ՏԻՄ-երի աշխատանքից բավարարված է հայաստանցիների տասից մեկը

 

yntr

Այս մասին են փաստում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը 2016» զեկույցի տվյալները:

 

Հարցման մասնակիցներն ավելի շատ գոհ են եղել ՏԻՄ-երի` համայնքները մաքուր պահելու, ավելի քիչ` շրջակա միջավայրը և բնական ռեսուրսները պահպանելու, առողջապահության չափորոշիչների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և տեղական ճանապարհները և կամուրջները պահպանելու աշխատանքներից:

 

Իրենց համայնքների ղեկավարներին անվերապահորեն վստահել է հարցվածների մեկ երրորդից ավելին` 38,1 տոկոսը, ավագանու անդամներին` մոտ մեկ քառորդը` 24,4 տոկոսը: ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության մակարդակը բարձր է գնահատել հարցվածների միայն 13 տոկոսը: Մասնավորապես, հարցվածները դժգոհ են եղել ՏԻՄ-երի ֆինանսական գործունեության և որոշումների կայացման թափանցիկությունից:

 

Հարցված հայաստանցիների մեծ մասը` 58,6 տոկոսը, համոզված է եղել, որ ՏԻՄ-երում կարելի է որևէ խնդիր լուծել կաշառքի, իսկ 79,6 տոկոսը` կապերի միջոցով: Հարցմանը նախորդող վեց ամիսների ընթացքում հարցված հայաստանցիների միայն 16,5 տոկոսն է դիմել իր ՏԻՄ-երին` որևէ խնդիր լուծելու նպատակով:

 

Համայնքների  բնակիչները, որպես կանոն, չեն մասնակցել ՏԻՄ-երի աշխատանքներին: Հարցմանը նախորդող վեց ամիսների ընթացքում իր համայնքի ավագանու նիստերին մասնակցել է հարցվածների միայն 2,4 տոկոսը, համայնքի բյուջեի վերաբերյալ քննարկումներին` 1,7 տոկոսը:

 

Հարցման մասնակիցիների գերակշիռ մասը անհաղորդ է եղել տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշումներին: Հարցվածների 13,4 տոկոսն է հայտնել, որ ծանոթ է իր ՏԻՄ-երի կողմից ընդունված որոշումներին: Հարցվածների 91 տոկոսը չի իմացել իր համայնքի 2015 թ. բյուջեի չափը:

 

Հարցվածների գերակշիռ մասը տեղյակ չի եղել տեղական ինքնակառավարմանը վերաբերող հայաստանյան օրենսդրությանը: Հարցվածների 90,2 տոկոսը տեղյակ չի եղել Հայաստանում կառավարման ապակենտրոնացման գործընթացին: Հարցվածների մեծ մասը` 58,9 տոկոսը, չի իմացել նաև համայնքների խոշորացման գործընթացի մասին: Այդուհանդերձ, նրանց մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում բավականին բարձր է եղել: Հարցմանը նախորդող վերջին ընտրություններին մասնակցել է  հարցվածների երեք քառորդը:

 

Դիտումների քանակը` 3339

Գլխավոր էջ