Տիգրան Ուրիխանյանի որոշ խորհուրդները շուտով կարգելվեն օրենքով:
Թերեւս Տիգրան Ուրիխանյանի եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ օրերս ծավալված «փոխհրաձգությանը» կարելի էր չանդրադառնալ, եթե վերջինիս հասցեին խորհուրդ չհնչեր «չդրսևորել հայ կնոջն ու պատգամավորին անվայել պահվածք»: Այլ կերպ ասած, Փոստանջյանը կրկնակի «խախտում» կատարեց՝ չտեղավորվելով ոչ միայն ԱԺ կանոնակարգի, այլեւ իր տղամարդ գործընկերոջ պատկերացումներում գոյություն ունեցող հայ կնոջ կերպարի մեջ: Ըստ այդմ, կին պատգամավորը չէր կարող իրեն թույլ տալ «Ուրիխանյանը «թռավ» արտահայտությունը՝ չվտանգելով հայ կնոջ կերպարը:
Նշենք, որ խորհրդարանական բառապաշարը անշուշտ հեռու է կատարյալ լինելուց, եւ կարելի է համաձայնվել այն դիտարկման հետ, որ «թռավ» արտահայտությունը հավասարաչափ անվայել է ցանկացած պատգամավորին, անկախ սեռից: Այդ իսկ պատճառով ուզում ենք խորհուրդ տալ ժողովրդի ընտրյալներին իրենց հրապարակային ելույթներում առաջնորդվել միայն կանոնակարգով, չփորձելով որակել միմյանց վարքագիծը սեռային պատկանելիության տեսանկյունից, առավել եւս վերարտադրելով իրենց պատկերացումները իսկական «կնոջ» կամ «տղամարդու» վերաբերյալ:
Ի դեպ,հարգելի օրենսդիրները պետքէ որ իմանանյին, որ նշված հանգամանքները ամրագրված են ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը սպասող «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագծում.
«Արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` զանգվածային լրատվության միջոցներով»: (Հոդված 6. Գենդերային խտրականության արգելումը):
Հ.Գ. Նշենք, որ հեռակա բանավեճը ծագել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ մոտ մեկ ամիս առաջ օրակարգ մտած «Հարսնաքարի» դեպքի ուսումնասիրման վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի շուրջ:
Օրենքի նախագիծը մերժվեց չորս կողմ և չորս դեմ ձայների հարաբերակցությամբ, ինչն էլ Զարուհի Փոստանջյանի համար առիթ դարձավ Տիգրան Ուրիխանյանի բացակայության մասին բացականչելու, որ հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը «թռավ»:
Տիգրան Ուրիխանյանը պատասխանը չուշացավ հայտարարության տեսքով, որում ինքը բացատրելով հանրությանը իր բացակայությունը ՝ նախորոք պլանանվորված ուղիղ եթերով, խորհուրդ տվեց Փոստանջյանին «չդրսևորել հայ կնոջն ու պատգամավորին անվայել պահվածք և չորակել իմ քայլերը ու նամանավանդ ԲՀԿ-ի գործողությունները սեփական շոուների տեսանկյունից»:
Մեկնաբանելով գործընկերոջ հայտարարությունը Փոստանջյանը ասաց, որ Ուրիխանյանը տեղյակ էր և հասկանում էր, որ ընդունվող որոշումները նաև իր քվեարկությամբ են պայամավորված: «Չգիտեմ ինքն ուր էր գնացել, ինչ էր արել: Հազար ու մի պատճառ կարելի էր այստեղ բերել ՝ այլ գործեր ուներ»,-ասաց «Ժառանգության» պատգամավորն ու հավելեց, որ «ԲՀԿ-ն դասը լավ չէր սովորել և քննությունն էլ լավ չհանձնեց»…
Ուրիխանյանը՝ վերհիշելով մեկ ամիս առաջ Փոստանջյանի բացակայությունը իր իսկ հեղինակած օրինագծի քննարկմանը՝ Ստրասբուրգ մեկնելու պատճառով, որոշեց եւս մեկ անգամ ընգծել գործընկերոջ կին լինելը .
«Փորձեցի հնարավորինս կոռեկտ արձագանքել իրենից ընդդիմություն ձևացնող պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի անպարկեշտ շահարկումներին, բայց արի ու տես, որ կամ չի հասկանում, կամ էլ չի ցանկանում հասկանալ, իսկ որոշ դժկամների սեփական «բարձրախոսները» արդեն դրա հիման վրա սկսել են նույնիսկ սեփական ֆանտազիայի ներքո վերլուծություններ անել… Ավելին ասել չեմ ցանկանում , որովհետև չեմ պատրաստվում կնոջը ավել բան ասել, իսկ նրանց ովքեր փորձում են շարունակել շահարկել այս թեման ու անձնական վիրավորանքներ հայտնել հուշեմ, որ եթե նրանք կանայք չեն, ապա թող առավել զուսպ ու զգույշ լինեն, կարող է իրենց հանդեպ արտահայտումներում այնքան էլ կաշկանդված չլինենք», – գրեց նա Facebook-ի իր էջում:
Մնում է հուսալ, որ բանավեճը, կսահմանափակվի արդեն իսկ հնչած փոխադարձ մեղադրանքներով՝ դրա հետ մեկտեղ զերծ մնալով գենդերային խտրականության դրսեւորումներից:
Թ. Հ.
Դիտումների քանակը` 3698