Տավուշ. Կանայք խոշորացված համայնքների ավագանիներում/ տեսանյութ

ajrumՍեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով   Տավուշի մարզում ինչպես եւ նախկինում համայնքի կին ղեկավար չի լինելու: Այդ պաշտոնում  առաջադրված 2 կանանցից և ոչ մեկը չկարողացավ ընտրվել:

 

– Ես կարող եմ հիշել, որ Տավուշում մի ժամանակ ամենաշատն էին համայնքի ղեկավար կանայք: Չգիտեմ ինչու  փոխվեց  իրավիճակը,  չեմ ուզում դա որպես  քաղաքականություն դիտարկել, բայց կանայք սկսեցին իրենց տեղը զիճել  որպես համայնքի ղեկավարի: Որպես ավագանի ես միշտ առավելություն եմ տվել կանանց , և շարունակում եմ ասել , որ կանայք որպես ավագանու անդամներ  ավելի լուրջ են մոտենում հարցերին քան տղամարդիք, – ասում է  Կիրանց համայնքի բնակիչ Համայակ Նազարյանը :

 

 

Նշենք, որ ավագանիների  կազմում  կանանց ներկայացվածության առումով մարզում մի փոքր առաջընթաց է արձանագրվել: Ընտրությունների արդյունքում   մարզի ավագանիներում կանայք 12 % են  կազմելու, մինչ այդ  մարզի   ավագանիների կազմում  նրանք   8% էին:  Այս առաջընթացը սակայն չի վերաբերվում 3  խոշորացված համայնքներում՝ Նոյեմբերյանըում  Այրումում  եւ Կողբում  կայացած  ընտրություններին: Մինչ խոշորացումը  Նոյեմբերյանի,  Այրումի  եւ Կողբի կազմում ընդգրկված  համայնքների  ավագանիների կազմում կանայք  7 %  էին  կազմում, խոշորացումից հետո   2.7%, այսինքն այժմ  նրանց տոկոսային  ներկայացվածությունը  մոտ երեք անգամ պակասել է:

 

Ինչպես փաստում են ընտրությունների արդյունքները,  Այրումի եւ Կողբի ավագանիները  կազմված են լինելու բացառապես տղամարդկանցից: Ու եթե  խոշորացված Կողբի ավագանիների կազմում   մինչ այդ  էլ    կին չի եղել, ապա Այրումում խոշորացումից հետո   կանայք դուրս են մնացել ընտրապայքարի արդյունքում:

 

Այրում խոշորացվել է իր մեջ ընդգրկելով 9 համայնքներ: Մինչ խոշորացումը նրանց  կազմում  ավագանու 54 անդամներից 3-ն էին կանայք (5%) , 2-ը՝ Բագրատաշենում, 1-ը՝ Պտղավանում: Այժմ Այրումը կունենա  ավագանու 11 անդամ եւ նրանցից ոչ մեկը կին չէ:  Այստեղ առաջադրված   36 թեկնածուներից   7-ն էին կանայք, նրանցից որևէ մեկը ավագանու անդամ ընտրվելու համար բավարար ձայներ չստացավ: Բագրատաշեն համայնքի դպրոցի տնօրեն    Լիանա Ալավերդյանը մեկն է այդ կանանցից, նրան ընդամենը 4 ձայն չհերիքեց ավագանու անդամ ընտրվելու համար:

 

-Ես հերթական անգամ համոզվեցի , որ ընտրությունները անցնում են ոչ թե թեկնածուների  որակական չափանիշների ներքո այլ խնամի ծանոթ բարեկամ սկզբունքնո,  ու դա շատ ցավալի է: Ես գտնում եմ, որ  պետք է լինեն որոշակի չափորոշիչներ որոշակի պահանջներ, ի վերջո ավագանի լինել կամ գյուղապետ լինել դա եդքան էլ հեշտ  գործ չի, մատերի արանքով չի կարելի նայել:  Առնվազն մարդը պետք է ունենա բարձրագույն կրթություն: Եթե ավագանին բյուջե է քննարկելու կամ հավանություն է տալու գյուղապետի կազմած նախահաշվին,  նա պետք է գաղափար ունենա գոնե այդ նախահաշվից, –  կարծում է   Լիանա Ալավերդյանը:

 

Կանանց թիվը խոշորացված Նոյեմբերյանի  ավագանու կազմում նույնպես ավելի քիչ է քան մինչև խոշորացումը: Նոյեմբերյանը խոշորացվել է՝ իր մեջ ընդգրկելով եւս  7 համայնքներ:   Այն   կունենա ավագանու 15 անդամ, որոնցից մեկն է կին (7%), թեպետ  մին չ այդ   համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 44 անդամ, որոնցից  5-ը կանայք  էին (11,4%):  Այստեղ առաջադրված  5 կանանցից  միայն   «Մասիս Տոբակո» ընկերության գործակալ Էմմա Հակոբյանը անհրաժեշտ թվով ձայներ հավաքեց եւ ավագանու անդամ դարձավ:

 

-Ուզում եմ որ օգտակար լինել  ոչ միայն իմ համայնքի բնակիչներին  , այլ նաև բոլոր 9 համայնքների ազգաբնակչությանը, – ասում է Էմմա Հակոբյանը, ով  երկար տարիներ անեւ  Տավուշի մարզի  Ոսկեվան  համայնքի ղեկավար  է եղել:

 

Կոթի համայնքը խոշորացող համայնքներից մեկն է, որ միավորվել է Նոյեմբերյան համայնքին: Կոթիի նախկին ավագանիներից  11-ից 2-ը կանայք են եղել՝ ուսուցչուհիններ Անահիտ Բեջանյանը և Անահիտ Խաչատրյանը, ովքեր բավականին ակտիվ աշխատել են ի օգուտ իրենց համայնքին  Այս անգամ  սակայն  նրանց  ավագանու ընտրություններին չմասնակցելը կապված էր համայնքի խոշորացման հետ:

 

– Տեղական կառավարման համակարգում կնոջ դերը մեծ է: Բայց հիմա մենք այլեւս չենք կարող մեր թեկնածությունը առաջադրել , որովհետև ես իվիճակի չեմ տանը թոռնիկներին թողելու և կրակի բերանով հասնել Նոյեմբերյան: Միաժամանակ նաև մանկավարժ լինելով  չենք կարեղ մեր աշխատանքը լքել , պետք է  բազմաթիվ անգամ պետք է դասերից բացակայեմ , որ մեկնեմ Նոյեմբերյան մասնակցելու բոլոր ժողովներին,  իսկ դա անհնարին է: Մեր համայնքում ավագանի լինելով  մենք կարողանում էինք ինչ, որ պահի ներկա լինել, դասերից հետո և ընթացքում երբ, որ ազատ ժամանակ էինք ունենում : Ցավոք սրտի , չեմ առաջադրվել այս տարի,  որովհետև անհնարին է նման պայմաններում այստեղից մինչև Նոյեմբերյան մեկնել և այնտեղից փորձել  գյուղի բոլոր հարցերին դրական պատասխան տալ:  Դե եթե խոշոացումը չլիներ ես կարող էի դնել իմ թեկնածություն, որովհետև տեղում էի լինելու, անկախ նրանից  թե ինչ դժվարություններ կային  , գյուղում լինելով կարողանում եինք տեղում մեր հարցերը լուծել, – ասում է Անահիտ Խաչատրյանը, ով Կոթի համայնքի միջնակարգ դպրոցի դասվար է աշխատում:

 

 

Կոթի  համայնքի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Բեջանյանն, ով 2012-ից ավագանու անդամ էր,  այս տարի  չի էլ փորձել առաջադրվել:

 

-Ընտրվելով 2012-ի համայնքի կողմից ավագանու անդամ , ես մոտիկից ծանոթացա գյուղի հիմնական խնդիրներին , եւ սոցիալական, եւ տնտեսական ,ու  այստեղ կարողանում էինք լուծել գյուղի հարցերը, բայց հիմա երբ  են համայնքների մեծացման հարց բարձրացավ , առանց գյուղի նախնական կարծիքը հարցնելու  ես  բնականաբար չեի կարող իմ թեկնածությունը տալ ավագանու համար: Բացի այդ գյուղից մոտ 30 կիլոմետր Նոյեմբերյան համայնքը հեռու է, դա գյուղի համար մեծ սոցիալական խնդիր է, որովհետև ոչ մեկը ձրի տրանսպորտով չի գնալու Նոյեմբերյան ,  – ասում է  Անահիտ Բեջանյանը:

 

Կանանց  ներկայացվածությունը պակասել է  նաեւ փետրվարի 14-ին խոշորացած  Դիլիջանում անցկացված  ընտրություններից հետո:  Մինչ խոշորացումը Դիլիջանում ու  նրա շուրջ 6 միավորված համայնքներում ավագանու անդամների ընդհանուր թիվը եղել է 51, որոնցից  4-ը կին, ինչը  8% էր կազմում:  Ընտրություններից հետո Դիլիջանի ավագանու անդամների թիվը 15 է,  եւ ոչ մի կին:

 

Հովք համայնքն այն վեց  համայնքներից է, որոնք  փետրվարի 14-ին կայացած ընտրությունների  արդյունքում միավորվել են   Դիլիջանին:  Հովքում արդեն երեք տարի է, ինչ  հաջողությամբ  գործում է   Օքսֆամի աջակցությամբ հիմնադրված կանանց գյուղատնտեսական կոոպերատիվը: Այստեղ   շատ ակտիվ կանայք կան , ովքեր պատրաստ են նաեւ մասնակցել իրենց համայնքի ղեկավարմանը: Սակայն նրանք չեն էլ առաջադրվել խոշորացված ընտրություններում: Նրանցից մեկը  Հովք համայնքի ջերմոցային տնտեսության նախագահ Ալվարդ Չատյանն է, ով համարում է, որ ավագանու կազմում պետք է պարտադիր կանայք լինեն: Այնումենայնիվ, այս տարի չի առաջադրել իր թեկնածությունը , թեպետ մինչ խոշորացումը պատրաստվում էր դա անել:

 

-Որովհետև արդեն ուշ էր, թեկնածուներ կային Դիլիջանից, մենք նույնիսկ չգիտեինք  ովքեր էին , հետո իմացանք, որ արդեն լրացած են տեղերը«- ասում է նա:

 

Խոշորացումից հետո խնդիրներով հարուստ այս համայնքում մինչև այս պահը ոչինչ չի փոխվել եւ կանայք համարում են, որ իրենց ձայնը խոշորացված Դիլիջանում լսելի չէ:

 

-Գյուղում շատ խնդիրներ ունենք շատ, մեր ճանապարհների հարցը մեր տրանսպորտի հարցը, մեր երեխեքի հարցը, մանկապարտեզ մի հատ չունենք, բուժկետ չունենք , մեծ գյուղ է, շատ ընտանիքներ  կան, մի երեխա հիվանդանալու համար պիտի տաքսի բռնեն, գնան հասնեն Իջևան կամ Դիլիջան, պատկերացնում եք դա ինչ ա  գյուղի համար; Այսքան  երեխեք կան մի գյուղում-  23 երեխա է այս տարվա մեջ ծնվել: Պատկերացնում եք ամեն  երեխու համար պետք է  տաքսի բռնեն , հասնեն Իջևան կամ Դիլիջան , որ իրենց երեխուն մի դեղ առնեն: Այս հարցերի մասին ով պիտի մտածի:  Գիտեք,  քաղաքապետը , որ եկավ,  ճիշտն ասած, մենք ասեցինք, այդ  հարցը դրեցինք, ասեցինք, որ մանկապարտեզ չունենք, բուժկետ չունենք, տրանսպորտ չունենք; Դե  մեզ խոսք են տվել որ կանեն,  կօգնեն , բայց մինչ օրս ոչ մի բան չկա, ոչ մի բան չի առաջադիմել, – պատմում է   Ալվարդ Չատինյանը, նկատելով, որ ընտրություններից հետո արդեն 9 ամիս է անցել:

 

Խոշորացող համայնքներ գաղափարը միտված է համայնքների բարեկեցությանը, նոր ծրագրերի իրականացմանը, փոքր համայնքների  խնդիրների արդյունավետ  լուծմանը: Սակայն  այն փաստը , որ կանանց մասնակցությունը ավագանիների կազմում ակնհայտորեն պակասում է , կարող է հարցականի տակ դնել այն դրական ակնկալիքները, որոնք դրված են խոշորացման գործընթացի հիմքում: Անհրաժեշտ է նոր մեխանիզմներ մտածել, որոնք թույլ կտան  ներգրավել  ակտիվ կանանց ներուժը իրենց իսկ համայնքերին վերաբերող որոշումների ընդունմանը:

 

 

Հեղ. Նաիրա Խաչիկյան

 

Հ.Գ.  Նշենք, որ հոկտեբերի 2-ին  Շիրակի և Վայոց Ձորի մարզերի խոշորացված վեց համայնքներում կայացած  ընտրությունների  արդյունքներով,   բոլոր համայնքներում, բացի մեկից արձանագրվել է հետընթաց կանանց ներկայացվածության առումով:   Ընդահանուր առմամբ, կանանց ներկայացվածությունը նշված  6  խոշորացված  համայնքներում պակասել է երեք անգամ՝ մինչ խոշորացումը եղել է  15%, իսկ խոշորացումից հետո  5% է:

 

Նույն պատկերն է   մինչ այդ  սեպտեմբերի 18-ին խոշորացված համայնքներում անցկացված ընտրությունների արդյունքներով:  Ութ  խոշորացված համայնքներում՝ Գորիսում, Մեղրիում, Գորայքում, Տեղում , Այրումում, Նոյեմբերյանում, Կողբում  և Ուրցաձորում ,  սեպտեմբերի 18-ին անցկացված ընտրությունների արդյունքում  կանանց  ներկայայացվածությունը միավորված  համայնքների ավագանիներում  կիսով չափ պակասել է ՝  10%-ից  խոշորացումից առաջ մինչեւ 5.5 % խոշորացումից հետո:

 

Հիշեցնենեք, որ փետրվարի 14-ն  երեք  խոշորացված   համայնքներում՝  Դիլիջանում, Տաթևում,  Թումանյանում  անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում   ընտրված ավագանիների  կազմում   կանանց  ներկայացվածությունն  տոկոսային հարաբերությամբ նույնպես կրճատվել  էր երեք անգամ ՝   մինչ խոշորացումը  համայնքների ավագանիներում   նրանց ներկայացվածությունն ընդհանուր թվով    9,2  տոկոս էր կազմում , իսկ  խոշորացումից հետո  հետ՝ 2,8 տոկոս է:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում

 

 

ԿԱՆԱՅՔ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է

 

 

Սեպտեմբերի 18, արդյունքներ. Խոշորացված համայնքների ավագանիների մեծ մասում կանայք ընդգրկված չեն/ լրացված

 

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

 

Դիտումների քանակը` 3801

Գլխավոր էջ