ՏԻՄ ընտրություններ. Գյուղապետի պաշտոնի համար պայքարող կանայք չկան
Հունիսի 10-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 19 համայնքներում: Համայնքներից 8-ում ընտրելու են միայն համայնքի ղեկավարի, 7-ում՝ միայն ավագանու անդամներ և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
WomenNet.am-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ 12 համայնքում գյուղապետի առաջադրված 33 թեկնածուներից միայն մեկն էր կին, նա էլ ինքնաբացարկ է հայտնել: Մարինե Ասատրյանը գյուղի միջնակարգ դպրոցում մանկավարժ է աշխատում, անկուսակցական է, ինքնաառաջադրված:
Ավագանու անդամի համար պայքարում է 89 թեկնածու, նրանցից 15-ը կանայք են: Իգական սեռի ներկայացուցիչները տեղական ինքնակառավարման մարմիններում ընդգրկվելու հայտ են ներկայացրել ութ համայնքներում:
Համայնքի ավագանու անդամի կին թեկնածուներն են՝
Լոռի | Անտառամուտ | Ավետիքյան Ալվարդ |
Լոռի | Անտառամուտ | ՄակարյաՆ Նաիրա |
Գեղարքունիք | Տորֆավան | Գազարյան Անյուտա |
Գեղարքունիք | Տորֆավան | ՄիրզոյաՆ Գրետա |
Գեղարքունիք | Գեղաքար | Խաչատրյան Հասմիկ |
Գեղարքունիք | Գեղաքար | Պողոսյան Էմմա |
Գեղարքունիք | Գեղաքար | Ասատրյան Անի |
Արագածոտն | Դպրեվանք | Դավիդովա Օֆելյա |
Գեղարքունիք | Վանեվան | Գալստյան Գոհար |
Գեղարքունիք | Վանեվան | Սարգսյան Փարանձեմ |
Արագածոտն | Դավթաշեն | Հովհաննիսյան Սաթենիկ |
Արմավիր | Տալվորիկ | Կարապետյան Մարգարիտ |
Արմավիր | Տալվորիկ | Հարությունյան Վեներա |
Արմավիր | Տալվորիկ | Զաքարյան Ջեմմա |
Կոտայք | Քասախ | Ղազարյան Պայծառ : |
Անցկացրած փոքրիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեկնածու առաջադրված կանայք հիմնականում գործող ավագանու անդամներ են:
Այսպես՝
Անտառամուտի գործող ավագանին կազմված է հինգ անդամնից, միայն մեկն է կին (Ալվարդ Ավետիքյան):
Տորֆավանի ավագանին ունի հինգ անդամ՝ երկուսն են կանայք: Նրանք երկուսն էլ առաջադրված են:
Գեղաքար համայնքը, որտեղ առավել մեծ թվով կանայք են առաջադրված, կին է ղեկավարում՝ Կարինե Մարտիրոսյանը: Գործող ավագանին կազմված է չորս անդամից, որից միայն մեկն է կին (Էմմա Պողոսյանը):
Դպրեվանքի գործող ավագանու հինգ անդամներից միայն մեկն է կին՝ Շուշանիկ Թովմասյանը:
Վանևանում գործող ավագանու հինգ անդամներից երկուսն են կանայք՝ Էլմիրա Յագուբյանը և Անուշ Հակոբյանը:
Դավթաշենի գործող ավագանու կազմում կանայք չկան:
Տալվորիկ համայնքում գործող ավագանու հինգ անդամներից երեքը կանայք են՝ Ջեմմա Զաքարյան, Խանում Ավդալյան, Վեներա Հարությունյան:
Քասախում ավագանու յոթ անդամների թվում կանայք չկան:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3379