Վերաքննիչ դատարարանը բավարարեց երեխայից բաժանված մոր բողոքը

 Երեկ  Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Նարինե Նիկողոսյանի բողոքը, ով հրապարակային պայքար է մղում  իր երեխային վերադարձնելու համար:  Դատարանը  հաստատեց այն փաստը, որ «երեխային ծնողից հեռացնելու» հոդվածով հարուցված քրեական գործի կարճումն անհիմն է եղել:

 

 

Հիշեցնենք,որ  քրեական գործը հարուցվել էր Նարինեի տված հաղորդման հիման վրա. մայրը պնդում է, որ իր նորածին  երեխային գողացել են իրենից՝ կեղծելով փաստաթղթերը: Քննչական բաժնում ամիսներ տեւած քրեական գործի քննությունն ապարդյուն էր անցել. գործը կարճվել էր: Նարինե Նիկողոսյանը  բողոքարկել էր քրեական գործի կարճման որոշումը, սակայն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը մերժել էր  նրա բողոքը: Վերաքննիչ դատարանը  բեկանել է Լեւոն Ավետիսյանի կայացրած որոշումը` փաստելով, որ քննությունը չի կատարվել համակողմանի եւ օբյեկտիվ:

 

 

«Անկեղծ ասած` ես էլ չէի հավատում, թե արդար վճիռ կարող է լինել, հաշվի առնելով նախորդ դատավորի վերաբերմունքը, թե իմ, թե գործի նկատմամբ»,- «WomenNet.am»-ի հետ զրույցում ասաց Նարինե Նիկողոսյանը, ով  իր երեխայի ծնվելուց  հետո չի տեսել նրան արդեն երկու տարի:

 

Նարինեի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ոստիկանության Զեյթունի բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանը սույն գործով նախ օբյեկտիվ քննություն է իրականացրել, սակայն երբ եկել է հանցագործության բացահայտման պահը, քննիչը այնպես է վարել գործի շարունակությունը, որ հանցանք կատարողները  մնացել են անպատիժ, իսկ երեխան՝ իր հարազատ մորից բաժանված:

 

 

Նարինեի փոքրիկն  այժմ ապրում է Արցախում՝ տարեց մարդկանց՝ Էդիսոն Ադյանի եւ իր կնոջ  խնամակալության ներքո: Նրանք,  ինչպես պարզվեց գործի ընթացքից,  տարիներ առաջ երեխա են ունեցել, ով մահացել է, եւ դրանից հետո  այլեւս չեն կարողացել երեխա ունենալ: Էդիսոն Ադյանը, ով ըստ կեղծված փաստաթղթերի, ներկայանում է  որպես  Նարինեի երեխային  հայր, իրականում երեխայի կենսաբանական հայրը չէ. «Նույն գործով երեխայի իսկական հայրն է ցուցմունք տվել, որ ինքն է ծնողը: Սակայն քննիչը փորձաքննություն չի նշանակել, որով կբացահայտվեր, թե ով է իրական հայրը»,- ասում է փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

 

 

Էդիսոն Ադյանը   հրաժարվում է  գենետիկական փորձաքննությունից եւ հայտարարում է, որ իր համար էական չէ` ինքն է երեխայի կենսաբանական հայրը, թե չէ. «Ես եմ պահելու էդ երեխային»,- վստահեցնում է տարեց տղամարդը: Նարինե Նիկողոսյանը պնդում է, որ Էդիսոն Ադյանը իր բարեկամների եւ բուժող բժշկի օգնությամբ ուղղակի առեանգել են իր  նորածին երեխային, իսկ  իրեն  գումար առաջարկել  երեխայից հրաժարվելու համար:

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Դատարանը մերժեց մոր բողոքը. «Ցավում եմ, որ երեխաս դեռ նրանց մոտ է…»

 

«Ոչ միայն Նարինեին են մայրությունից զրկել, այլեւ փոքրիկին՝ մանկությունից»

 

«Վերադարձրեք երեխային»՝ պահանջ ՀՀ գլխավոր դատախազությանը

 

Երեխայի «հայրը» չի ցանկանում գենետիկական փորձաքննություն անցնել

 

 

 

Դիտումների քանակը` 3053

Գլխավոր էջ