ՏԻՄ ընտրություններն ու կանայք. համայնքապետի պաշտոնը կանանց չի հրապուրում
Սեպտեմբերի 13-ին Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Հայաստանում կին համայնքապետերի թիվը փոփոխության չենթարկվեց. այն պարզ պատճառով, որ որևէ համայնքում կին թեկնածու չէր պայքարում քաղաքապետ կամ գյուղապետ դառնալու համար: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարող 25 թեկնածուների թվում ոչ մի կին չկար:
Հիշեցնենք, որ հանրապետության 49 քաղաքներից ոչ մեկում կանայք քաղաքապետի պաշտոն երբեւիցե չեն զբաղեցրել, իսկ 866 գյուղական համայնքներից այսօր ընդամենը 19-ն են ղեկավարում կանայք:
Անցած կիրակի ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին հանրապետության ընդամենը 22 համայնքներում: Նշված համայնքներից 14-ում ընտրեցին միայն համայնքի ղեկավար, 7 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, մեկ համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամներ:
Ավագանու անդամի 51 թեկնածուների թվում առաջադրված կանանց մեծ մասը հաղթանակ է տոնել: Այսպես.
Գեղարքունիքի Գետիկ գյուղում ավագանու անդամի հինգ թեկնածուներից երկուսը կանայք են: Նրանցից մեկը անկուսակցական, ինքնաառաջադրված Արփինե Գյուլումյանն է, ում օգտին քվեարկել է 20 ընտրող, մյուսը՝ ՀՀԿ-ական, կուսակցության կողմից առաջդրված գյուղի դպրոցի ուսուցչուհիներից Նարինե Ղավալյանը: Նա ստացել է 14 ձայն: Երկու կանայք էլ կընդգրկվեն գյուղի ավագանու կազմում: Նշենք, որ գործող ավագանու հինգ անդամներն էլ տղամարդիկ են:
Լոռիի Չկալով գյուղի ավագանու անդամի 5 թեկնածուներից մեկը կին է: ՀՀԿ առաջադրած թեկնածուն՝ Հասմիկ Քոչինյանը ստացել է 25 ձայն: Նա կդառնա ավագանու անդամ: Այս գյուղում էլ գործող ավագանու բոլոր չորս անֆամնեևը տղամարդիկ են, որից երեքը՝ ՀՀԿ-ական:
Շիրակի մարզում 27 բնակիչ ունեցող Լեռնագյուղի համայնքի թիվ 33/1 ընտրական տեղամասում ավագանու 5 անդամի համար մրցակցություն էր ծավալվել առաջադրված 6 թեկնածուների միջև: Առաջադրված 4 թեկնածուները ՀՀԿ անդամ են, երկուսը՝ անկուսակցական: Վեց թեկնածուներից միայն մեկն էր կին՝ ՀՀԿ կողմից առաջադրված Լուսինե Բարսեղյանը 4 ձայնով կընդգրկվի գյուղի ավագանու կազմում:
Թիվ 33 ընտրատարածքում ընդգրկված Շիրակի մարզի Ողջի համայնքի թիվ 33/1 ընտրական տեղամասում ավագանու 5 անդամի համար մրցակցություն էր ծավալվել առաջադրված 7թեկնածուների միջև: Նրանցից երկուսը կին են՝ ՀՀԿ կողմից առաջադրված Ամալյան Իգիթյանը և անկուսակցական Ռուզաննա Սարգսյանը: ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված նախնական տվյալների համաձայն, երկու կանայք էլ ընտրություններում հաղթել են: Նշենք, որ այս գյուղում գործող ավագանու չորս անդամներից մեկը կին է:
Սյունիքի Արևիս համայնքում ավագանու հինգ անդամի տեղի համար պայքարում էր վեց թեկնածու, որից երեքը կանայք են: Երեք կանայք էլ անկուսակցական են ու ինքնաառաջադրված՝ Հերմինե Առուստամյան, Ցողիկ Նազարյան, Անահիտ Օհանյան: Հերմինե Առուստամյանը ստացել է նվազագույն թվով ձայներ՝ 3 կողմ, և չի ընդգրկվի ավագանու կազմում: Նշենք, որ գյուղի գործող ավագանու հինգ անդամներից մեկն է կին:
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ավագանու յոթ անդամի համար պայքարի էր դուրս եկել 10 թեկնածու: Միակ կին թեկնածուն՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Աննա Վիրաբյանը ստացել է 18 ձայն, այդպիսով զրկվելով ավագանու կազմում ընդգրկվելու հնարավորությունից: Խաշթառակում գործող ավագանու յոթ անդամների թվում կանայք չկան:
Մյուս երկու համայնքում, որտեղ ավագանու անդամի ընտրություններ են անցկացվել, Տավուշի մարզի Սարգյուղ և Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղերում թեկնածուների թվում կանայք չեն եղել:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3637