Տարեցների խնամքի խնդիրներ. նախարարությունը մի քանի մոդել է քննարկում
Հայաստանը համարվում է ծերացող երկիր, մեզանում 63+ բնակչության թիվը կազմում է ընդհանուր բնակչության թվի 13,7 տոկոսը: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումներով՝ մինչև 2050 թվականը ՀՀ-ում 63 տարեկանից բարձր անձանց քանակը կկազմի մոտ 25 տոկոս: Դա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունն օր առաջ պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանանք պատրաստ լինել եւ դիմակայել այդ լուրջ սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական մարտահրավերին ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է և շահագրգիռ կազմակերպությունների քննարկմանն է ներկայացրել «Տարեցների խնամքի ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների զարգացման հայեցակարգային ուղղությունները»: Օրերս փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը՝ ներկայացնելով մի շարք ՀԿ ներկայացուցիչներին այդ նախագծի մանրամասները, հրավիրեց վերջիններիս քննարկման փուլում հանդես գալ առաջարկներով ու դիտարկումներով: Այլ կերպ ասած՝ նախագիծը վերջնական չէ և կամբողջանա շահագրգիռ կողմերի կարծիքը հաշվի առնելուց հետո միայն:
Նախագիծը բխում է կառավարության գործունեության ծրագրի հիմնական նախապատվություններից՝ աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն: Իսկ այն, որ ոլորտը բարեփոխման անհրաժեշտություն ունի նաև տարեցների խնդիրների լուծման ուղղությամբ, վկայում է վիճակագրությունը:
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, ՀՀ մշտական բնակչությունը 2019 թվականի աապրիլի 1-ի դրությամբ կազմում է 2 մլն 962,1 հազար մարդ, 63+ տարիքային խմբի մարդկանց թիվը ՝ 405 109 մարդ, այդ թվում ՝ կանայք 243 071, տղամարդիկ՝ 162 119: Կյանքի միջին տևողությունը ՀՀ-ում 75,4 տարի է (կանանց համար՝ 78,7, տղամարդկանց համար՝ 71,9: Այսօրվա դրությամբ ՀՀ-ում գործում է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն, այդ թվում 7-ը ոչ պետական: Բոլոր հաստատություններում միասին բնակվում է շուրջ 1390 մարդ, տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 3800 մարդ, իսկ ցերեկային կենտրոններ է հաճախում շուրջ 2000-ը: Պետական ենթակայության տուն-ինտերնատներում մեկ շահառուի խնամքի մեկ օրվա ծախսը կազմում է 3700 դրամ:
Հայեցակարգով առաջարկվող մոդելները
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի խոսքով՝ վերջնանպատակն է ստեղծել հասարակություն բոլոր տարիքի անձանց համար, հատկապես` տարեց մարդկանց արժանապատիվ ծերացման գործընթացին զուգընթաց իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար և անցնցում անցումը համայնքային ծառայություններին` շեշտադրելով ընտանիքի և համայնքի դերը տարեց մարդու կյանքում, ինչպես նաև տարեցների ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին և որոշումների կայացմանը:
Նրա խոսքով, նախարարությունը կանգ է առել այլընտրանքային ծառայությունների հետևյալ մոդելների վրա, որոնք հնարավոր է հանդես գան որպես այլընտրանք շուրջօրյա խնամքի մեծ հաստատությունների.
1) Տարեցների խնամքի համայնքային փոքր տներ.
2) Խնամող դայակի ծառայություն տնային պայմաններում.
3) Տարեցների ակտիվ ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպման ակումբ-ցերեկային կենտրոն.
4) Ակտիվ երկարակեցության և առողջ ապրելակերպի դպրոց-ակումբ.
5) Աջակցություն տարեց անդամ խնամող ընտանիքին.
6) Սոցիալական օգնականի ծառայություն.
7) Տարեցների խնամքը` խնամատար ընտանիքում.
8) Սոցիալական բնակարաններ` տարբեր ուղղվածության.
9) Տարբեր սերունդների փոխօգնության և զբաղվածության կենտրոններ (տարեցները` երեխաներին).
10) Տարեցը` տարեցին (կամավորական փոխօգնության խմբեր).
11) Հատուկ հոսպիսային ծառայություն` տարեցների համար:
Գեմաֆին Գասպարյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում նախարարությունում տեղի կունենա կառուցվածքային փոփոխություն, որը կնպաստի նաև այս մոդելների կյանքի կոչման գործընթացի հեշտացմանը. «Առաջիկայում նախարարությունում կունենանք ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակ, որն ամբողջությամբ ինետրգված սոցիալական ծառայություններ է մատուցելու մեկ պատուհանի սկզբունքով»,- տեղեկացրեց նա:
Ապա նշեց, որ երբ ասում էր, որ օրական մեկ տարեցի խնամքի վրա պետությունը ծախսում է 3700 դրամ, դրա մեջ ներառված չեն առողջապահական ծառայությունների վճարները, քանի որ դրանք ամբողջությամբ անվճար են պոլիկլինիկաներում:
WomenNet.am-ի հարցին, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը, փոխնախարար Գասպարյանը պատասխանեց, որ այս փուլում խոսքը քննարկումների մասին է, և գործընթացի ֆինանսական կողմը դեռ պատրաստ չեն հրապարակելու: Թեև գերատեսչությունն ունի հաշվարկներ և՛ փոքր տների մոդելների, և՛ տարբեր ծառայհությունների համար բնախատեսված հաշվարկներ, բայց ընդհանուր հաշվարկի մասով դժվար է ասել, քանի դեռ վերջնական բազան ուրվագծված չէ.«Ծրագրեր կան, որոնց սկիզբը նախատեսում ենք արդեն 2020 թվականից, որոշ ծրագրեր ավելի ուշ մեկնարկ կունենան: Դեռ մշակման փուլում ենք»,- կրկնեց նա:
Վերադառնալով ծրագրերին ասենք, որ առանձին հետաքրքրություն է առաջացնում, օրինակ, այն մոդելը, երբ խնամքի հաստատությունից տարեց անձը, ով ցանկանում է աշխատել, տեղափոխվի վարձակալվող բնակարան (սոցիալական բնակարան), որի վարձավճարի մի մասը կտրամադրի պետությունը: «Տուն-ինտերնատներում կան տարեցներ, որոնք նեղսրտում են, թե ինչու պետությունը իրենց թույլ չի տալիս աշխատել: Խնամքի հաստատության ընդունման չափանիշները դա բացառում են, քանի որ, ըստ տրամաբանությամբ, այդտեղ ընդունվում են միայնակ տարեցներ, որոնք աշխատել չեն կարող և այլն: Մենք մշակման փուլում ունենք այժմ մի ծրագիր, որով կարող ենք նման տարեցների համար վարձակալել բնակարան, 50%-ը վճարել, որպես սոցիալական աջակցության վճար: Բացի այս, այս անձանց հնարավոր է տրամադրվեն նաև այլ ծառայություններ, օրինակ՝ սոցօգնականի և այլն: Եվ հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարբերակը ավելի ֆինանսական ծախս չի նախատեսում, քան պետությունը հատկացնում է ինտերնատում բնակվող տարեցին»,- ներկայացրեց փոխնախարարը:
Հասարակական սեկտորի դիրքորոշումը
Քննարկմանը ներկա ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից ոմանք իրենց բողոքը հայտնեցին առ այն, թե ինչու է նախարարությունը քննարկում անում իրենց հետ հիմա, երբ նախագիծը արդեն կա, այլ ոչ թե մշակման փուլում, երբ, նրանց իսկ դիտարկմամբ, այդ աշխատանքը ավելի արդյունավեր կարող էր լինել: Այս տեսակետը հնչեցրեցին հատկապես «Տարեցների պաշտպանության ցանցի» ներկայացուցիչները: Բացի այս, քննարկման ընթացքում կարծիք հնչեց, որ իրականում պետությունը չի գնում ապաինստիտուցիոնալացման, քանի որ շարունակում է մշակել մոդելներ, որտեղ տարեցները կմնան թեկուզ և ավելի փոքր, սակայն ինստիտուտների խնամքի ներքո: Բաց են նաև ֆինանսավորման հարցերը: Տարեցների խնամքի անբաժանելի մաս են կազմում նաև առողջապահական ծառայությունները , մասնավորապես, հոսպիսային ծառայությունների կայացումը ինտեգրված մոտեցում է պահանջում Առողջապահության նախարարության հետ միասին և այդ ինտեգրումն ի սկզբանե պետք է արտացոլված լինի հայեցակարգում: Որոշում կայացվեց, որ այն բոլոր առարկությունները, ինչպես նաև առաջարկները ներկայացնել առաջիկա ամսվա ընթացքում նախարարությանը, հերթական հանրային քննարկումը կազմակերպել և շարունակել աշխատանքն արդեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ համատեղ:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 1576