ՏԻՄ ընտրություններ. Ավագանու անդամի թեկնածու կանանցից 8-ն ընտրվել են
Հունիսի 10-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Հայաստանում համայնքապետ կանանց թիվը չփոփոխվեց: Ինչպես արդեն հայտնել էինք՝ 12 համայնքում գյուղապետի առաջադրված 33 թեկնածուներից միայն մեկն էր կին (Տորֆավան գյուղում), նա էլ ինքնաբացարկ էր հայտնել: ԿԸՀ-ի տրամադրած տվյալներով՝ սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 33 քաղաքացիներից 6-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
Մեծ փոփոխություններ չկան նաև ավագանու կազմերում: Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից 13-ն ինքանբացարկ էին հայտնել, որոնցից չորսը՝ կանայք: Հիշեցնենք, որ ընտրություններին գրանցվել էր 15 կին թեկնածու: Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներն են՝ անկուսակցական Նաիրիա Մակարյան (Անտառամուտ), անկուսակցական Գրետա Միրզոյան (Տորֆավան), ԲՀԿ-ական Հասմիկ Խաչատրյանը (Գեղաքար), անկուսակցական Անի Ասատրյանը (Գեղաքար):
Նախնական արդյունքների համաձայն, 11 կանանցից ավագանու անդամ ընտրվել են 8-ը:
Համեմատության համար նշենք, որ Անտառամուտի գործող ավագանին կազմված է հինգ անդամներից, միայն մեկն է կին (Ալվարդ Ավետիքյան): Նա վերընտրվել է:
Տորֆավանի ավագանին ունի հինգ անդամ՝ երկուսն են կանայք: Նոր ավագանու կազմում մեկ կին է լինելու՝ Անյու Գազարյանը:
Գեղաքար համայնքում առաջադրված երեք կանանցից մեկը մասնակցեց քվեարկությանը, մյուսներն ինքնաբացարկ հայտնեցին: Էմմա Պողոսյանը չընտրվեց: Գործող ավագանին կազմված է չորս անդամից, որից միայն մեկն է կին, նոր ավագանիում էլ կանայք չեն լինի:
Դպրեվանքի գործող ավագանու հինգ անդամներից միայն մեկն էր կին՝ Շուշանիկ Թովմասյանը: Նոր ավագանու կազմում կին չի լինի:
Վանևանում գործող ավագանու հինգ անդամներից երկուսն են կանայք՝ Էլմիրա Յագուբյանը և Անուշ Հակոբյանը: Նորընտիր ավագանին ևս երկու կին անդամ կունենա:
Դավթաշենի գործող ավագանու կազմում կանայք չկան: Նորընտիր ավագանու կազմում մեկ կլինի, միակ կին թեկնածուն ընտրվել է:
Տալվորիկ համայնքում գործող ավագանու հինգ անդամներից երեքը կանայք են՝ Ջեմմա Զաքարյան, Խանում Ավդալյան, Վեներա Հարությունյան: Այստեղ կանանց թիվը պահպանվել է:
Քասախում ավագանու յոթ անդամների թվում կանայք չկան: Չնայած յոթ տասնյակի ավելի ձայներին, միակ կին թեկանծուն չի ընտրվել:
ԿԸՀ-ն վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 15-ին: Սակայն այսօր հանձնաժողովից հայտնեցին, որ սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների վերահաշվարկի և արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ չեն ստացել:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին հանրապետության 18 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 12-ը` ժամը 11.00-ը:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 2436