեռնարկատեր Աշխեն Դավթյանը, Լուսինե Մատինյանը, Վարդուհի Խուդավերդյանը, ով արվեստի դպրոցում որպես տնտեսվար է աշխատում: Գործող ավագանու 9 անդամներից չորսը կանայք են:
Նշենք, որ մարտի 11-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն այս տարվա ընթացքում առաջինն են: Ընտրական օրենսգրքի համաձայն` համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: ԿԸՀ որոշմամբ՝ 2018 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել 2018 թվականի մարտի 11-ը, հունիսի 10-ը և հոկտեմբերի 21-ը:
Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման ընտրություններին, ապա Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից WomenNet.am-ին հայտնեցին, որ փնջերի կազմը դեռևս քննարկման փուլում է. մշակված նախագիծ չկա, թե կոնկրետ որ համայնքներն են տարվա ընթացքում խոշորացվելու: Ավելի վաղ նույն նախարարությունից հայտնել էին, որ նախատեսվում է խոշորացնել 8 մարզերի (բացի Սյունիքի և Վայոց ձորի) դեռևս չխոշորացված համայնքները: ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ խոշորացման գործընթացն ավարտվելու է 2019 թվականին: Արդյունքում համայնքների թիվը մոտավոր հաշվարկով կլինի 120-140: Այս պահին Հայաստանում հաշվվում է 502 համայնք, մինչ 2017-ին տեղի ունեցած խոշորացումները համայնքների թիվը 793 էր:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2944