Տարբեր լրագրողը. Թեհմինե Ենոքյան /վիդեո
Նա պարզապես մի լրագրող է, ով անտարբեր չեղավ ու դրանով իսկ տարբեր եղավ:
Թեհմինե Ենոքյանը քաղաքացիական ակտիվիստ, բնապահպան-լրագրող է: Նա հեղինակել է «բնության հաշվեհարդար» ֆիլմը: «Էսպաս» կենտրոնի կինոակումբում վերջերս կայացավ ֆիլմի ցուցադրությունը:Այն առաջին անգամ ցուցադրվել էր Մաշտոցի այգում: Սա մի վավերագրություն է, որ պատմում է հանքավայրերին մոտ բնակավայրերում անոմալ ծնունդների ու հիվանդությունների դեպքերի մասին, պատմում է, թե ինչպես է բնությունը վրեժ լուծում իրեն հասցված վնասի համար:
Ինչպե՞ս առաջացավ այսպիսի ֆիլմ նկարելու գաղափարը:
– Անցած տարի ամռանը Էկոլուր ՀԿ-ի հետ միասին մենք գնացել էինք Լեռնաձոր գյուղ: Այստեղ հանդիպեցինք մի քանի ընտանիքների, ովքեր պատմում էին, որ հետազոտողները իրենց երեխաների մազերում սնդիկ են հայտնաբերել, կտրել են մազերը, տարել հետազոտության ու այլևս ոչ մի արձագանք:
Անցավ ինչ-որ շրջան, բայց այդ պատմությունն ինձ անհանգստացնում էր: Սկսեցի հետաքրքրվել, թե հանքարդյունաբերությունից առհասարակ ինչ հիվանդություններ կարող են առաջանալ: Շատ էի լսել, որ անոմալ ծնունդներ են լինում, հաճախ նաև չբերություն, բայց ավելի կոնկրետ և գիտականորեն ով կխոսի այդ մասին` չգիտեի: Մի երկար շրջան փորձեցի գտնել փորձագետների: Արդյունքում հայտնաբերեցի մի գիրք, որ կոչվում էր «Քաջարան քաղաքի շրջական միջավայրի էկոլոգիաերկրաքիմիական հողերի գնահատումը»:Այստեղ երեխաների հետ կապված հենց այդ հետազոտության մասին էր խոսվում, որոշեցի գտնել նախ այդ հետազոտողին, ով արել էր ուսումնասիրությունը:
Արմեն Սաղաթելյանը`այդ գրքի հեղինակը ինձ պատմեց ամբողջ իրողությունը` ինչ վիճակ է տիրում Քաջարանում և Լեռնաձորում: Հետո գտա մի տատիկի, ով երկար տարիներ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում է աշխատել: Նա համաձայնեց կիսել մեզ հետ իր աչքի տեսածը, լսածը և այն, ինչի միջով ինքն անցել էր: Ամենամեծ ինֆորմացիան ինքը տվեց ֆիլմի համար: Իր հետ խոսելիս հասկացա, որ իրականությունը նույնն է մնում` միշտ մի պատ այն կողմ:
Ի՞նչն օգնեց ճիշտ կողմնորոշվել այդ բոլորովին նոր ոլորտում:
– Մի քանի օր այդ գյուղերում նկարահանումներ անելիս շատ հետաքրքիր զգացողություն ունեցա: Նկարելով անոմալ ծնունդներով մայրերի, իմ մեջ մի ջերմ մայրական բնազդ ստիպում էր ճիշտ ճանապարհը գտնել նրանց հետ հարաբերվելու: Ես կարողանում էի նրանց տրամադրել անկեղծանալ տեսախցիկի առաջ` նույնքան հուզվելով, որքան իրենք:
Ովքե՞ր եղան քո կողքին այս համարձակ նախաձեռնության ժամանակ
– Ինձ շատ օգնում էին «Թեղուտ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները, նրանք նույնպես ունեն խնդիր. արթնացնել թեղուտցուն, ցույց տալ, որ հանքը միայն բացասաբար է անդրադառնալու իր կյանքի վրա:
Մեր իմացած ամբողջ փաստերը հավաքելու և ավելի ազդեցիկ դարձնելու լավագույն տարբերակը ֆիլմն էր:Այս համատեղ աշխատանքը հիմքում ունեցավ իրավաբաններ, տնտեսագետներ, բժիշկներ, ովքեր բոլորը նախաձեռնության ակտիվիստներից էին:Նրանք ինձ շատ օգնեցին, որպեսզի ճիշտ ու խորությամբ հասկանամ խնդիրը:
Իսկ որո՞նք էին ամենալուրջ խոչընդոտները, որին հանդիպեցիք
– Շատ փորձագետներ հրաժարվում էին հարցազրույց տալ: Սրա արդյունքը եղավ այն, որ ֆիլմում բոլոր մասնգետների շարքում պակասում է բժիշկը: Մոտ հինգ բժշկի դիմեցի, բոլորն էլ հրաժարվեցին որևէ մեկնաբանություն անելուց: Ոչ ոք չգիտեր իմ նախաձեռնության մասին ես մոտ երեք ամիս գաղտնի հետաքննություն եմ արել: Այդ պատճառով էլ որևէ մեկը չհասցրեց խոչընդոտել:
Ի՞նչ միջոցներով նկարահանվեց ֆիլմը
– Ես որոշեցի, որ չպետք է դիմեմ որևէ լրատվամիջոցի, կամ հիմնադրամի ֆինանսավորում ստանալու համար: Դա խոցելի կդարձներ ֆիլմը: Ամեն ինչ արվել է իմ և ընկերներիս միջոցներով:
Կայի՞ն մարդիկ, ովքեր դեմ էին ֆիլմի գոյությանը
– Այո, իհարկե: «Թեղուտի հանքի պաշտպաններ» ՀԿ-ն դեմ արտահայտվեց ֆիլմին` ասելով, որ այստեղ տեղ գտածն ամբողջությամբ հերյուրանք է:Բայց ինքս վստահ էի, որ ֆիլմը շատ լուրջ աշխատանքի արդյունք է` հիմնված լուրջ փորձագետների ուսումնասիրության և տարբեր մասնագետների կարծիքների վրա և բացի այդ նույն օրը բոլոր բնապահպան ակտիվիստները կանգնեցին իմ կողքին:
Բացի Մաշտոցի այգուց, որտե՞ղ եղան ցուցադրությունները
– Մաշտոցի այգու պրեմիերայից և ֆիլմի վիրտուալ շնորհանդեսից մի քանի օր անց այն ցուցադրեցին Հրազդան և Գալա հեռուստաընկերությունները: Այժմ առաջարկ ունեմ այն ցուցադրել Ջերմուկի առողջարաններում, քանի որ այժմ Ջերմուկի հանք դառնալն էլ է քննարկման փուլում: Առհասարակ ֆիլմի դիտումը բաց է նաև Յութուբում: Ես կոմերցիայով չեմ զբաղվում, ինձ համար կարևոր է այս խնդրի վերհանումը:
Ի՞նչ պլաններ ունես այժմ
– Այժմ նկարահանում եմ «Թեղուտը իրավական հարթության մեջ» թեմայով մի աշխատանք: Առհասարակ Թեղուտի պաշտպանության մասին շատերն են խոսում հիմա, բայց ոչ ոք մի համապարփակ տեսանյութ չունի, որով կներկայացներ խնդիրը իրավական հարթության մեջ: Ես որոշեցի զբաղվել հենց դրանով: Հնարավոր է նաև, որ այս ֆիլմը ունենա իր շարունակությունը` երկրորդ մասի տեսքով, բայց դրա մասին դեռ վաղ է խոսել:
Նարե Սահակյան
Դիտումների քանակը` 8664