Վիոլետա Կրասնիչ. «Տեսնում եմ ուժեղ, հնարամիտ և կայուն կանանց հկ-ների և ցանցերի միասնությունը »
Վիոլետա Կրասնիչ,
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն, Կանանց համար գլոբալ հիմնադրամ
– Այս համաժողովը կազմակերպվել է նոր համաշխարհային մարտահրավերի պայմաններում, երբ տնտեսական ճգնաժամը շատ ուժեղ ազդում է մեր հնարավորությունների և ներուժի վրա: Ահա թե ինչու այսօր մենք քննարկում ենք կանանց իրավունքների տնտեսական ասպեկտները, այսօր դա գլխավորն է բոլորի համար: Այս համատեքստում է պետք փնտրել կանանց ուժեղացման և կանանց շարժման ամրապնդման հնարավորությունները:
Մենք այստեղ նրա համար չենք, որ փոխենք ռազմավարությունը: Մենք այստեղ ենք, որ գտնենք այսօր գոյություն ունեցող ռազմավարություններն ուժեղացնելու հնարավորություն: Կարող եմ վստահությամբ ասել, որ տարբեր քննարկումների ընթացքում մեր հիմնադրամի բոլոր ռազմավարությունները հաստատվել են: Մենք նախկինում էլ գիտեինք և հիմա ավելի լավ գիտենք այն մասին, որ պետք է աշխատել կանանց ոչ կառավարական կազմակերպությունների և ակտիվիստների ներուժի ուժեղացման վրա, ու դրա համար միջոցներ են անհրաժեշտ: Տարածաշրջանում կանանց կազմակերպությունների ֆինանսավորման իրավիճակը բավական դժվար է, երբեմն այն վերափոխվում է հանուն գոյատևման պայքարի, հանուն իր օրակարգի պահպանման, հանուն դժվարությամբ սկսած գործը շարունակելու հնարավորության:
Երբ խոսում ենք կանանց շարժման ինստիտուցիոնալացման մասին, շատերը կարծում են, որ խոսքը ցանցերի մասին է, որոնց մասին բոլորը գիտեն, և որոնց նպատակները պարզ են: Դա անշուշտ պետք է, սակայն դա պետք է տեղի ունենա յուրաքանչյուր առանձին կազմակերպության ինստիտուցիոնալ ուժեղացման միջոցով: Սա է մեր համոզմունքը և մեր գլխավոր ռազմավարությունը: Այն ողջ աշխարհում կանանց խմբերի և կազմակերպությունների կայացման, ամրապնդման և փոխգործակցության մեջ է, որոնք միասին ուժեղացնում են կանանց շարժումը: Ես տեսնում եմ ուժեղ, հնարամիտ և կայուն կանանց կազմակերպությունների և ցանցերի աշխարհը, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ թե՛ ազգային և թե՛ գլոբալ մակարդակում ծառացած հիմնախնդիրների լուծման վրա:
Դիտումների քանակը` 3649