Տարիքային խտրականությունն աշխատանքի շուկայում կարգելվի օրենքով

Գործատուները այլևս իրավունք չեն ունենա տարիքային սահմանափակում նշել աշխատանքի հայտարարություններում, քանի որ դա արգելվելու է օրենքով: ՀՀ Ազգային ժողովում քննարկվել և առաջին ընթերցմամբ  ընդունվել է  («Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրինագիծը, որով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում՝ ամրագրելով, որ «աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի»:

 

Ուրիխանյանի խոսքով, անդրադառնալ այս խնդրին իրեն ստիպել է հանրային պատվերը՝ տարիներ շարունակ քաղաքացիների հետ հանդիպումներում նա լսել է, որ քաղաքացիները 30, 35 և հատկապես 45 տարեկանից հետո լուրջ խնդիրներ են ունենում աշխատանքի ընդունվելիս. «Մարդիկ բողոքում են, որ թե՛ աշխատանքի ընդունվելիս, թե՛ աշխատանքային գործունեության ընթացքում տարիքը հանդիսացել ու հանդիսանում է խնդիր, և մարդկանց աշխատանքի չեն ընդունում: Քաղաքացիների պահանջը մեկն է՝ տարիքային սահմանափակում ՀՀ աշխատաշուկայում չլինի»,- ասաց նա Ազգային ժողովում իր օրենսրական նախաձեռնությունը ներկայացնելիս:

 

Պատգամավորը նշեց, որ հնչում են մտահոգություններ, որ եթե իր առաջարկած դրույթն ընդունվի, ապա վերահսկողական մեխանիզմներ բավարար չեն, բայց ինքն ունի պատասխան: Այն է՝ նախկինում աշխատանքային տեսչության գործառույթներն իրականացնող համապատասխան մարմինը կամ նախարարությունները հետևողական լինեն, կամ գուցե ձևավորվի նոր կառույց, որին վերահսկող լիազորություններ  վերապահվեն: 

 

«Պահանջվում է մինչև 20-25 տարեկան բարետես արտաքինով աղջիկ» տիպի հայտարարությունները նյարդայնացնող են մեր հասարակության համար և խտրականություն են պարունակում»,- շեշտեց նա, նկատելով, որ  պետությունը և ՀՀ օրենսդրությունը պետք է հավասար, արդարացի  պայմաններ ապահովեն յուրաքանչյուր աշխատելու ցանկություն ունեցող, աշխատունակ, համապատասխան որակավորում ունեցող անձանց համար՝ անկախ նրանց տարիքից:

 

Թեպետ գործող Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը անկախ նրանց տարիքից, սեռից, ռասայից եւ այլն, ինչպես նաեւ 114-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագրված է, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել աշխատողի տարիքը, սակայն օրենսգրքում  չկա ոչ մի հոդված կամ կետ, որը  իմպերատիվ արգելք պարունակի և  կբացառի գործատուի կողմից աշխատանքի ընդունման ժամանակ անձանց տարիքային խտրականությունը:

 

 

Ի՞նչն է մտահոգում օրենսդիրներին 

 

ՀՀ Ազգային ժողովում քննարկման ժամանակ պատգամամվորները հնչեցրեցին  իրենց մտահոգություններւ օրենքի կիրարկման հետ կապված: Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է տարիքային խտրականության մասին դրույթը ներկայացվում  առանձին օրինագծով և ուղղակի չի ներառվում խտրականության բացառմանն օրենքի այն նախագծում, որ ներկայումս մշակվում է    կառավարությունում: Տիգրան Ուրիխանյանը պարզաբանեց. «Սա կոնկրետ Աշխատանքային օրենսգրքի կարգավորման խնդիր է և ես ուզում եմ, որպեսզի գործատուների ուղեղներում ամրագրվի, որ աշխատանքի ընդունելիս տարիքը այլևս երբեք չդառնա խնդիր աշխատելու ունակ և ցանկություն ունեցող մարդկանց համար»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ  խտրականության բացառման օրենքը  դեռ քննարկման փուլ չի մտել և Ազգային ժողով չի ներկայացվել:

 

 Նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ կասկածի տակ առավ օրենքի կիրարկման հնարավորությունը՝ նշելով, որ որքան էլ այն ողջունելի է, բայց գործատուն ինքը իր համար ունի ամրագրված չափորոշիչներ և դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս  է նա հետևելու այդ օրենքին: Տիգրան Ուրիխանյանը որոշակիորեն համաձայն է այդ մտահոգության հետ, սակայն տարիքային սահմանափակումը բացառող օրենքը պետք է  ընդունվի, որպեսզի որւէ մեկն իրավունք չի ունենա ասելու, որ իրեն անհրաժեշտ է 20, 25 կամ կոնկրետ այլ տարիքի աշխատակից. «Կրկնում եմ՝ անհրաժեշտ է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ և հսկողական մեխանիզմներ գործարկել»,- ասաց նա:

 

Սակայն կա մեկ կարևոր հանգամանք ևս, որի վրա նախագծի հեղինակը հրավիրեց գործընկերների ուշադրությունը՝ այս սահմանափակման վերացումը հնարավորություն կտա բոլոր նմանատիպ դեպքերում վիճարկել գործատուների որոշումները դատական կարգով, մինչդեռ մինչ օրս այդ հնարավորությունը չկար, քանի որ նման պահանջը իմպերատիվ կերպով  ձևակերպված չի եղել:

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը շարունակեց գործընկերոջ միտքը. եթե մասնավոր ոլորտում գործատուն ունի իր համար ամրագրված չափորոշիչներ, նաև՝ նախասիրություններ ու ցանկություններ, և ահա հայտնվում է մի գերատեսչություն, որը փորձում է սահմանափակել այդ ամենը, արդյոք դա այդ անձանց (գործատուի –խմբ.) իրավունքների ոտնահարում չէ:  «Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ «մինչև 25 տարեկան …» հայտարարությունները նյարդայնացնող են, բայց այս նախագծով միայն այդ հատվածն է դուրս գալիս, մինչև «բարետես արտաքինով» և այլն ձևակերպումները շարունակում են մնալ»,- հավելեց իր հարցը Վաղարշակ Հակոբյանը:

 

Ուրիխանյանն հարցին հարցով արձագանքեց. Ինչպե՞ս կարելի է հանրային պահանջով ձևավորված մարդկանց շահը համադրել այն գործատուների շահերի հետ, որոնք միշտ չէ, որ ազնիվ են: Պատգամավորը նշեց՝ եթե գործատուին անհրաժեշտ է որակյալ մասնագետ այս կամ այն ոլորտում, ապա նա պետք է ուշադրություն դարձնի փորձի, հմտությունների, կարողությունների, ՕԳԳ-ի վրա, իսկ եթե առաջնային է տարիքը, ապա նման գործատուն պարզապես ազնիվ չէ. «Ի վերջո, եթե պետությունը կարողանում է գործատուներին պարտադրել, որ աշխատողներին գրանցի, հարկեր վճարի, ապա սա էլ նման մի հարց է, որում գերակա պետք է լինի հասարակության շահը»,- շեշտեց նա:

 

Քաղաքական մեծամասնությունը ներկայացնող խմբակցության անդամ Լուսինե Բադալյանն էլ հետաքրքրվեց՝ ի՞նչ է լինելու այն ոլորտների հետ, որտեղ կարևոր է աշխատակիցների և՛ տարիքը, և՛ արտաքին տեսքը, և՛ հասակը՝ «դիցուկ մոդելային կազմակերպությունները, եթերային աշխատանքը»: «Օրինագիծն անդրադառնում է յուրահատկություն ունեցող որոշ ոլորտներին, որտեղ կան հստակ բնական սահմանափակումներ, թեպետ և մոդելային ոլորտը, իմ անձնական դիտարկմամբ, չի ներառում միայն ինչ-որ կոնկրետ չափանիշներ ունեցող մարդկանց: Որովհետև, օրինակ, գովազդներում կարելի է տեսնել ոչ մոդելային կազմվածքով ու հասակով մարդկանց»,- արձագանքեց Ուրիխանյանը:

 

Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ պատասխանատվության են ենթարկվելու նրանք, ովքեր այս խտրական մոտեցումը, այդուհանդերձ, կպահպանեն և արդյոք Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ նախատեսվել են: Տիգրան Ուրիխանյանը դրական պատասխան տվեց՝ հիշյալ օրենսգիրքը դա կարգավորում է, իսկ բացի այդ, կան կարգավորումներ նաև այլ օրենքներով, օրինակ՝ «Հանրային ծառայության մասին» և այլն:

 

 

Կառավարության դիրքորոշումը

 

Գործադիրն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները:

  1. Նախագծով առաջարկվող կարգավորումը իր բովանդակությամբ չի համապատասխանում Օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և այդ հոդվածով ամրագրվող կարգավորումներին, որը վերաբերում է աշխատանքային պայմանագրի տեսակներին և ըստ էության սահմանում, որ աշխատանքային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակի՝ անորոշ ժամկետով և որոշակի ժամկետով:
  2. Միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի Օրենսգրքում նման արգելք սահմանել նաև սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի և այլ հանգամանքներով պայմանավորված ևս:
  3. Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

 

Այնուամենայնիվ, քննարկման արդյունքում ՀՀ  Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն ասաց, որ գլխադասային հանձնաժողովում եկել են համաձայնության և գնալու են փոխզիջման:

 

 

Գործադիրը գնաց կոմպրոմիսի

 

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում  հիշեցրեց, որ նախագծին կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն, բայց գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ Տիգրան Ուրիխանյանին առաջարկվել է լրացնել բերված նախագիծը և Սահմանադրությամբ ամրագրված խտրականության սահմանման հիմքերը ամրագրել հոդվածի մեջ. «Հետևաբար միայն տարիքի հիմքով խտրականության արգելումը մեր օրենսդրության մեջ ամրագրելը բավարար չէր, պետք էր ավելի համապարփակ ձևակերպում, այդ պատճառով ավելացրել ենք նաև մյուս հատկանիշները», – հայտարարեց նա:

 

Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ առաջարկվելու է նախագծի հեղինակին փաստաթղթի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամկետում ենթարկել այն  խմբագրական փոփոխությունների, որոնք կամրագրեն, որ աշխատանքային հայտարարություններում գործատուին կարգելվի այնպիսի հատկանիշների ամրագրումը, որոնք պայմանավորված չեն աշխատողի մասնագիտական որակներով կամ նրա պատրաստվածության հետ որևէ կապ չունեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ սահմանափակումները բխում են աշխատանքի առանձնահատուկ բնույթից:

 

Տիգրանյանը նաև մատնանշեց, որ 2005 թվականից հետո Աշխատանքային օրենսդրությունում խտրականությունն ուղղակի  արգելող որևէ դրույթ ամրագրված չի  եղել, ինչը գործատուներին հնարավորություն է տվել ոչ միայն աշխատանքի ընդունելիս, այլ նաև աշխատանքային հարաբերությունները իրականացնելու ընթացքում կիրառել խտրական կարգավորումներ:

 

Վերջում նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն և կոչ արեց կողմ քվեարկել դրան:  Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ  ձայների հետևյալ հարաբերակցությամբ. կողմ` 93, դեմ` 6, ձեռնպահ` 9:

 

Այս պահին Ազգային ժողովի կայքում երկրորդ ընթերցման ռեժիմով    տեղադրված է օրինագծի լրամշակված տարբերակը, որով առաջարկվում է  լրացնել  ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը հետևյալ  հոդվածով.

 

«3.1. Խտրականության արգելումը

  1. Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության,տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքայինհարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակում օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ:

2.Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է:»:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 2009

Գլխավոր էջ